Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին, ով Հայաստան է ժամանել քննարկելու Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը շարունակելու հնարավորություններն ու հեռանկարը:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի հետ նրա համագործակցությունը:

Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության մանդատի կասեցման կապակցությամբ՝ նշելով, որ կազմակերպությունը, այնուհանդերձ, պատրաստակամ է և շահագրգիռ շարունակելու հետագա համագործակցությունը Հայաստանի հետ:

Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել ԵԱՀԿ գործունեության բոլոր հարթություններում Հայաստանի ներգրավվածության մասին և քննարկել փոխգործակցությունն այլ ձևաչափերով խորացնելու և ընդլայնելու հնարավորությունները:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:




Լրահոս