ՍՐՃԱՐԱՆՆ ՈՒ ԿՐՊԱԿԸ ԿԽԱԹԱՐԵ՞Ն ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների մեկնարկն արդեն ազդարարված է: Ինչպես հայտնի է` ստորագրվել է գրողի` Դսեղի տուն-թանգարանում ենթակառուցվածքների շինարարության համար համագործակցության համաձայնագիր, համաձայն որի՝ ՀՀ մշակույթի նախարարության մշակած նախագծով եւ բարերար Աշոտ Տիգրանյանի տրամադրած 8 միլիոն դրամով տուն-թանգարանում կկառուցվեն հուշանվերների կրպակ, սանհանգույց, փոքրիկ սրճարան: Ավելի վաղ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն փաստը, որ Դսեղի տուն-թանգարանի բակում 14 եղեւնի էր հատվել: Իսկ ահա ենթակառուցվածքների շինարարությունը ներկայացվեց որպես օդանավում կայացած հանդիպման (մշակույթի նախարարը բարերարին հանդիպել էր օդանավում, քննարկվել էր ենթակառուցվածքների ստեղծման հարցը, Տիգրանյանը խոստացել էր օգնել-հեղ.) հաջող արդյունք:

Բայց արդյո՞ք տուն-թանգարանում սրճարան կամ հուշանվերների կրպակ կառուցելը, իսկապես, հաջող նախաձեռնություն է: Հարց է ծագում` դրանց առկայությունը չի՞ խաթարի Դսեղի տան տեսքը, թումանյանական միջավայրը: Ընդամենը մի քանի օրից բանաստեղծի ծննդյան օրն է, եւ, թերեւ, դա էլ կարող է եւս մեկ առիթ հանդիսանալ հանրության ուշադրությունը նշյալ հարցերի վրա բեւեռելու համար:
Նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանն այն կարծիքին է, որ մշակույթի նախարարությունն ուզում է այդ կերպ փող աշխատել. «Արվեստի անվան տակ սրճարան, հուշանվերների կրպակ կբացեն, արդյունքում կտուժի Թումանյան բանաստեղծը, թումանյանական գաղափարը: Մշակույթի նախարարությունում սա հասկացողներ չկան»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա:
Իսկ ռեժիսոր, «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանն այն համոզման է, որ ամեն բան կախված է նախագծի իրականացումից. «Ցանկալի կլիներ, որ նախագիծը դրվեր հանրային կամ, գոնե, մասնագիտական քննարկման: Եկեք հանրային քննարկում պահանջենք: Եթե ճաշակով մոտեցում ցուցաբերվի, մենք մշակութային միջավայր չենք կորցնի: Ի դեպ, ասեմ, որ ժամանակին պետությունը եւ Թումանյանի ժառանգները մի կարեւոր հնարավորություն են բաց թողել: Դսեղի տան հարեւան տունը, որը Թումանյաններին էր պատկանում, կարող էր անցնել տուն-թանգարանի տրամադրության տակ եւ նպաստել միջավայրի ձեւավորմանը: Այդ տան հին, կղմինդրածածկ տանիքը իր տեսքով կարող էր ներդաշնակվել Թումանյանի տանը: Այնինչ՝ այդ տան սեփականատերը ցածր մակարդակով անում է այն, ինչ պետք է պետությունն աներ: Այդ տանն իրականացվում է հուշանվերների վաճառք` հաշվի առնելով զբոսաշրջիկների ակտիվ հոսքը թանգարան: Եթե, օրինակ, այդ գործունեությունն իրականացվի ավելի քաղաքակիրթ ձեւով, ես գոհ կլինեմ»,-մեկնաբանեց նա:
Պարոն Մաթեւոսյանը նշեց, որ Եվրոպայի մի շարք տուն-թանգարանների, մշակութային այլ կառույցների հարեւանությամբ տեսել է սրճարանների, վաճառքի կետերի տեղակայման հաջող եւ անհաջող օրինակներ. «Քյոլնի Մայր տաճարում, օրինակ, պատի մեջ դրամի փոխանակման, հուշանվերների վաճառքի կետեր կային: Այսպիսի օրինակներ չեմ ուզենա ունենանք: Տեսել եմ նաեւ Ֆրանսուա Մորիակի թանգարանը Ֆրանսիայում: Դա գտնվում էր կալվածքում, որի հարեւանությամբ առկա էր փորքիկ սրճարան: Դա բետոնապատ շինություն չէր, այլ ժուժկալ մի կառույց, որը չէր աղավաղում տան տեսքը»,- հավելեց մեր զրուցակիցը:
Թեմայի շուրջ առավել կտրուկ դիրքորոշում ունի գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը. «Դեմ եմ թանգարանի տարածքում կրպակ, սրճարան կառուցելու գաղափարին, ինչ կարգի հիմնավորումներ ու պատրվակներ էլ որ բերվեն: Եթե մարդիկ չեն կարողանում մի տարրական բան հասկանալ, այն, որ թանգարան ասվածը միայն առանձին շինություն չէ, պետք է ապահովել նաեւ դրա պատմական միջավայրը, որեւէ մեկի հետ բանավիճելն արդեն դառնում է անիմաստ: Մի բան հստակ է. մշակույթի օջախներն առեւտրի կենտրոնների վերածելու վտանգավոր միտում կա: Սա արվում է միայն այն բանի համար, որ որոշակի եկամուտներ ապահովեն: Այնինչ՝ մշակութային օջախը չի կարող դառնալ կոմերցիոն ձեռնարկություն: Մշակույթը չի կարող ինքնաբավ լինել. այն անհրաժեշտ է պահել»,-նշեց նա:
Գրականագետի կարծիքով` արտերկրի օրինակն ամեն անգամ մատնացույց անելն անհեթեթություն է. «Տարբեր երկրներ տարբեր բաներ կարող են անել, տարբեր ժողովուրդներ տարբեր պատկերացումներ կարող են ունենալ: Արտերկրում մի շարք եկեղեցիներ երեկոյան վերածվում են երիտասարդների համար ժամանցի վայրերի, կազմակերպվում են համերգներ եւ այլն: Մե՞նք էլ այդպես վարվենք: Թող մեր մշակույթը արտերկրի համար դառնա չափանիշ»,-շեշտեց նա:
Մեր զրուցակիցը վերջում հավելեց, որ եթե մեր մշակույթի գործիչները մտահոգված են զբոսաշրջիկների համար սրճարան բացելու հարցով, կարող են դա իրականացնել Դսեղի ցանկացած անկյունում. «Փառք Աստծո, գյուղը մեծ չէ, եւ զբոսաշրջիկներին տեղաշարժվելը հոգս չի պատճառի»,-եզրափակեց նա:

 

 

 
«ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԶՈՀ ԳՆԱԼ»

«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի երգի խոսքերի հեղինակ, «Հյուսիս-հարավ» ֆիլմի սաունդթրեքի կատարող Գրիգոր Կյոկչյանն իր մասնակցությունն է ունեցել հերթական հեռուստանախագծում: Հենց նրա հեղինակած երաժշտությունն է հնչում «Գնված երջանկություն» 20 մասանոց ֆիլմի ընթացքում («Արմենիա Պրեմիում»): Ի դեպ, Գրիգորն էլ կատարում է երգը: «Սա առաջին անգամ է, որ իմ գրած երաժշտությունը մոդիֆիկացվել է եւ օգտագործվել ողջ ֆիլմի ընթացքում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց նա:

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում 2015-ին Հայաստանը ներկայացրած երգիչը ուրախությամբ տեղեկացրեց, որ միջազգային մրցույթի մասնակցելու նոր հրավեր ունի. ««Նոր ալիք»-ից հետո ինձ տեսել ու հրավիրել են մասնակցելու «Ղրիմի ձայնը» մրցույթին, որը կազմակերպվում է առաջին անգամ: Այսինքն` որեւէ քասթինգ չի եղել, այլ պարզապես հրավեր: Մրցույթին կներկայանան 15 երկրների մասնակիցներ: Քանի որ «Ղրիմի ձայնը» իր առաջին փորձերն է անում, չէի ցանկանա, այսպես ասած, փորձարկման զոհ գնալ: Ուստի ուզում եմ հասկանալ` որքանով է մրցույթը լուրջ: Չնայած չեմ կարծում, որ եթե այն լուրջ չլիներ, ամերիկացի երգիչ Բեյբիֆեյսը (Babyface) համաձայներ դառնալ միջազգային ժյուրիի 5 անդամներից մեկը: Մրցույթում հաղթելու դեպքում մասնակցին հնարավորություն կտրվի ձայնագրվել Նյու Յորքի հայտնի Platinum Studio-ում: Կարծում եմ` լավ հնարավորություն է, հիմա պետք է հասկանամ` արժի երկու ամիս շարունակ բոլոր ռեսուրսներն ուղղել այդ կողմ, թե ոչ»,-մեկնաբանեց Գրիգորը:
Մեր զրուցակիցը հավելեց, որ շարունակում է երգեր գրել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների համար: Վերջին համագործակցություններից մեկն էլ եղել է Արփի Գաբրիելյանի հետ, ով, Գրիգորի խոսքով, կշարունակի երգչուհու կարիերան:
Բացի այդ` երգիչը նշեց, որ երկու ամիս անց հանդիսատեսի դատին կներկայացնի իր համար շատ կարեւոր մի տեսահոլովակ. «Հնարավոր է` այն նկարահանված լինի դուետի հիման վրա: Այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի»,-եզրափակեց Գրիգորը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ
ՀՀ 6 ստեղծագործական միություններ արտոնություններ կստանան: Երեւանի ավագանին փետրվարի 14-ին կայանալիք նիստում 6 ստեղծագործական միությունների համար գույքահարկի գծով արտոնություններ է սահմանելու: Հայաստանի գրողների միությանը, օրինակ, կտրամադրվի արտոնություն` 1.686.9 հազար դրամի չափով, Հայաստանի նկարիչների միավորմանը՝ 6.987.9 հազար դրամ, իսկ «Հայաստանի թատերական գործիչների միավորմանը՝ 1.782.0 հազար դրամ: «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորմանը կտրամադրվի արտոնություն` 1.871.9 հազարի, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը` 4.911.6 հազար դրամի, իսկ «Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միավորմանը»` 378.7 հազար դրամի չափով:
Ըստ տեղեկանք-հիմնավորման՝ այս հասարակական կազմակերպություններն ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ եւ չեն կարողանում լուծել ոչ միայն ստեղծագործական հարցերը, այլեւ կատարել գույքահարկի գծով պարտավորությունները:

 

 

ԵՐԿՎՈՐՅԱԿԻ Է ՈՐԴԵԳՐԵԼ
Ամերիկացի հայտնի փոփ երգչուհի Մադոննան որդեգրել է զույգ աղջիկների Մալավիից: The Guardian-ը հայտնում է, որ նրան այդ իրավունքը տվել է Մալավիի գերագույն դատարանը: Պարբերականը տեղեկացնում է, որ 4-ամյա Ստելան ու Էսթերը մանկատնից են: Աղբյուրը հիշեցնում է, որ Մադոննայի համար սա Մալավիից երեխա որդեգրելու առաջին դեպքը չէ. աստղը 2006-ին որդեգրել է Դեւիդ Բանդային, իսկ 2009-ին` Մերսի Ջեյմսին: Նշենք, որ Մադոննան ունի 4 երեխա, որոնցից 2-ը կենսաբանական են, 2-ը` որդեգիր:

 

 

ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ԹՈՇԱԿԻՑ
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջեք Նիքոլսոնը պատրաստվում է վերադառնալ թոշակից ու վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ նկարահանվել ֆիլմի գլխավոր դերում: The Guardian-ը հայտնում է, որ դա լինելու է գերմանական արտադրության «Թոնի Էրդման» կատակերգության նոր` անգլալեզու տարբերակը:
Հիշեցնենք, որ Նիքոլսոնը թոշակի անցնելու մասին հայտարարել էր 2013-ին` պատճառաբանելով, որ իր համար բավական դժվար է հիշել տեքստերը:




Լրահոս