ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԾԵԾԵԼՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, անդրադառնալով մեր այն հրապարակմանը, որ ընտրություններից առաջ քաղաքական հրահանգի արդյունքում հայաստանյան մի շարք կալանավայրերից քրեական տարրերի են ազատ արձակել, ասաց. «Նախորդ տարվա համեմատ էական թվային, հիմքային տարբերություններ չկան, ուղղակի ենթադրություն է, կարծում ենք, որ ենթադրությունը որեւէ հիմք չունի, վիճակագրությունն էապես չի տարբերվում, իսկ տարբերությունը բարեփոխումների արդյունք է»:

-Պարո’ն Քրմոյան, այսինքն` ընտրություններից առաջ քրեական տարրերի տարբեր պատճառաբանություններով ազատ չե՞ք արձակել,- հետաքրքրվեցինք Սուրեն Քրմոյանից:
-Հայտնում եմ՝ քրեական պատիժների կատարման համակարգը գործում է հստակ օրենքի շրջանակներում, վիճակագրության որեւէ էական տարբերություն չկա, ավելին ասեմ, որ մենք ակնկալում ենք տարեցտարի պայմանական վաղակետ ազատման կամ այլ հիմքերով, նվազեցնելու ենք ՔԿՀ-ներում գտնվող անձանց թիվը՝ թե՛ դատապարտյալների, թե՛ կալանավորված անձանց:
-Քաղաքական հրահանգ չի՞ եղել նախարարությանը:
-Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ իրավասությունների շրջանակներում այդ մասով խնդիր չկա:
-Քրեակատարողական հիմնարկներում սարսափելի երեւույթներ կան, անգամ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ ուշադրություն հրավիրեց ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալների կամ կալանավորների կողմից հափշտակությունների դեպքերի վրա: Դատապարտյալ կա, որ ՔԿՀ-ից մոտ 500 քաղաքացու գույք է հափշտակել: Մարդկանց բանտից զանգահարում, խաբում են, ունեցվածք են հափշտակում, սակայն որպես պատիժ ընդամենը երկարաձգվում է ազատազրկվածի կալանքի ժամկետը, իսկ ՀՀ տուժած քաղաքացիները մնում են անօգնական: Ի՞նչ եք անում Դուք այս ուղղությամբ:
-Լուծվում են, սահմանափակվում են կապի միջոցները, միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի հնարավոր չլինի այդ կապի միջոցները ներս տանել եւ փուլային սկզբունքով, Դուք կտեսնեք, որեւէ հասանելիություն չեն ունենա, եւ խարդախության դեպքեր չեն գրանցվի, մենք բոլոր բացահայտված դեպքերից դասեր քաղել ենք: Խստացվում է մուտքի հսկողությունը:
-Միայն ասելով եք խստացնում, կոնկրետ ի՞նչ եք անում:
-Օրինակ՝ լրացուցիչ սարքեր են ձեռքբերվում, որը հնարավորություն է տալիս ավելի մանրակրկիտ զննություն կատարել, լավացնում ենք քրեակատարողական հիմնարկի սնունդը, որ փուլ առ փուլ նվազագույնի հասցնենք, որպես հանձնունք բերվող սնունդի միջոցով այլ իրեր ներս չտարվեն:
-Բայց հայտնի է, որ կալանավայրերի աշխատակիցների օգնությամբ են հեռախոսները ներս մտնում: Ինչո՞ւ Ձեր աշխատակիցներին քրեական պատասխանատվության չեք կանչում:
-Խնդրում եմ՝ վիճակագրությունը նայեք, թե ինչքան մարդիկ են ազատվել:
-Իսկ Դուք թիվ չեք կարո՞ղ ներկայացնել:
-Քրեակատարողական ծառայության կայքում կա, թե ինչքան մարդ է ազատվել:
-Հենց այս ամենի արդյունքո՞ւմ:
-Այո, եւ այս: Ավելին ասեմ, որ մենք փոփոխություններ ենք իրականացնելու «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում, նախկինում այդ հնարավորությունը չկար: Այսուհետ քրեակատարողական ծառայությունը, բացի նրանից, որ կազատի, նաեւ ֆինանսական պատասխանատվության միջոցներ կկիրառի արգելված իրեր, առարկաներ ՔԿՀ-ներ բերելու համար, լինի դա ծառայող, լինի դա անձի հարազատ: Բացի պատասխանատվության այլ միջոցներից` կարգապահական եւ քրեական, կլինի նաեւ վարչական: Ըստ այդմ, դասեր ենք քաղել եւ նոր գործիքակազմ ենք ավելացնում:
-ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով եւ նախարարության կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը: Այս համատեքստում մեկ հարց. արդյո՞ք կառավարության քաղաքականություն է լրագրողներին ծեծելը, տեսախցիկները կոտրելն ու չփոխատուցելը:
-Եթե Դուք մասնավորապես լրագրողների պաշտպանության մասով օրենսդրական բացեր եք տեսնում, քննարկենք: Կառավարության քաղաքականությունն է բոլոր դեպքերում ամրագրված, եթե քրեական օրենսգրքում նախատեսված հանցակազմ պետք է պատասխանատվության ենթարկվի, մենք օրենսդրությունը այդ տրամաբանությունից ելնելով ենք արել: Կարծում եմ, որ իրավապահ մարմինները նույնպես հետեւողականորեն կիրականացնեն այդ գործերի քննությունը եւ պատասխանատվություն կկիրառեն: Այստեղ կառավարության գործառույթի մասին խոսք լինել չի կարող: Այստեղ խոսքը գնում է օրենքով ամրագրված պատասխանատվության անշեղ կիրառումը իրավապահ համակարգի կողմից, կարծում եմ, որ այդ հարցադրումը պետք է արվի իրավապահ համակարգին:
Հ.Գ. Պարոն Քրմոյանի խորհրդով ՔԿՎ պաշտոնական կայքից տեղեկացանք, որ 2016թ. ընթացքում իրականացվել է թվով 231 ծառայողական քննություն, որից 44-ը՝ ՆԱԲ-ի կողմից, 187-ը՝ ՔԿՀ-Ի: Անցկացված ծառայողական քննությունների եւ ուսումնասիրությունների արդյունքում 155 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, նկատողություն՝ 02 անձ, խիստ նկատողություն` 43, պաշտոնի իջեցում` 2, ծառայությունից ազատում` 8 անձ: 6 ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, դադարեցվել են 9 ծառայողների լիազորությունները: Բայց փաստը մնում է փաստ, որ բանտից կալանավորները թալանում են ՀՀ քաղաքացիներին:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՊՆ-ԻՆ ԽԱԲԵԼ ԵՆ
ՀՀ պաշտպանության նախարարությանը խաբելու գործընթացը շարունակվում է, եւ նախարարությունը հիմա ընկել է դատարանի դռները, որպեսզի կարողանա հետ վերադարձնել իրենից հափշտակած գումարները:
«ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականի ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ «Դանինի» ՍՊԸ-ից բռնագանձվի շուրջ 51 միլիոն դրամ:
Նկատենք, որ «Դանինի» ՍՊԸ-ի անունը առաջին անգամ չէ, որ հայտնվում է աղմկալի պատմությունների մեջ: Դեռեւս 2013 թվականին ՀՀ վերահսկիչ պալատը իր տարեկան հաշվետվության մեջ աղմկալի բացահայտումներ էր իրականացրել նույն «Դանինի» ՍՊԸ-ի մասին: Ըստ այդ բացահայտումների՝ ՍՊԸ-ն հաղթող էր ճանաչվել պաշտպանության, կրթության եւ գիտության, արդարադատության նախարարությունների համար անհրաժեշտ ապրանքների ձեռքբերման մրցույթներում:
ՎՊ-ն բացահայտել էր, որ ՊՆ-ն «Դանինիից» 30 միլիոն 302 հազ. դրամ արժեքով կերակրի աղ է գնել, մեկ կգ-ն` 120 դրամով: Սակայն այդ աղը գնել էր «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ-ից, մեկ կգ` 114 դրամով: Այսինքն՝ եթե ՀՀ ՊՆ-ն աղը գներ արտադրողից, ապա գնային տարբերության հաշվին կտնտեսվեր 1 միլիոն 515 հազ. դրամ, սակայն այդ գործընթացը չէր իրականացվել: Ինչո՞ւ, թերեւս այն պատճառով, որ անհրաժեշտ է եղել այս ընկերությանը «գործ տալ», որպեսզի փող աշխատի պետության հաշվին:
Դեռեւս 2013 թվականին հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ «Դանինի» ՍՊԸ-ն փոխկապակցված է «Ավան» ունիվերսամի հետ, իսկ ահա «Ավան» ունիվերսամը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեփականությունն է: Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պատկանող ընկերությունը ՀՀ ՊՆ-ի «պասով» մեր զինվորների հաշվին գումար է աշխատել:
Հավելենք, որ դեռ 2012-ին, երբ բացահայտվեց ՊՆ-ին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու սկանդալային փաստը, ՀՀ կառավարությունը հրապարակեց այն ընկերությունների անունները, որոնք գոմեշի միս են ներկրում Հայաստան: Դրանց թվում էր նաեւ «Ավան» ունիվերսամը՝ դարձյալ Տարոն Մարգարյանը:
Եւ այսքան ձեռքբերումներից հետո հիմա «Դանինի» ՍՊԸ-ն սնանկացման ճանապարհին է, սկսվել է ընկերության լուծարման գործընթացը: Այսինքն՝ ՀՀ պետական մրցույթների առյուծի բաժինը շահած ընկերությունը պետության հանդեպ պարտավորությունները չմարելու համար սնանկացել է: Ու հիմա ՀՀ պաշտպանության նախարարությունը ստիպված է 51 մլն դրամ գումարը ստանալու համար դատարան մտնել սնանկ ընկերության՝ «Դանինի» ՍՊԸ-ի դեմ:
Իսկ մենք 1 տարուց ավել է՝ քննարկում ենք, թե ինչու է անորակ դիզվառելիք եղել զինտեխնիկայի մեջ, ինչու զինվորները փամփուշտ չունեին եւ այլն: Էլ որտեղի՞ց ունենան, եթե Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նմանները, որ բանակում անգամ չեն ծառայել, ՊՆ-ին անուղղակի կերպով «թալանում են»:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՀԱՎԱՔՆԵՐ
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում երեկ մեկնարկել են զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հնգօրյա հրամանատարական հավաքները: Զինված ուժերում «Հրամանատարում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքների ներդրման անհրաժեշտության, սահմանադրական բարեփոխումների, ռազմական արդյունաբերության ներկա վիճակի, ձեռքբերումների ու զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ զինված ուժերի կադրային քաղաքականության հարցերի վերաբերյալ դասախոսություններով եւ ելույթներով են հանդես եկել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արա Նազարյանը եւ Դավիթ Փախչանյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

 

 

ԷԼ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԻ
Օրեր առաջ փաստաբանների կողմից հարձակման ենթարկած Տիգրան Աթանեսյանը այլեւս չի ներկայացնի ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի շահերը: Այս մասին փաստաբանը գրել է ֆեյսբուքյան իր էջում. «Փաստաբանների պալատում առկա բացասական երեւույթների դեմ իմ պայքարում, ընթացող քրեական դատավարական գործընթացներում Վ. Գասպարյանի անվան շահարկումը բացառելու համար իմ եւ պարոն Վ. Գասպարյանի կողմից փոխադարձ համաձայնություն է ձեռք բերվել իմ կողմից իր շահերի ներկայացուցչությունը այսօրվանից դադարեցնելու մասին: Ցանկանում եմ հայտնել իմ խորին երախտագիտությունը ՀՀ ոստիկանության պետին ցուցաբերված վստահության համար»:

 

 

ԿԱՄՐՋԻ ՆՈՐ ՀԱՎԱԿՆՈՐԴ
Արտասահմանյան երկրները կարող են օգտվել Մինսկի հետ համագործակցությունից՝ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու համար: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է մի շարք երկրների դեսպանների հավատարմագրերն ընդունելիս: Նա հավելել է, որ Բելառուսը համագործակցության համար բաց է, ինչը հաստատվում է 2017-ի սկզբին 80 երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի 5-օրյա ռեժիմի սահմանմամբ:

 

 

ՍՊԱՌՆՈՒՄ Է ԵՄ-ԻՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե հրաժեշտ կտա Եվրամիությանը, եթե Բրյուսելը Թուրքիայի անդամակցության բանակցությունների օրակարգում նոր կետեր չներառի: «Կբացեք (կետերը)՝ կխոսենք, չեք բացի՝ ցտեսություն»,- ասել է Էրդողանը՝ կարծիք հայտնելով, թե այն, ինչի մասին Թուրքիան խոսել էր նախկինում, իրականացվել է: «Շուտով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է, այնտեղ էլ կխոսենք: Ներկայացրել են հինգ կետից բաղկացած ցանկ՝ Թուրքիայում արտակարգ դրության չեղյալ հայտարարելու եւ այլնի մասին: Եվ այն, որ առաջին քայլը Թուրքիան պետք է անի»,- ասել է Էրդողանը՝ Բրյուսելին կոչ անելով տեր կանգնել խոստումներին:




Լրահոս