Լևոն Զուրաբյանն արձագանքում է Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրը Սերժ Սարգսյանը հնչեցրած իր ուղերձում անդրադարձել էր նաեւ ԼՂ կարգավորման խնդրին եւ այդ հարցը նախընտրական շրջանում շոշափած քաղաքական ուժերին: Սարգսյանի խոսքով՝ դա քաղաքական ուժերի կողմից նպատակ ուներ վարկանիշ բարձրացնելու: Ասել է, թե Սարգսյանի այդպիսի հայտարարություններն ուղղված են եղել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին, քանի որ միայն այս քաղաքական ուժի ծրագրի առանցքային թեման էր ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը: Ինչեւէ, արդյո°ք վարկանիշ բարձրացնելու համար է դաշինքը դիմել նման քայլի եւ ինչպե°ս է պատասխանում Սարգսյանի մի շարք մեղադրանքներին.

«Ժողովուրդ»-ի զրուցակիցը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է:

-Պարո´ն Զուրաբյան, Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստի օրը, իր ուղերձում մի քանի անգամ խոսում է խոստումների մասին, որ մինչեւ 2040 թվականը պիտի իրականացվի: Շատերի կարծիքով՝ դա մեսիջ էր այն մասին, որ իրենք իշխանության են մնալու մինչեւ այդ ժամանակաշրջանը: Դուք ի°նչ կարծիքի եք այդ մասին:

– Սերժ Սարգսյանի ելույթի մեջ 2040 թվականը առանցքային տեղ է զբաղեցնում: Չեմ ալարել, հաշվել եմ, որ ամբողջ ելույթում այն հիշատակվում է 7 անգամ: Ճիշտ եք նկատել, որ քաղաքագետները դա մեկնաբանել են որպես մինչեւ 2040 թվականն առնվազն մնալու մտադրության մասին հռչակագիր: Այո, միգուցե, ցանկանում է այդպիսի հոգեբանակն տպավորություն թողնել, թե մենք պինդ ենք, ուժեղ ենք, շատ երկար կմնանք: Իհարկե, ենթատեքստով ասում է, որ վերջին ընտրություններից հետո այնքան ուժեղ դիրքեր ունեն, որ կարող են անցնել երկարաժամկետ քաղաքական պլանավորման:

Բայց, կարծում եմ, որ ավելի կարեւոր է մեկ այլ հանգամանք: Գտնվելով 2017թվակաում՝ Սերժ Սարգսյանն իր խոսքով թիրախային ցուցանիշներ է սահմանում  2040 թվականի վերաբերյալ: Դա առնվազն անլուրջ է: Ժողովրդավարական երկրի որեւէ քաղաքական գործիչ նման բան չի անում, քանի որ ժողովրդավարության խաղի կանոնների համաձայն, կարող է պատասխանատվություն ստանձնել միայն ընտրական ցիկլի ժամանակաշրջանի համար:

Սերժ Սարգսյանի ասածները նմանացնում են Խրուշչովի 1961 թվականի հայտնի ելույթը, երբ նա խոսում էր 1980 թվականի թիրախային ցուցանիշների մասին, ավելին՝ ասաց, որ «մենք կոմունիզմ կկառուցենք 1980 թվականին»: Սա մի պարզ քարոզչական հնարք էր, որը թույլ էր տալիս, մի կողմից, հույսեր ներշնչել ապագայի նկատմամբ, մյուս կողմից, խուսափել պատասխանատվությունից այդ պահին եղած եւ սպասվող ձախողումների համար, որոնք նման «գրանդիոզ» հեռանկարի պարագայում դառնում են ընդամենը ժամանակավոր բարդություններ: Սերժ Սարգսյանի խրուշչովյան այս հնարքի կան նաեւ վիճակագրական խորամանկություններ: Օրինակ, նա ասում է, որ մենք 2015 թվից սկսած մինչեւ 2040 թիվը  միջին տարեկան  5 տոկոս աճ կունենանք: Սա իրականում պատասխանատվությունից խուսափելու հնարք է, որովհետեւ եթե դու տալիս ես նման խոստում, նախ այդ խոստման կատարումը ստուգելու համար անհրաժեշտ է հանդուրժել այս իշխանություններին առնվազն մինչեւ 2040 թվականը: Երկրորդ՝ եթե անգամ ինքը եւս տաս տարի շարունակի այն ձախողումները, երբ ՀՆԱ-ն չի աճում, արտագաղթ է, ներդրում չկա, անգամ եթե առաջիկա 10 տարիներին մենք ունենանք ոչ թե աճ, այլ ՀՆԱ-ի անկում, միեւնույն է, դա որեւէ կերպ չի խախտում իր խոստումը, որովհետեւ ինքը խոստանում է 5 տոկոսանոց միջին տարեկան աճ մի ամբողջ ժամանակաշրջանի համար եւ տեսականորեն դա հնարավոր է ապահովել հետագա թռիչքաձեւ աճի դեպքում: Սա խրուշչովյան խորամանկությամբ դեմագոգիկ մի խոստում է, որը բնականաբար ոչ ոք չի պատրաստվում կատարել, այլ ուղղակի նման խոստումներով փորձում են մեղմացնել դժգոհությունը, որ կա իրենց իշխանության նկատմամբ:

– Սերժ Սարգսյանը քաղաքական ուժերին մեղադրել է, որ նախընտրական շրջանում ԼՂ հարցի շոշափման միջոցով ցանկացել են վարկանիշ բարձրացնել, ակնհայտ նկատի ունենալով Կոնգրեսին: Ինչպես կմեկնաբանեք Սարգսյանի այդ հայտարարությունը:

– Պարզունակ դեմագոգիա է։ Եւ´ քաղաքագետները, եւ´ քաղաքական ուժերը կարծես կոնսենսուս ունեն այն բանի շուրջ, որ մեր այս քարոզարշավը, որը հիմնված էր խաղաղության ծրագրի վրա, վնասել է մեզ: Մենք գիտակցաբար գնացել ենք մի քարոզարշավի, որում ասել ենք ճշմարտությունը, մեր դիրքերը բավականին խոցելի դարձնելով: Ժողովրդավարական երկրում այդքան խոցելի չէինք լինի։ Օրինակ, Իսրայելը դեմոկրատական երկիր է, այնտեղ իսկապես ընտրությունների ժամանակ լինում է պայքար հակամարտության մեջ դիրքերն ավելի կոշտացնող քաղաքականության կողմնակիցների եւ խաղաղ կարգավորման կողմնակիցների միջեւ, դա սովորական պայքար է: Հայաստանում ցավոք սրտի, դեմոկրատիայի փոխարեն ունենք համատարած ընտրակեղծարարություն, կոռումպացված համակարգ եւ իշխանությունների 95 տոկոսանոց վերահսկողության ներքո գտնվող լրատվական դաշտ: Նման միջավայրում մեր քաղաքական մեսիջը եղել է շատ խոցելի, եւ դրանից օգտվեցին իշխանությունները, ինչպես միշտ մի կողմ դնելով պետական մտածողությունը եւ ընտրակեղծարարության եւ մանիպուլացիոն քարոզչական ռեսուրսը ուղղելով Կոնգրեսի դեմ:

-Սարգսյանի խոսքով՝ նախ փորձ կատարվեց վերակենդանացնել ԼՂ հակամարտության շուրջ վաղեմի առաջարկներից մեկի քննարկումը: Պնդել, թե անցյալում լավագույն փաստաթուղթն է բանակցվել, որն այսօր կարող է հանգուցալուծման բանալի լինել, ուղղակի նշանակում է մեղանչել իրականության դեմ…

-Նա փորձում է ասել, որ Կազանյան փաստաթուղթը, որը քննարկվել է 2011 թվականին, եւ իր պնդմամբ,  դեռ մնում է ուժի մեջ, բանակցված լինելով իր պաշտոնավարման շրջանում, ավելի լավն է Տեր Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բանակցած տարբերակներից: Ժամանակին ես մի հոդված գրել եմ՝ համեմատելով ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցված տաբերակները եւ ես պատրաստվում եմ գրել այդ հոդվածի երկրորդ մասը, որն արդեն կներառի մադրիդյան եւ կազանյան տարբերակները: Հիմա ընդամենը ասեմ հետեւյալը։ Խոսելով 97 թվականի տարբերակի մասին Սերժ Սարգսյանը, միտումնավոր անտեսում է կարեւորագույն մի բան, այն է՝ որ այդ փաստաթուղը ստորագրում էին ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը, այլ Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը։ Ավելին՝ հստակ ասվում էր, որ Ադրբեջանը, Հայաստանը եւ ԼՂ-ն իրենց միջեւ եղած բանակցություններով կորոշեն ԼՂ-ի ապագա կարգավիճակը: ԼՂ-ն նման պայմանագրի ստորագրումով իսկ ստանում էր միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակ, ինչն արդեն նշանակում էր ԼՂ-ի ինքնորոշման ճանաչման այնպիսի մի մակարդակ, որ ոչ Կազանում, ոչ մադրիդյան փաստաթղթում չկա: Կարգավիճակի որոշման հարցում ԼՂ-ի իշխանությունները ըստ էության ստանում էին վետոյի իրավունք, մինչդեռ մադրիդյան եւ կազանյան տարբերակներում նման բան չկա, ավելին՝ ԼՂ-ն վերածված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճի օբյեկտի:

-Բայց Սերժ Սարգսյանն էլ ասում է, որ այդ փաստաթղթով հայկական կողմերը ստանում էին անվտանգության կասկածելի երաշխիքներ եւ հակամարտության քաղաքական կարգավորման ոչ պակաս կասկածելի ու անորոշ հեռանկար՝ փոխարենն անելով անհամաչափ զիջումներ: Այս մասին ի°նչ կասեք:

-Եթե խոսքը անվտանգության երաշխիքների մասին է, ապա կազանյան կամ մադրիդյան փաստաթղթերում բացարձակապես ոչ մի էլեմենտ ավելացված չէ, դեռ մի բան էլ պակասեցված է։ 97-ի պլանում նախատեսված էր, որ պետք է պահպանվի Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը Լաչինի ամբողջ շրջանի վրա /պայմանավորվածություն կար տարածելու այդ ռեժիմը նաեւ ամբողջ Քելբաջարի շրջանի վրա/, կազանյան փաստաթղթում  պահպանվումէ մի այն Լաչինի նեղ միջանցքը։  Պլանով ոչ միայն հայկական ուժերը պետք է քաշվեն ետ, այլեւ ադրբեջանական, ընդ որում հավասարապես: Նման պնդում ոչ կազանյանում, ոչ մադրիդյանում չկա, իսկ 97-ին կար եւ´ բուֆերային գոտու ստեղծում եւ´ ապառազմականացում եւ´ բուֆերային գոտում միջազգային ուժերի տեղակայում: Իսկ ինչ վերաբերում է հեռանկարներին, նույնպես դեմագոգիա է: 97-ի փաստաթղթով Ղարաբաղը ոչ թե հեռանկարում, այլ արդեն իսկ ստորագրումով, ձեռք էր բերում մեծ կարգավիճակ՝ դառնալով միջազգային իրավունքի սուբյեկտ, իսկ իրենց ասած փաստաթղթերում Ղարաբաղը, նախ կորցնելով լիարժեք բանակցող կողմ լինելու իրավունքը, վերածվում է Հայաստանի եւ Ադրբեջասնի միջեւ ընթացող վեճի օբյեկտի, իսկ տրվող հեռանկարը բավականին մշուշոտ է, որ միտումնավոր անորոշ են թողնված հանրաքվեի անցկացման պայմանները եւ ժամկետները: Հանրաքվեի հետ կապված միակ հստակեցումն այն է, որ պետք է վերադառնա ԼՂ-ի ադրբեջանական բնակչությունը։

-Եւ վերջում, Դուք շարունակում եւ շարունակելու° եք խաղաղության այդ ծրագրով հանդես գալ:

-Ոչ մի բան չի փոխվել: Հայաստանի վերնախավն այսօր չունի պատասխան, թե ինչպես է դիմակայելու այս հակամարտությանը, երբ երկիրը չի զարգանում, չկան ներդրումներ, կա արտագաղթ: Սերժ Սարգսյանն ասում է 5 տոկոսանոց աճ մինչեւ 2040 թվականը: Նախ այդ աճը այսօր չկա, իրականում 2016-ի արդյունքներով մենք ունենք 0 տոկոս  աճ, նշանակում է, որ մենք հիմա գտնվում ենք անկման վիճակում:  Երկրորդը՝ «Ի-ՎԻ քոնսալթինգ» ընկերության հետազոտության համաձայն Հայաստանում արտագաղթը դադարեցնելու համար անհրաժեշտ է ոչ թե 5, այլ 7 տոկոսանոց աճ: Ընդ որում այսօրվանից սկսած, ոչ թե միջին թվաբանականով: Չկա նման աճ, չկա նման աճի որեւէ նախադրյալ:

Վահագն Հակոբյան




Լրահոս