Մայիսի 7-ին՝ կիրակի օրը, կկայանա Ֆրանսիայի նախագահի ընտրության երկրորդ փուլը: Մրցապայքարում մնացել են երկու թեկնածուներ՝ Ազգային ճակատը ներկայացնող Մարին Լը Պենն ու Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը: Այսօր փորձենք ընթերցողին ներկայացնել եվրոպայի քաղաքական ամենահակասական գործիչներից Մարի Լը Պենին ու նրա դավանած գաղափարները։
Լը Պենը իր հարստությունն ու քաղաքական գործչի կարիերան, կարելի է ասել, ժառանգաբար է ստացել: Ֆրանսիական մամուլը բազմիցս է Լը Պենների՝ Փարիզի արվարձաններում խոյացող ընտանեկան առանձնատունը հռչակել Ազգային ճակատի կենտրոնական շտաբ, որտեղից ընտանիքը ղեկավարել է քաղաքական ուժի գործունեությունը: Աստիճանաբար ներքաշվելով կուսակցական եւ քաղաքական գործունեության մեջ՝ 2011թ․ Մարին Լը Պենը կուսակցության ղեկը վերցրեց իր հորից՝ ֆրանսիական աջ ծայրահեղականության հայտնի գործիչ Ժան Մարի Լը Պենից: Նա, ստանձնելով կուսակցության ղեկավարի պաշտոնը, փորձեց տարանջատվել հոր գաղափարներից՝ ավելի մեղմ քաղաքականության առաջարկներով հանդես գալով:
Եթե նրա հոր ղեկավարման շրջանում Ազգային ճակատը գերազանցապես ֆրանսիական քաղաքականության լուսանցքայիններից էր, ապա այսօր դստեր շնորհիվ ձեռնոց է նետել պահպանողականներին ու սոցիալիստներին: Հատկանշական է, որ նա իր հորն անգամ հեռացրեց կուսակցությունից այն հայտարարության համար, ըստ որի՝ Հոլլոքոստը պատմության սոսկ մի աննշան մանրամասնություններից է:
Ինչպես արդեն նշվեց՝ Լը Պենի ընտանեկան հարաբերությունները ամբողջովին քաղաքականացվել են կուսակցության ներսում: Որպիսի չարիք սա կդիտվի հայաստանյան պահպանողականության «տիտան» ՀՀԿ-ի եւ հատկապես Գալուստ Սահակյանի համար, որը կոչ էր անում չքաղաքականացնել անգամ ՀՀ Ազգային ժողովի ամբիոնը: Ինչեւէ, Լը Պենի նախկին երկու ամուսինները ժամանակին ակտիվորեն աշխատել են Ազգային ճակատում: Նույն կերպ աչքի է ընկնում նաեւ նրա ներկայիս կողակիցը՝ Լուի Էլիոտը, որը Ազգային ճակատի փոխնախագահն է, Մարին Լը Պենի զարմուհին էլ կուսակցության խոշորագույն իրավաբաններից է: Որքան էլ Լը Պենը հրաժարվեց կուսակցության ղեկավարի պաշտոնից նախագահական ընտրություններում «բոլոր ֆրանսիացիների» նախագահը դառնալու մեսիջ ուղարկելու ձգտումով, նրա անմիջական թիմակիցներն ու աջակցող հիմնական կորիզը շարունակում են մնալ ընտանեկան կապերով կապված գործիչներն ու Ազգային ճակատը: Լը Պենը փորձում է դրսեւորվել որպես անկախ ու կայացած գործիչ, որը Ֆրանսիայի առաջին կին նախագահը դառնալու իրական շանսեր ունի:
Դրանք հատկապես առնչվում են այն հանգամանքի հետ, որ Մարին Լը Պենը ցուցադրաբար տարանջատում է իրեն հոր հայացքներից ու գաղափարներից: Ավելին՝ նրա անձնական հմայքը նույնպես նշանակություն ունի ընտրողներին գրավելու իմաստով: Այնուամենայնիվ, սկզբունքորեն նրա եւ հոր միջեւ դժվար է մեծ տարբերություններ գտնել: Նույնիսկ նրա կողմից հրապարակված 144 կետանոց հռչակագիրը ակնհայտորեն գրված է հենց այդ ոգով: Նա սատարում է կուսակցության գիծը՝ կոշտ միջոցներ ձեռք առնել ներգաղթյալների դեմ եւ ամրապնդել սահմանային անվտանգությունը: Իր ընտրարշավի ընթացքում Լը Պենը որպես թիրախ հռչակել է մահմեդականներին՝ բացասաբար վերաբերվելով վերջինների էթնիկ-ազգային սովորույթներին:
Նա հիշեցրել է, որ Ֆրանսիայում կանանց հարգում են, չեն պարտադրում թաքցնել դեմքը, անկաշկանդ գինի են խմում, քննադատում կրոնն ու վայելում խոսքի ազատությունը: Նա պահանջել է նաեւ կասեցնել ոչ եվրոպական ներգաղթյալների մուտքի արտոնագրերը: Այս քաղաքականության համար Լը Պենը որպես առաջնահերթություն է ընդունել «ներգաղթը իր խստագույն նվազագույնին հասցնելու» սկզբունքը:
Նա անթաքույց կերպով միմյանց է կապում Ֆրանսիայում տեղի ունեցող ահաբեկչական ակտերը ներգաղթի ու ծայրահեղական իսլամի ներկայացուցիչների հետ: Պնդում է, որ ֆրանսիացիների շահերը պետք է գերակայեն ամեն ինչի ու յուրաքանչյուրի նկատմամբ: Լը Պենը հայտարարել է, որ ընտրվելուց հետո 6 ամսվա ընթացքում հանրաքվե է նշանակելու Եվրոպական Միությունը լքելու հարցի առնչությամբ: Նրա պոպուլիստական կարգախոսներն ու խոստումները վերլուծաբաններին հիշեցնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը նույնպես պարտավորվում էր պաշտպանել սովորական աշխատավորների ու ֆերմերների շահերը՝ ընդդեմ «չար վերնախավի»: Գլոբալիզացիան հռչակելով թշնամի՝ Լը Պենը նույնպես առաջարկում է պարփակվել սեփական սահմաններում ու տուրք տալ բացառապես Ֆրանսիայի հզորացմանը:
Ապրիլի 23-ին կայացած նախագահական ընտրության առաջին փուլում Մարին Լը Պենը վաստակել էր ընտրողների մոտ 22 տոկոսի աջակցությունը՝ հայտնվելով 2-րդ հորիզոնականում: Սոցիոլոգիական հարցումները համոզված պնդում են, որ երկրորդ փուլում նա, միայնակ մնալով Էմանուել Մակրոնի դեմ, պարզապես չի կարողանա հաղթել: Շատերն են հիշում 2002թ. նախադեպը, երբ նրա հայրը կրկին հասավ երկրորդ փուլ, սակայն պարտվեց Ժակ Շիրակին: Վերջինս այդժամ ստացավ մոտ 78 տոկոս ձայն՝ իր շուրջը համախմբելով Ֆրանսիայի քաղաքական գրեթե ողջ էլիտային: Սովորական քաղաքացիներն էլ իրենց հերթին էին շտապում ընտրատեղամասեր՝ կանխելու աջ ծայրահեղականության հաղթանակը: Պատմական նախադեպը հուշում է, որ Մարին Լը Պենը կարժանանա հոր ճակատագրին՝ անշուշտ, շատ ավելի մեծ թվով ձայներ ստանալով:
Ն. Հովսեփյան