Սահմանամերձ մարզի բնակչությունը նվազում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտագաղթի արագ տեմպերը մեր երկրում շարունակում են պահպանվել: Վերջին 4 տարում՝ 2012-2016թթ., Տավուշի մարզի բնակչությունը նվազել է 8500-ով: Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2014թ.-ին 132 հազար բնակիչ կար մարզում, 2012թ.-ին՝ 134 հազար: Իսկ ահա 2016թ. Տավուշի մարզի բնակչությունը պակասել է՝ հասնելով 125 հազար 500-ի:

Դա նշանակում է, որ քառամյակում սահմանամերձ մարզի բնակչությունը մի քաղաքի չափով պակասել է: Նշենք, որ մարզի բնակչության նվազումը պայմանավորված է ծնելիության ցածր մակարդակով եւ մահացությունների մեծ թվով: 2013թ. Տավուշի մարզում ծնունդների թիվը եղել է 1520, իսկ 2015-ին՝ 1420: 2013թ. մարզում մահվան դեպքերի թիվը 1321 է, 2015թ.-ին՝ 1420: Բնակչության սոցիալական վատ վիճակը, գործազրկությունը, ապագայի հանդեպ լավատեսության բացակայությունը խանգարում են, որպեսզի տավուշցի ընտանիքները շատ երեխաներ ունենան:

Առողջապահական ծառայությունների վճարովի լինելը, առողջապահության ապահովագրական համակարգից սահմանագոտու բնակչության զգալի մասի զրկված լինելը, բնակչության ցածր եկամուտները պատճառ են մահվան դեպքերի տարեցտարի ավելացմանը: Տավուշի մարզի բնակչության խտությունը մեկ քառակուսի կիլոմետրի վրա կազմում է 46 մարդ, որը այլ մարզերի բնակչության խտությունից ցածր է շուրջ 2 անգամ: Սահմանամերձ մարզի բնակչության տարեցտարի նվազումը Հայաստանի անվտանգության լուրջ սպառնալիք է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս