Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ, պատրաստել է էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված իրավական ակտերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am –ի նպատակի ու հնարավորությունների մասին պատմող սոցիալական հոլովակ:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակը թույլ է տալիս քաղաքացիներին, քաղաքացիական հասարակությանը և բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել պետության կողմից իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին՝ ապահովելով պետության, հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների համատեղ արդյունավետ համագործակցությունը:
Կայքը հնարավորություն է ընձեռում օգտատերերին ծանոթանալու տեղադրված նախագծերին, դրանց հիմնավորումներին և այլ կից փաստաթղթերին, ներկայացնել առաջարկություններ, ծանոթանալ նախագծերի առաջարկությունների ամփոփաթերթին, ընդունված առաջարկություններին կամ դրանք չընդունելու հիմնավորումներին, ինչով էլ ապահովվում է հանրային քննարկման և հանրության մասնակցային գործընթացը պետության իրավաստեղծ գործունեությանը:
www.e-draft.am –ը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում գրանցվելիս բաժանորդագրվել ըստ ոլորտների և, էլ.փոստին հաղորդագրություն ստանալով, ծանուցվել համապատասխան գերատեսչության կողմից հրապարկված իրավական ակտերի նախագծերի մասին:
Արդարադատության նախարարությունը կոչ է անում քաղաքացիական հասարակության և բիզնես հատվածի ներկայացուցիչներին ակտիվություն ցուցաբերել ու մասնակցել իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին:
Տեսանյութը՝
ՀՀ ԱՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն