Մենք կորցրինք ներքին զարգացման միջազգային ինստիտուտ. Ադրբեջանը մեզ վնասել է. Թևան Պողոսյանը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ առաջիկա օրերին փակվելու է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և բոլոր բանակցություններն ու ջանքերն այս ուղղությամբ անարդյունք եղան:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի հետ:

– Պարո՛ն Պողոսյան, Հայաստանը կարո՞ղ էր ինչ-որ բան անել՝  գրասենյակի փակումը թույլ չտալու համար:

– Մեր թշնամին, որը սահմանում մեզ կրակում է, մեզ վրա է կրակում նաև բոլոր միջազգային հարթակներում: Նա վետտո է դրել գրասենյակի բյուջեի վրա: Խնդիրն այն էր, որ կա Ավստրիան, որը պետք է բանակցություններ վարեր այս բոլոր խնդիրների համար:

Իրենք բանակցում էին, բայց ամեն դեպքում քո թշնամին վետտոն չի հանում: Հիմա կա երկու լուծում. կամ դու էլ ես վետտո դնում, կամ դու հարմարվում ես նրա հետ, որ ԵԱՀԿ-ն աշխատի, և դու կորցնում ես գրասենյակդ: Այսօրվա դրությամբ Հայաստանը չէր կարող ազդել Ադրբեջանի վրա, ցավոք սրտի, կազմակերպությունը չկարողացավ իր բոլոր ունակություններն օգտագործել, որ Ադրբեջանը վետտոն հանի: Ադրբեջանը գնաց այդ քայլին, որպեսզի Հայաստանին վնաս պատճառի:

–  Իսկ որո՞նք են վնասները:

– Այդ գրասենյակն ահռելի աշխատանք էր կատարում՝  ժողովրդավարության, մարդու իրավունքների, մամուլի ազատության, անվտանգության տարբեր հայեցակարգերի քննարկման և այլ դեպքերում: Կային բազմաթիվ ծրագրեր գերատեսչությունների հետ: Մենք կորցրեցինք մեր ներքին զարգացման մի միջազգային ինստիտուտի, որը մեզ և′ փորձ էր տալիս, և′ ֆինանսավորում էր և′ օժանդակում էր, որ մեր երկիրը զարգանա ԵԱՀԿ-ին հարիր արժեքների հիման վրա: Այսպես, թե այնպես, Հայաստանը գոյություն է ունենալու և զարգանալու է, բայց շատ ավելի դանդաղ տեմպերով, և դրանով Ադրբեջանը մեզ վնասել է: Բայց Հայաստանը կարող էր  մի կողմից օգտագործեր իր վետտոն:

– Իսկ ինչո՞ւ չօգտագործեց ըստ Ձեզ:

– Եթե վետտո դներ, մենք դրա մասին կլսեինք և կիմանայինք: Դառնում  էր երկու վետտո, և ԵԱՀԿ-ն ընկնում էր ավելի վատ վիճակի մեջ: Ես չգիտեմ, թե ինչպես է Հայաստանն աշխատել, բայց պատկերացրեք՝ ես վետտո եմ դնում, որ ուզում եմ գրասենյակը մնա, Ադրբեջանն էլ իր հերթին վետտոն չի հանում և պահում է. այդ դեպքում մենք կստանայինք մի անհասկանալի իրավիճակ, և մեր պահվածքը ևս կարող էր անհասկանալի լինել շատերի համար:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս