Կառավարության վաղվա նիստի օրակարգում է «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու մասին կառավարության որոշման նախագիծը: Այս նախագծով նախատեսված է կրճատել 40 հաստիք: Նշվում է, որ այս նախագծի ընդունումը 2018 թվականի և այլ տարիների պետական բյուջեում առաջացնում է տարեկան շուրջ 77 միլիոն դրամի տնտեսում:
Առաջարկվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կառուցվածքում կատարել փոփոխություն և առկա 24 հաստիքից կրճատել 10 միավորը: «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առաջարկվում է վերանվանել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության: