ԿՈՌՈՒՊՑԻԱՅՈՎ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիայի դեմ պայքարի թեմայով Սերժ Սարգսյանի մոտ երեկ անցկացված աշխատանքային խորհրդակցությունը կարելի է համարել Հայաստանի պետական համակարգի անկարողության վկայություն:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը եւ միջանկյալ արդյունքները: «Սերժ Սարգսյանին, մասնավորապես, ներկայացվել են հակակոռուպցիոն նոր մարմնի կարգավիճակին, դրա կազմավորմանը եւ գործառույթներին, անկախության երաշխիքներին, ինչպես նաեւ բյուջետային ֆինանսավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Խորհրդակցության ընթացքում ընդգծվել է կոռուպցիայի արդյունավետ կանխարգելմանը վերաբերող այնպիսի հիմնարար խնդիրների ամբողջական լուծման կարեւորությունը, ինչպիսիք են՝ պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերի վերլուծությունը ու դրանց արժանահավատության ստուգումը, այդ նպատակով հավելյալ տեղեկատվության հասանելիության ապահովումը, ապօրինի հարստացման դեպքերի բացահայտման գործում իրավապահ մարմինների հետ համագործակցության ուժեղացումը, ինչպես նաեւ շահերի հայտարարագրման կառուցակարգերի ներդրման միջոցով շահերի բախման կանխարգելումը»:
Ուշադրություն դարձրեք այն փաստի վրա, որ իշխանությունները մտադիր են հակակոռուպիցիոն նոր մարմնին տալ համապատասխան կարգավիճակ եւ ֆինանսավորել պետական բյուջեից: Այսինքն՝ ստեղծվելիք նոր մարմինը լինելու է պետական առանձին գերատեսչություն՝ իր գործառույթներով, օրենսդրական երաշխիքներով ու զբաղվելու է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումներով:
Նկատենք, որ սա, մեղմ ասած, ապտակ է պետական կառավարման այն մարմիններին, որոնց օրենսդրությամբ սահմանված գործառույթների մեջ է մտնում նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը: Հայտնի փաստ է, որ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարի առանձին ստորաբաժանումներ ունեն, եւ հիմա նոր մարմնի ստեղծմամբ իշխանությունները ցույց են տալիս, որ այս կառույցները չեն կատարում կամ շատ վատ են կատարում իրենց վրա դրված պարտականությունները, որ եւս մեկ պետական մարմին ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել: Իսկ եթե ստեղծվելիք նոր մարմնի գործառույթների մեջ մտնելու է միայն կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում օրենսդրական մեխանիզմների մշակումը, ապա այդպես էլ ապտակ է հասցվում կառավարությանն ու ԱԺ-ին. ի վերջո, օրենք գրելու գործառույթները Սահմանադրությամբ վերապահված են հենց այս երկու պետական մարմիններին:
Երեկվա խորհրդակցությունն ուշագրավ էր մեկ այլ առումով եւս. Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսում է մի իշխանություն, որն ինքն է ձեւավորվել կոռուպցիայի արդյունքում: Հայտնի փաստ է՝ իշխանությունները վերջին բոլոր տարիներին գնել են ընտրողի ձայնը՝ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելով: Իսկ խորհրդարանական վերջին ընտրություններում ընտրակաշառքի բաժանումը հասավ աննախադեպ չափերի. այն համատարած բնույթ էր կրում: Արդյունքը եղավ այն, որ այսօր ՀՀԿ-ն չնայած վերջին 20 տարիներին գրանցած ձախողումներին, խորհրդարանում կրկին ունի բացարձակ մեծամասնություն: Ավելին՝ ընտրակաշառքի վերաբերյալ փաստերն իրենց զեկույցներում շեշտեցին միջազգային դիտորդական առաքելություններն ու օտարերկրյա դեսպանատները՝ ասելով, որ քաղաքական կոռուպցիան սպառնալիք է Հայաստանի ապագայի համար: Ընտրություններում համատարած բաժանված ընտրակաշառքի փաստը հաստատել էր նաեւ ՍԴ-ն՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի վերաբերյալ իր որոշման մեջ: «ՀՀ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ հանրային իշխանությունների առաջնահերթ խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնեցին միջազգային եւ տեղական դիտորդական առաքելությունները, մասնավորապես ընտրական գործընթացներում քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների առնչությամբ: …Դրա արմատախիլ անելը պետական քաղաքականության եւ երկրի իրավական անվտանգության ամրապնդման օրակարգի առաջնահերթություն պետք է դիտվի: Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, այդ թվում՝ ՀՀ ԸՕ-ի եւ ընտրական հետագա բարեփոխումների ճանապարհով, որով հնարավոր կլինի հաղթահարել ընտրական գործընթացներում քաղաքական կոռուպցիայի հնարավոր դրսեւորման իրավական ռիսկերը»,- սա էլ մեջբերում է ՍԴ որոշումից:
Այնպես որ, երեկվա խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը ճիշտ կաներ նաեւ այս խնդիրներին անդրադառնալ, քանի որ երկրում արմատավորված կոռուպցիան հետեւանք է առաջին հերթին հենց քաղաքական կոռուպցիայի, կեղծված ընտրությունների եւ իշխանության լեգիտիմության բացակայության:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՔԻՉ ՁԱՅՆ ԵՆ ԲԵՐԵԼ
«Ծառուկյան» դաշինքը վերջապես անդրադարձել է վերջին սկանդալին, երբ պատգամավորի թեկնածուները ետ վերցրին իրենց անունից ԿԸՀ տարված մանդատից հրաժարվելու դիմումները՝ ասելով, որ իրենք նման դիմում չեն ներկայացրել, տեղյակ չեն այդ ամենից: Երեկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարել է, թե այդ դիմումները գրել ու ստորագրել են թեկնածուները, եւ որ մեկ ձեռագրաբանական ուսումնասիրությունն էլ բավարար է՝ դա պարզելու համար: Միաժամանակ նա բացահայտել է պատճառները. «Պարոն Ծառուկյանի ու բոլոր թեկնածուների մեջ եղել է քաղաքական պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել նախընտրական շրջանում, կոնկրետ թեկնածուներից յուրաքանչյուրը դաշինքի համար ընտրողների ինչ քանակի վստահության քվե է ակնկալում ու պատրաստ է ձեռք բերել, եւ ընտրությունների արդյունքները վկայեցին այն մասին, որ թեկնածուների կողմից բարձրաձայնված քանակի անգամ կեսն էլ նրանք չեն կարողացել ապահովել, այնպես որ, այս բոլոր իրադարձությունները այդ պայմանավորվածության խախտման հետեւանք ու արդյունք են»,- ասել է նա:
Հիմա արդեն ամեն ինչ պարզ է. թեկնածուներից նախօրոք դիմումներ են վերցվել, եւ երբ պարզվել է՝ խոստացված ձայները նրանք չեն կարողացել ապահովել, Ծառուկյանն իրավունք է վերապահել դիմումներն ուղարկել ԿԸՀ: Միայն թե սա արվել է առանց թեկնածուներին նախօրոք տեղյակ պահելու: Բայց Ծառուկյանը նրանց նախապես տեղյակ չի պահել, որովհետեւ, ենթադրում ենք, դաշինքի նախընտրական ողջ ծախսերն ինքն է արել, ուստի եւ մտածել է, որ եթե ինքն է վճարել, ինքն էլ իրավունք ունի միանձնյա որոշել՝ ում գործուղի ԱԺ: Բայց հիմա անկախ այդ ամենից, այդ ձայն չբերած 8 թեկնածուները, միեւնույն է, գնում են խորհրդարան:
 

ԷԼԻ ԴԱՀԼԻՃ ՉԿԱ
Պարզվում է՝ Հայաստանի դատարաններում քրեական գործերի դատաքննությունները շատ հաճախ տեղի չեն ունենում ազատ դահլիճի բացակայության պատճառով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չի կայացել Երեւանի թիվ 64 հիմնական դպրոցի տնօրեն Անաիդա Շահնազարյանի գործով դատական նիստը, եւ պատճառը դատարանի դատական նիստերի դահլիճների ծանրաբեռնվածությունը, ասել է, թե բացակայությունն է եղել: Հիշեցնենք, որ դպրոցի տնօրենը մեղադրվում է 12 միլիոն դրամ յուրացնելու մեջ:
 

 

ՏՈՆՈՅԱՆՆ ԷԼ Է ՑԱՆԿԱՑԵԼ
Էնրիկո Ապրիամովը, որ նախօրեին ազատվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, երեկ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Եւ քանի որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը եւս այս գերատեսչություն է տեղափոխվել պաշտպանության նախարարությունից (նա փոխնախարար էր), «Ժողովուրդ»-ը Տոնոյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք իր հորդորով են Ապրիամովին իրեն տեղակալ նշանակել: «Ես էլ եմ ցանկացել»,- ասաց նա:

 

 

 
ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԴԺԳՈՀ Է
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ երեկ խիստ անբավարար է գնահատել գազալցակայանների կողմից մատուցվող ծառայությունների որակը։ «Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում եւ գազաբալոնների պայթման մի շարք դեպքեր, ինչը հատկապես պայմանավորված է դրանց նկատմամբ թերի վերահսկողության պայմանով: Խիստ մտահոգիչ է նաեւ, որ մինչ օրս առկա չէ գազալցակայաններում տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ», – ասել է վարչապետը։ Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարներին 1-ամսյա ժամկետում ներկայացնել համապարփակ առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ։

 

 

 

ՄԵԿ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՎ
Հայաստանի ԿԸՀ-ն հաստատել է քվեաթերթիկի նմուշը Երեւանի ավագանու ընտրությունների համար։ Այդ մասին որոշումը կայացվել է մայիսի 4-ին` ԿԸՀ-ի նիստի ժամանակ։ Ավագանու ընտրություններին, ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, քվեաթերթիկը առաջվա պես մեկն է լինելու (խորհրդարանական ընտրություններին յուրաքանչյուր կուսակցության կամ քաղաքական ուժի մեկական քվեաթերթիկ էր հասնում)։ Քվեաթերթիկում նշված է լինելու յուրաքանչյուր ուժից առաջադրված թեկնածուների առաջին եռյակը։ Այս անգամ քվեաթերթիկը կլինի ծրարի չափով, այնպես որ, այն ծալելու կարիք չի լինի։

 

 

ԹՈՒՐՔ-ՌՈՒՍԱԿԱՆ
«Գազպրոմ» ընկերությունը պատրաստ է առաջիկա մի քանի օրում սկսել խողովակներ տեղադրել «Թուրքական հոսք»-ի ծովային հատվածում։ Այս մասին ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ Է
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Երեւանում հանդիպել է Արցախի ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել Մոսկվայում նախորդ շաբաթ կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։




Լրահոս