Մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների եւ ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանի թիմակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպը նոր երանգներ է ստանում: Չի բացառվում, որ տեղի ունեցած միջադեպի գործով քննությունը տեղափոխվի հատուկ քննչական ծառայություն:
ՕՐՕ-ի հայտարարությունը
Եվ այսպես՝ մարտի 12-ին՝ երեկոյան, ՕՐՕ դաշինքը հայտարարություն էր տարածել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում առավոտյան «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անցկացրած հաջող քարոզարշավից եւ գյուղացիների ջերմ ընդունելությունից, թերեւս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի կողմից սպառնալիքներ են հնչեցվել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հասցեին: Ավելին՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել:
Արդյունքում՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 6 համակիրների բերման էին ենթարկել ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ ավելի ուշ ազատ արձակել:
Բացատրություն չեն տալիս
Սակայն, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի: Բանն այն է, որ ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, որը, ըստ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի տարածած տեղեկատվության, եղել է միջադեպը հրահրողը, ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի քրոջ որդին է, իսկ ահա միջադեպի կիզակետում եղել է հենց ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լ. Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը:
Ինչպես պարզեցինք՝ Լեռնիկ Երանոսյանը միակ անձն է եղել, որը միջադեպից հետո գնացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ հայտնել, որ իրեն ծեծել են, իսկ ինքն էլ «Մակարով» ատրճանակով կրակել է օդ: Ավելին՝ միջադեպի արդյունքում նրան եւ ոմն Միքայել Բաբոյանին տարբեր վնասվածքներով տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Իսկ ինչ են պատմել իրավապահների կողմից բերման ենթարկված 6 անձինք, ըստ էության՝ ոչինչ: Բանն այն է, որ գործով անցնող անձինք հրաժարվել են բացատրություն տալ, իսկ թե ինչու, հայտնի չէ: Երեկ մեզ տեղեկություններ հասան, որ բերման ենթարկվածները իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ տեղի ունեցած միջադեպի մասով որեւէ մեկնաբանություն կամ տեղեկություն չեն տարածելու, քանի որ նրանց այս քայլը կարող է օգտագործվել իրենց իսկ դեմ եւ, առհասարակ, վնասել քննության ընթացքին:
Ինչեւէ: «ժողովուրդ»-ին Ջրառատ համայնքում տեղի ունեցած միջադեպից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ համայնքում տարածված լուրերի` ՀՀԿ ներկայացուցիչների եւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջեւ միջադեպը մի քանի փուլերով է եղել: Նախ երկու կողմի ներկայացուցիչները միմյանց քաշքշել են համայնքի կենտրոնական մասում, սակայն ոստիկանների միջամտությունից հետո կիսատ թողած գործը որոշել են շարունակել միանգամայն այլ վայրում: Ըստ համայնքի բնակիչների՝ ծեծկռտուք հրահրած անձինք ոստիկանների միջամտությունից հետո նստել են իրենց մեքենաները եւ գնացել են դեպի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրին՝ նախորդ ՏԻՄ ընտրություններին նույն գյուղում իր թեկնածությունն առաջադրած Մելիք Մելքոնյանին (Ապոյին) պատկանող բենզալցակայան: Համայնքի ղեկավարը ընկերների հետ մտել է Վաղարշապատի մայրուղու վրա գտնվող Ապոյի բենզալցակայան, եւ սկսվել է ծեծկռտուքը:
Ինչու չեն խոսում
«Ժողովուրդ» օրաթերթը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց պարզել, թե ինչու դաշինքի համակիրները տեղի ունեցած միջադեպի հետ կապված որեւէ բացատրություն չեն տալիս: Մարտիրոսյանը, սակայն, ընդամենն ասաց. «Չեմ կարող ասել, յուրաքանչյուր անձի իրավունքն է»:
Իսկ ի՞նչ է մտածում այս մասին Ջրառատ համայնքի ղեկավար, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանը, որին, ըստ էության, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները համարում են միջադեպի հիմնական հրահրող: Մեր զանգին պատասխանեց այլ անձնավորություն եւ ներկայանալով որպես գյուղապետի օգնական՝ ասաց. «Ովքեր են իրեն մեղադրում, գործով քննութուն է գնում, ու կպարզվի, թե մեղավորն ով է, այլ բան չեմ կարող ասել»:
Փաստ է, սակայն, մեկ բան. երեկվա դրությամբ միջադեպի կապակցությամբ դեռեւս քրեական գործ հարուցված չէր: Եւ, ըստ էության, պարզ չէ, թե կոնկրետ ինչից է առաջացել վեճը, քանի որ մասնակիցները հրաժարվում են բացատրություն տալ: Հուսանք, որ քրեական գործ հարուցելուց հետո գործով անցնող անձինք կրկին հրավիրվելով քննչական բաժին՝ ցուցմունքներ կտան եւ կպարզաբանեն, թե ինչ է եղել:
Փոխոստիկանապետի եղբոր շուրջ
Այն, որ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում, գաղտնիք չէ: Ինչպես հայտնի է՝ նախորդ տարվա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում իրականացված բախումների ժամանակ ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը եւս ակտիվ մասնակցություն էր ունեցել:
Նրա ձեռքում լուսաձայնային նռնակ էր եղել: Աղմկահարույց դեպքից հետո վերջինիս լիազորությունները դարարեցվել էին: Կատարվածից անցել է շուրջ 8 ամիս, ու փոխոստիկանապետի եղբայրը այս գործի շրջանակներում վկայի կարգավիճակ է ստացել, իսկ գործով նախաքննությունը ՀՔԾ-ում դեռեւս շարունակվում է: Այսպիսով՝ հերթական անգամ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ անպատժելիության մթնոլորտում աղմկահարույց պատմություններում հայտնված պաշտոնյաները, տվյալ դեպքում՝ ՀՀ փոխոստիկանապետի եղբայրը, կրկին հայտնվում է քրեական պատմության մեջ: Չի բացառվում, որ այս գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվի հատուկ քննչական ծառայություն, քանի որ կիզակետում իրավապահ համակարգի ներկայացուցիչն է:
Տաթեւ Հարությունյան