ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ավետ Ավետիսյան փողոցում

Երեկ խոշոր հրդեհ է բռնկվել Ավետ Ավետիսյան փողոցում, մասնավորապես Ավետիսյան 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հրդեհի պատճառով երթեւեկությունը այս փողոցում կանգ է առել:

 

 
ՀԱՐՑ. Տղաս սովորում է Երեւանի տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետի ապահովագրական գործ բաժնի 2-րդ կուրսում: 1-ին կուրսը ավարտելուց հետո զորակոչվեց Հայոց բանակ: Զորացրվելուց հետո հիմա շարունակում է ուսումը: Ծառայել է Հադրութի շրջանում: Վարձը կազմում է 550.000 դրամ: Ուզում եմ իմանալ՝ նրան վարձավճարի զեղչ հասնո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե ոչ, խնդրում եմ պարզաբանել, ինչո՞ւ: Նշեմ, որ նրա զինվորական գրքույկում գրված է, որ մասնակցել է մարտական հերթապահության, մինչդեռ նա համարվում է պատերազմի մասնակից: Ի դեպ, 1-ին կիսամյակում վարձից 30 տոկոս զեղչ է արվել, իսկ հիմա պատճառաբանում են, թե բալերը բավարար չէ:

Արտակ Մխիթարյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցը կարգավորվում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1 մասով՝ բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ հետեւյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.
-մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին առնվազն 30 տոկոս:
Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել բարձրագույն ուսումանական հաստատությունների կողմից բակալավրի եւ մագիստրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:
Ինչ վերաբերում է 2016թ. ապրիլի 2-6 ընկած ժամանակահատվածում մարտական գործողությունների մասնակցած ուսանողներին, ապա համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2016թ. սեպտեմբերի 1-ի թիվ 01/06-2/10525-16 գրության, զինվորական գրքույկներում համապատասխան նշման առկայության պարագայում նրանց տրամադրվում է ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում (50 տոկոս եւ ավելի):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ուսման վճարը մասնակի փոխհատուցող ուսանողական նպաստների չափը սահմանում է եւ այն տրամադրելու գործառույթներն իրականացնում է բուհը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության
աշխատակազմի ղեկավար Նաիրա Հարությունյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ տնտեսագիտական համալսարանում 2014-2015 ուսումնական տարում զեղչվել է թվով 632 ուսանողի ուսման վարձ: Այս բուհում վճարովի հիմունքներով սովորողների թիվը 6 հազար 300 է:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ամուսնալուծությունից հետո ամուսնական գույքի բաժանումն ի՞նչ գործընթաց է ենթադրում:

Նելլի Թեւանյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ժառանգել կամ ստացել է նվիրատվության տեսքով, հանդիսանում է այն ամուսնու սեփականությունը, ով ժառանգել կամ նվեր է ստացել եւ ենթակա չէ բաժանման: Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած պարտավորությունները՝ վարկերը, պարտքերը, ամուսնալուծության ժամանակ նույնպես ենթակա են բաժանման:
Հայաստանի ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ անկախ հանգամանքից՝ կինն ու ամուսինը կամուսնալուծվեն, թե ոչ, իրավունք ունեն բաժանել ընդհանուր սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը: Ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ գույքի սեփականության իրավունքը չի դադարում ամուսնալուծությունից հետո:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ամուսնալուծության ժամանակ ենթակա է բաժանման միայն ամուսնության ընթացքում համատեղ կուտակած գույքը, այդ պատճառով գույքի բաժանման որոշում ընդունելիս առաջին հերթին անհրաժեշտ է ճշգրտել բաժանման ենթակա գույքի կառուցվածքը: Մինչ փաստացի ամուսնությունը ձեռք բերված գույքը ենթակա չէ բաժանման եւ բաժանվող գույքի կազմի մեջ չի մտնում:




Լրահոս