ԵՐԲ ՏԵՂՈՒՄ ՉԵՆ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: Թվում է, թե շատ կարեւոր գործ է անում ՀՀԿ առաջնորդը, սակայն իրականում քննարկված հարցերը լուրջ տարակուսանքի տեղիք են տալիս: Իշխանությունները մտադիր են նախորդ տարվա դեկտեմբերին ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբին առանձին կարգավիճակ տալ, բյուջեից ֆինանսավորել: «Սերժ Սարգսյանին, մասնավորապես, ներկայացվել են հակակոռուպցիոն նոր մարմնի կարգավիճակին, դրա կազմավորմանը եւ գործառույթներին, անկախության երաշխիքներին, ինչպես նաեւ բյուջետային ֆինանսավորմանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Իսկ ինչն է տարակուսելին. նախաձեռնությունը, մեղմ ասած, անհարմար դրության մեջ է դնում այն մարմիններին, որոնց գործառույթների մեջ է մտնում նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը։ Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարի առանձին ստորաբաժանումներ ունեն, ու այս քայլով Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ այդ կառույցները վատ են աշխատում: Իսկ եթե ստեղծվելիք նոր մարմնի գործառույթների մեջ մտնելու է միայն կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում օրենսդրական մեխանիզմների մշակումը, ապա այդպես էլ անհարմար վիճակում են հայտնվում ԱԺ-ն ու կառավարությունը. ի վերջո, օրենք գրելու գործառույթները Սահմանադրությամբ վերապահված են հենց այս երկու պետական մարմիններին: Ամեն դեպքում պետք է նկատենք, որ Սերժ Սարգսյանի իշխանությունն այս տարիներին հետեւողականորեն վարկաբեկել է պետական կառույցներն ու թուլացրել դրանք: Հերթական փորձը երեկ էր։

 

 

 
ՀՀԿ-ական Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր թիվ 2 ընտրատարածքում եւ ստացել 18 հազար 695 քվե, հրաժարվել է պատգամավորական մանդատից: Սա այն դեպքում, երբ նախընտրական շրջանում Արման Սահակյանը կատաղի պայքար էր մղում ձայն ստանալու համար, ընդհուպ մինչեւ ընդհարվելով նույն ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային մյուս թեկնածուների հետ: Երեկ «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվեց՝ եթե չէր գալու ԱԺ, ինչո՞ւ էր այդպես ինքնամոռաց պայքարում: «Ցանկացած մարդ, ով զբաղվում է քաղաքականությամբ, պիտի ենթարկվի իր քաղաքական թիմի որոշումներին: …Ես պատրաստակամ եմ աշխատելու եւ՛ գործադիրում, եւ՛ օրենսդիրում»,- ասաց նա: Փաստորեն, ՀՀԿ-ում պարզապես օգտագործեցին Արման Սահակյանին՝ ձայն ստանալու համար ու ժպիտով ճանապարհ են դնում: Ու տեսակետ կա, որ թեեւ Սահակյանն ինքն ուզում էր կառավարության փոխարեն խորհրդարան գնալ, բայց Սերժ Սարգսյանը չթողեց:

 

 

 
Պետական հիմնարկներում այս օրերին սկսվել է Երեւանի ավագանու ընտրությունների համար ՀՀԿ օգտին ցուցակների հավաքագրման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ խորհրդարանական ընտրություններից առաջ սկանդալում հայտնված դպրոցի եւ մանկապատեզի տնօրենները ոչ միայն դաս չեն քաղել խայտառակվելուց հետո, այլեւ շարունակում են էլ ավելի եռանդուն կերպով ձայների ու ցուցակների հավաքագրման գործընթացը: Մեզ հայտնի դարձավ՝ պետական հիմնարկների աշխատակիցներին հրահանգվում է կոնկրետ թվով ձայներ բերել, ընդ որում, եթե խորհրդարանական ընտրություններին տնօրենները յուրաքանչյուր աշխատակցի վրա 10 ձայնի պարտականություն էին դրել, ապա ավագանու ընտրություններում կրկնապատկել են պահանջը. յուրաքանչյուրը ՀՀԿ օգտին պետք է բերի 20 ձայն:

 

 

 
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը շարունակելով իր շողոքորթությունը՝ փորձում է Գագիկ Ծառուկյանից նեղացած պատգամավորների եւ Ծառուկյանի միջեւ միջնորդ հանդիսանալ, երկակի խաղի մեջ է։ Ինչպե՞ս, բացատրենք։ Նա թեեւ Ծառուկյանի անունից գնում, զանգահարում, զրուցում է բոլոր այն պատգամավորության թեկնածուների հետ, ովքեր մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել ու հակառակ ԲՀԿ առաջնորդի կամքի ցանկանում են պատգամավորի մանդատ ստանալ, մյուս կողմից իր որդին է դուրս եկել Ծառուկյանի դեմ։ Բանն այն է, որ ԲՀԿ-ն երբ հրապարակեց պատգամավորի մանդատից հրաժարվածների անունները, նրանց թվում էր Աբրահամ Մանուկյանի որդին` Արթուր Մանուկյանը։ Սակայն նա եւս Ծառուկյանից մյուս նեղացածների նման այդ դիմումից ԿԸՀ-ում հրաժարվեց։ Ասել է, թե Աբրահամ Մանուկյանը մի կողմից նպաստում է Ծառուկյանի դեմ թեկնածուների «ապստամբությանը», մյուս կողմից փորձում հաշտեցնողի դերում գտնվել:

 

 

 
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ
Այսպիսով՝ երեկ գրանցվեց ադրբեջանական դիվանագիտության հերթական հաղթանակը. երեկ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը դադարեցնում է իր գործունեությունը: Ըստ ՀՀ ԱԳՆ խոսնակի. «ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթ է ունեցել` հայտարարելով, որ, չնայած իրենց ներդրած ջանքերին, անհնար է եղել համաձայնության հանգել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ: Ինչպես հունվարին Մշտական խորհրդում կատարած հայտարարության մեջ, այնպես էլ երեկ ավստրիական նախագահությունը բարձր է գնահատել հարցին լուծում գտնելու ուղղությամբ Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը: Հայաստանի մոտեցումներն ըստ արժանվույն են գնահատվել նաեւ այլ մասնակից երկրների կողմից»: Թե ում են պետք այդ գնահատականները, արդեն կարեւոր չէ, քանզի փաստն այն է, որ ամիսներ ի վեր ԵԱՀԿ ղեկավարության, ինչպես նաեւ կառույցին անդամակցող մի շարք ազդեցիկ երկրների գործադրած ջանքերն ի զորու չեղան փոխելու Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը եւ օգտվելով որոշումների կայացման կոնսենսուսային կարգից՝ այդ երկիրը, փաստորեն, հասավ Երեւանյան գրասենյակի փակմանը: Եվ այն պնդումները, որ մեր ԱԳՆ-ի ներկայացուցիչն անում է, թե «Բաքուն արձանագրեց միջազգային ասպարեզում իր հերթական ձախողումը` խորացնելով անջրպետը իր եւ քաղաքակիրթ աշխարհի միջեւ» միանգամայն իրավացի լինելով հանդերձ, այնուամենայնիվ, չեն կարող մեզ համար լինել բալասան: Ի վերջո, մենք գրեթե ամեն շաբաթ ականատես ենք լինում այդ անջրպետի խորացման մի նոր դրսեւորման, սական միջազգային հանրությունն այդպես էլ իր կոշտ վերաբերմունքը չի արտահայտում այդ առնչությամբ: Առավելագույնը այս կամ այն եվրոչինովնիկի մակարդակով արվող հայտարարություններն են, որոնք, սակայն, կարճ ժամանակ անց մոռացվում են՝ մնալով անհետեւանք:
Այնինչ՝ Հայաստանը այս գրասենյակի փակումից էապես տուժեց, քանի որ երեւանյան գրասենյակը իրականացնում էր մի շարք կարեւոր ծրագրեր՝ կապված հատկապես ՀՀ սահմանամերձ գյուղերի հետ: Թե այսուհետ ով է անելու այդ աշխատանքը, պարզ չէ: Ոչ պակաս կարեւոր է նաեւ ԵԱՀԿ գրասենյակի գործունեության դադարեցման զուտ քաղաքական կողմը, քանզի այսպիսով եւս մեկ միջազգային կառույց, եւս մեկ վերահսկող աչք /թեեւ՝ ոչ բացարձակ արդյունավետ/ մեր իշխանությունների գործունեության նկատմամբ պակասում է, եւ սա, անխոս, ունենալու է իր զգալի բացասական ազդեցությունը մեր երկրում ժողովրդավարական համակարգի արմատավորման վրա: Եվ, վերջապես, ինչպես հայտնի է՝ Երեւանը Այսրկովկասում միակ երկիրն էր, որտեղ գործում էր ԵԱՀԿ գրասենյակ. թե՛ Բաքվում, թե՛ Թբիլիսիում նման գրասենյակները տարիներ առաջ փակվել են, եւ, այսպիսով, Երեւանը գոնե այս հարցում հանդիսանում էր տարածաշրջանային կենտրոնակայան: Բայց, փաստորեն, դա էլ չհաջողվեց պահպանել Ադրբեջան-Թուրքիա տանդեմի հետեւողական ջանքերի արդյունքում:




Լրահոս