Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր–Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել Ֆրանսիա–Հայաստան բարեկամական խմբի հետևողական աջակցությունը Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ առաջիկայում ակնկալվում են կարևոր իրադարձություններ։ Միաժամանակ, երկրի ղեկավարը շեշտել է, որ բոլոր մակարդակներում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին մեծապես գնահատելի է։
Ժիլբեր–Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի խորհրդարանների միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա–Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների լարվածության՝ այսօր Հայաստանում նկատվում է անդորր, որը միտված է դեպի խաղաղության։ Այդ առումով, Ժիլբեր–Լյուկ Դըվինազն ընդգծել է վարչապետ Փաշինյանի դերը և քայլերը՝ ուղղված խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։
Հաջորդիվ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանը, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության և այլն։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաների։






























