Միջազգային քաղաքական ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է նախագահի ընտրությունը Ֆրանսիայում: Եվրոպայի ամենազանգվածային հեղափոխության բնօրրանում քաղաքական ակտիվ եռուզեռ է: Կարելի է ասել՝ այդ ընտրությամբ որոշվելու է նաեւ Եվրոպական միության ճակատագիրը, ինչն ինքնին շեշտակիորեն մեծացնում է մեկ երկրում ընթացող ընտրական գործընթացի կարեւորությունը:
Նախագահի պաշտոնը Ֆրանսիայում հիմնադրվել է դեռեւս 1848թ., ինչն էլ ապացույց է նախագահական կառավարչակարգի խորը ավանդույթի: Ֆրանսիան, ի տարբերություն ԵՄ-ի երկրների մեծամասնության, կիսանախագահական կառավարմամբ օժտված պետություն է: Այստեղ նախագահի լիազորությունները բավականին ընդգրկուն են: Թեեւ Ֆրանսիայում կա նաեւ վարչապետի հաստիքը, սակայն վերջինս առավելապես գործադիր իշխանության մենեջերն է, որը ապահովում է նախագահական քաղաքականության տեխնիկական կողմը: Այստեղ նախագահն է նշանակում եւ ազատում վարչապետին, նախագահում նախարարների խորհուրդը, վարչապետի ու խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ խորհրդակցելուց հետո ցրում պառլամենտը, նշանակում քաղաքացիական ու ռազմական պաշտոնյաներին եւ այլն: Հատկանշական է, որ Ֆրանսիայում նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, պաշտպանական խորհրդի նախագահողը:
Առավել ընկալելի պատկերացում կազմելու համար նկատենք, որ Ֆրանսիայում գրեթե այնպիսի կառավարման համակարգ է, ինչպիսին կար Հայաստանում մինչեւ 2005թ. սահմանադրական փոփոխությունները, որոնցով նախագահական լիազորությունները որոշակիորեն կրճատվեցին, թեեւ հիմնադրույթային իմաստով կիսանախագահական կառավարումը չխաթարվեց: Որքան էլ զարմանալի թվա՝ Սերժ Սարգսյանի հայրության ներքո գործող ՀՀԿ-ականների համար կառավարման նախագահական համակարգը չի խաթարել Ֆրանսիայի զարգացումը, ինչի հիմնավորմամբ, ի դեպ, 2015թ. փոխվեց Հայաստանի Սահմանադրությունը: Ֆրանսիայում գտնվել է կառավարման համակարգի հավասարակշռության ապահովման բանաձեւը նախ ժողովրդավարության արմատական երաշխավորմամբ, ապա եւ նախագահի ու երկպալատ խորհրդարանի քաղաքական հարաբերություններով` ագուցված արդար դատական համակարգով:
Ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ բոլոր նահանգներում քվեարկվող թեկնածուները ներկայացնում են պետության հիմնական երկու` Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունները, Ֆրանսիայում նախագահական ընտրություններին համապետական մակարդակով կարող են մասնակցել անսահմանափակ թվով մարդիկ: 2017թ. ապրիլի 23-ին նշանակված առաջին փուլին մասնակցելուց ձեռնպահ մնաց գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը, որի վարկանիշը, ըստ սոցիոլոգիական տարբեր հարցումների, չի հաղթահարում 5 տոկոսը: Քաջ գիտակցելով, որ ընտրություններում հաղթելու շանսեր չունի, նախագահը բավարարվեց 1 ժամկետով: Հատկանշական է, որ նրա նախորդը` Նիկոլա Սարկոզին, նույնպես պաշտոնավարեց նախագահական միայն 1 ժամկետ եւ ընտրություններում պարտություն կրելով՝ հեռացավ Ելիսեյան պալատից: Սարկոզիին չհաջողվեց նաեւ վերադառնալ նախագահական մրցավազք, քանզի 2016թ. նոյեմբերին կայացած ներկուսակցական ընտրություններում նա պարտություն կրեց` Ֆրանսիայի Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի կարգավիճակը զիջելով իր նախագահության օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ֆրանսուա Ֆիյոնին:
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը երկու փուլից բաղկացած ներկուսակցական քվեարկություն կատարեց, որտեղ երկու դեպքում էլ հաղթող դարձավ Ֆիյոնը: Նախկին վարչապետի նման տպավորիչ արդյունքները անակնկալ էին շատերի համար` հաշվի առնելով ամռանը արձանագրված նրա ցածր վարկանիշը: Սակայն Ֆիյոնը ունակ եղավ հեռուստատեսային բանավեճերում ոչ միայն թուլացնել նախկին նախագահին, այլեւ Ֆրանսիայում թերեւս ամենաժողովրդահաճ գործիչներից մեկը համարվող Ալան Ժուպիեյին:
Գործող նախագահի ցածր վարկանիշը ինքնին կաշկանդիչ նշանակություն ունի Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության համար: Ներքին պառակտումների ուղին բռնած, իշխանություն եղած ժամանակ հասարակության հույսերը չարդարացրած կուսակցությունում այդպես էլ չեն կարողանում գտնել իրենց անկման պատճառը: Հատկանշական է, որ նախագահ Օլանդին չառաջադրելով հանդերձ` Սոցիալիստական կուսակցությունը հանդես է եկել Բենոյ Համոնի թեկնածությամբ, որը կրկին երկու փուլով ընթացած ներկուսակցական քվեարկություններում հաղթանակ էր տարել:
Ֆրանսիայի ազգային ճակատ կուսակցության կողմից առաջադրվել է Մարի Լը Պենը, որը հայտնի է իր ծայրահեղական հայացքներով: Դրանք առնչվում են թե՛ Ֆրանսիայի ներքին խնդիրներին, թե՛ Եվրոպայի աշխարհաքաղաքական ու տնտեսական ապագային: Լը Պենը կուսակցությունը, կարելի է ասել, ժառանգել է իր հորից` Ժան Մարի Լը Պենից, որը, սակայն, բավականին մերժելի կերպար էր ֆրանսիական հասարակության աչքում: Դուստրը, սակայն, նկատելիորեն մեծ ժողովրդականություն է վայելում` ի հաճուկս իր գաղափարական ռադիկալ թեքվածության:
Այս ընտրություններում իսկական անակնկալ է մատուցում Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, որը նախորդ ապրիլին է հիմնել իր «Դեպի առաջ» սոցիալ-լիբերալ ուղղվածություն ունեցող կուսակցությունը: Նա ամենաերիտասարդ թեկնածուն է այս ընտրապայքարում եւ երբեւէ ընտրովի պաշտոնի համար չի պայքարել: Այս հանգամանքն էլ զգալիորեն թուլացնում է Մակրոնի դիրքերը, թեեւ նա հստակորեն հանդես է գալիս եվրոպամետ գաղափարներով` այլընտրանք դառնալով Լը Պենին:
Բացի վերոնշյալ 4 խոշոր կուսակցությունների թեկնածուներից՝ նախագահի պաշտոնի համար 2017թ. պայքարում են եւս 7 թեկնածուներ, որոնց ներկայացնում են Նոր հակակապիտալիստական կուսակցությունը, Համերաշխություն եւ առաջընթաց կուսակցությունը, Ժողովրդահանրապետական միավորումը եւ այլն: Այս թեկնածուները գրեթե շանս չունեն թե՛ հաղթելու, թե՛ երկրորդ փուլ անցնելու համար, սակայն նրանց ներկայությունը արդեն իսկ հուշում է, որ առաջին փուլով Ֆրանսիայում նախագահ չի ընտրվելու: Հաջորդիվ կանդրադառնանք Ֆրանսիայի նախագահի պաշտոնի իրական հավակնորդների քաղաքական հետագծին ու ապագայի տեսլականին` պարզելու համար, թե ինչպիսի քաղաքականություն կվարի Եվրոպայում Հայաստանի ամենաբարեկամ պետութունը:
Շարունակելի
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵՐԺԻ՞ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔԸ
ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում գործող «Արարատ» գինու գործարանի համար այս տարվա ապրիլի 14-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման հարցում կառավարությունը, հնարավոր է, արտոնություն տա եւ 3 տարի ժամկետով գանձումը հետաձգի:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է ձեռք բերել խմիչքների արտադրության եւ շշալցման հոսքագծեր, որով էլ ավելի կբարձրացնի արտադրության որակը եւ կավելացնի արտադրանքի ծավալները: Ըստ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության՝ «Արարատի գինու գործարանը նախատեսում է ներդրումներ կատարել շուրջ 3,1 մլրդ դրամի չափով՝ ներմուծելով տվյալ բնագավառում ժամանակակից սարքավորումներ: Ինչի համար գործարանի տնօրինությունը ներմուծվող ապրանքների մասով ակնկալում է ԱԱՀ-ի գումարների՝ երեք տարի ժամկետով հետաձգում: Մասնավորապես «Արարատ» գինու գործարանը նախատեսում է Բուլղարիայից ներմուծել 45 հատ ցիստերն, Իտալիայից՝ 2 հատ հոսքագիծ:
Տեղեկացնենք, որ ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգելու խնդրանքով ընկերությունը դիմել է կառավարություն: Այսօր պարզ կդառնա՝ գործադիրը կընդառաջի՞ ընկերությանը, թե՞ ոչ: Իսկ մինչ այդ՝ ընկերության սեփականատեր Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 23 աշխատատեղ՝ 2017 թվականին՝ 162, 2018-ին՝ 185 եւ 2019-ին՝ 195 հազար դրամ միջին աշխատավարձով:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՆՁՐԵՎԱՅԻՆ ԵՂԱՆԱԿԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է
2015թ. «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանի եւ «Վենդոռ» ընկերության սեփականատեր Աշոտ Հայթյանի միջեւ կնքվել է պայմանագիր, որով մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով այդ ընկերությանն է տրամադրվել 3,18 հեկտար տարածք: Դրանից 1,4 հեկտարը Գոշ լճի հայելային մակերեսն է: Այդ ընկերությունը Գոշ լճի տարածք շինարարական ծանր տեխնիկա է մտցրել, լայնացրել, հարթացրել է Գոշի լիճ տանող ճանապարհը, լճից տիղմը հանել, կուտակել է ափերին: Դրա հետեւանքով լճի բնական միջավայրը խախտվել է: Գոշի լճից տիղմի դուրս բերելու, լճի ափերին փռելու հետեւանքով լճի հայելային մակերեսը նվազել է: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը բնապահպան ակտիվիստներին հայտարարել է, որ 3 օրվա ընթացքում Գոշի լճի էկոհամակարգի խախտումները վերացվելու են: Այդ ժամկետն անցել է, սակայն լճի շրջակայքում նույն պատկերն է: Լճի շուրջ իրավիճակի մասին զրուցեցինք «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Վաղինակ Վասիլյանի հետ: /Ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանն այժմ գտնվում է արձակուրդի մեջ/: Վ. Վասիլյանն ասաց, որ այժմ ինքը Գոշի լճի հետ կապված խնդիրներն է քննարկում «Վենդոռ» ընկերության ներկայացուցիչների հետ: Վասիլյանը հայտնեց, որ Գոշի լճի ափերին կուտակված տիղմի, լճից դուրս բերված ծառերի, տարածքից աղբի հեռացման աշխատանքներին խանգարում է անձեւային եղանակը, որի պատճառով տեխնիկան չի կարող մտնել անտառ: Ազգային պարկի տնօրենի տեղակալի հավաստմամբ` «Վենդոռ» ընկերությունը լճի մոտ ծառեր չի հատել, բնապահպանական խախտումներ թույլ չի տվել, հարթեցրել է Գոշ գյուղից դեպի Գոշի լիճ տանող ճանապարհը: Պաշտոնյան նաեւ վստահեցնում է` նշված ընկերությունը Գոշի լճի մոտ կապիտալ կառույցներ չի կառուցելու:
ԴԱՏԻՆ ՉԷՐ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ
Ապրիլի 18-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված էր Անուշ Ադամյանի դատը: Վերջինիս առաջադրված մեղադրանքի համաձայն՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, նա, անձանց մեղադրելով տեղի չունեցած հանցագործության մեջ, կատարել է սուտ մատնություն: Անուշն իրավապահներին հայտնել է, որ 2016թ. հոկտեմբերին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչներ Արթուր Ամիրյանը, Արմեն Առուստամյանը եւ ինքնությունը չպարզված մեկ այլ անձ իր ներկայությամբ թմրամիջոց են հյուրասիրել միմյանց, Ա. Առուստամյանը իրեն նույնպես առաջարկել է թմրամիջոց օգտագործել, սակայն ինքը հրաժարվել է: Ա. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Ա. Ադամյանը դատական առաջին նիստին չի ներկայացել, հաջորդ նիստը նշանակված է մայիսի 5-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ