ԱՅՍՔԱՆ ԱՅԼԱՆԴԱԿ ԵՐԳԵՐ ԵՐԲԵՎԷ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ՀՆՉԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը Հայաստանում աստղեր չի տեսնում, նրա կարծիքով երբեւէ այսքան անճաշակ եւ այլանդակ երգեր մեր երկրում չեն հնչել՝ անվանելով դրանք «լափի երգեր»:
«Ժողովուրդ»-ը այս եւ այլ խնդրահարույց հարցերի շուրջ զրուցել է երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ:

0-100 տարեկան երեխաներին

– Պարո՛ն Հախվերդյան, hարցազրույցը սկսենք փոքր անցյալից: Դուք ծնվել եք հայտնի լեզվաբան, թատերագետ, ակադեմիկոս Լեւոն Հախվերդյանի ընտանիքում: Ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեր հայրը Ձեր մասնագիտական կողմնորոշման վրա:
-Նա հիմա չկա, որ իմանամ, որվհետեւ ես չգիտեմ, թե ինչ ազդեցություն է թողել: Բնականաբար մի բան թողել է, քանի որ մայրս շատ լավ թարգմանչուհի էր, կատարյալ տիրապետում էր գրաբարին եւ շատ խստապահանջ էր լեզվի հարցում, քան հայրս, նույնիսկ ասում են, որ հորս գրածները մայրս էր խմբագրում: Նրա թարգմանած գործերից ամենաշատը սիրում եմ Կոռնեյ Չուկովսկու «Արծաթե գերբը» հայտնի գործը: Մեր տանը միշտ հավաքվում էին Պարույր Սեւակը, Համո Սահյանը, Սուրեն Քոչարյանը: Այսինքն՝ ես իմ համալսարանը տանն եմ ավարտել: Դպրոց համարյա չեմ գնացել, մի կերպ հեռակա դպրոց եմ ավարտել, որովհետեւ դպրոցը չեմ սիրել: Այդ առումով ծնողներս դժգոհ էին ինձանից, բայց երբ տեսան, որ երգերս հաջողութուն ունեն հասարակության մեջ, վերջապես հպարտացան ինձանով: Հայրս միշտ ասում էր՝ այս «անասունից» ոչինչ դուրս չի գա: Եթե ծնողներս ողջ լինեին, կամ եթե երկրորդ կյանք կա, եւ նրանք լսում են ինձ, ուրախ եմ, որ չհիասթափեցրի նրանց:
-Դուք մի առիթով ասել եք, որ երբեք չեք ձգտել հայտնի դառնալ, այլ պարզապես Ձեր միտքը, զգացմունքները արտահայտում եք բանաստեղծորեն: Արդյո՞ք հեշտ է անկեղծ ապրելը:
-Ուզեցել եմ հայտնի չլինել, ուղղակի երգերս լսվեն, եթե պետք են: Ես ինձ կողքից նայել չեմ կարող, այնպիսին եմ, ինչպիսին կամ, եւ իմ երգերն էլ այնպիսին են, ինչպիսին կան:
-Վերջին անգամ ի՞նչ ստեղծագործություն եք հեղինակել եւ ի՞նչ տրամադրությամբ:
-«Մուսա» ասվածին ես չեմ հավատում, երբ ինչ-որ ակորդ եմ բռնում եւ այդ ակորդից ուրիշ ակորդ է գալիս: Դրա համար իմ մոտ երգերն այնպիսին են, որ չես կարող խոսքն ու մեղեդին իրարից պոկել, նույնիսկ եթե զոռով ուզենաս: Երբ սկսում եմ նվագել, ինքն իրեն ինչ-որ երգ է դուրս գալիս:
-Ո՞րն է Ձեր ամենասիրած երգը Ձեր երգացանկում:
-Իմ ամենահաջողված ձայնասկավառակը «Զրոյից հարյուր տարեկան երեխաներին»-ն է: Ես դա արեցի նրա համար, որ երեխաները հպարտանան իրենց լեզվով:
-Դուք պատրաստվում եք ձայներիզ թողարկել: Ի՞նչ երգեր են ներառված, եւ ի՞նչ միջոցներով եք գործը գլուխ բերում: Օրինակ՝ երգիչ Դավիթ Ամալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դուրս է եկել «հարուստաորսի», որ կարողանա ստեղծագործությունները մատուցել ունկնդրին:
-Ովքեր, որ եղել են իմ հովանավորները, իմ հարազատները, որ ինձ օգնել են տեղ հասցնել այդ երգերը՝ «Զրոյից հարյուր տարեկանում», բոլորի անունները գրված են, սկսած կաթողիկոսից:
-Իսկ մենահամերգի ծրագրեր ունե՞ք:
-Մեծ համերգ կլինի սեպտեմբերի 14-ին Ֆիլհարմոնիայում:

«Լափի» երգեր են մատուցում

-Պարո՛ն Հախվերդյան, Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ռաբիզը վերջացել է 40-ական թվականներին, իսկ դրանից հետո հնչող երաժշտությունը անվանել եք անճաշակություն, քիթ-կոկորդ…: Ինչպե՞ս կարելի է պայքարել անճաշակության դեմ:
-Ռաբիզ բառն իզուր են ասում, որովհետեւ ռաբիզի ժամանակ այդքան այլանդակ ու անճաշակ երգեր չէին երգում: Դրա դեմ չի կարելի պայքարել: Ես կարծում եմ, որ փրկել եմ այդ անճաշակ երգերից երեխաներին «Զրոյից հարյուր տարեկան երեխաներին» ձայնասկավառակում: Ինձ համար կարեւորը լեզվամտածողությունն է, որ մարդիկ այդ ապուշ ու անհեթեթ երգերով չաղքատացնեն մեր լեզուն: Կարծում եմ, որ այսքան անճաշակ ու այլանդակ երգեր երբեւէ Հայաստանում չեն հնչել: Ցավոք սրտի, հենց այդ մեծահարուստ ու անճաշակ մարդիկ հովանավորություն են անում հենց այդ այլանդակ երաժշտությանը, որը «քարվանսարայի» երաժշտություն է: Շատ դեպքերում սրանք արաբական, հնդկական, թուրքական երգերից վերցված երգեր են, երբ տեսնում ես, որ շեշտադրությունը սխալ է երգի մեջ, ուրեմն հայկական երգ չէ: Կոմիտասն ասել է. «Երգը դա լեզվամտածողություն է»:
-Վերջերս տարածում գտած նորահայտ հայ աստղերից հատկապես ո՞ւմ կատարումն է Ձեզ բարկացնում: Օրինակ՝ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, մեզ հետ զրույցում քննադատեց Լիլիթ Հովհաննիսյանին՝ ասելով, որ արաբական հագուստով չի կարելի երգել «Պիտի գնանք վաղ թե ուշ»:
-Դա ոնց որ տորթը վերցնես, քսես խորովածի վրա, խորովածի հետ ձուկ դնես, ձկան հետ ուրիշ ուտելիքներ խառնես ու դառնա լափ: Դրանք «լափի» երգեր են, որոնք դնում են հասարակության առաջ: Ես նույնիսկ չգիտեմ, թե ովքեր են դրանց կատարողները: Ես այստեղ աստղեր չեմ ճանաչում, ինձ համար աստղ է Սթինգը:

Թող «սիկտիր» լինեն

-Մի առիթով էլ նշել եք, որ աշխարհի ամենահարուստ մարդն եք, քանի որ հայերեն եք երգում: Նշելով, որ այն, ինչ որ անում եք, սիրո բացատրություն է հայերեն լեզվին: Բայց հիմա առաջարկ կա պաշտոնապես այլ լեզու ընդունել մեր երկրում: Օրինակ՝ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ՀՀ ԱԺ նախագահին առաջարկել է ՀՀ-ում ռուսերենը պաշտոնական լեզու սահմավել:
-Թող սիկտիր լինեն մեզնից: Միայն սա կարող եմ ասել:
-Մշտապես քննադատել եք իշխանություններին դեռեւս ԽՍՀՄ տարիներից: Արդյո՞ք ինքներդ Ձեզ համար բացահայտել եք, թե ինչու չի հաջողվում մեզ ունենալ որակյալ ղեկավարներ: Ի՞նչն է խանգարում, գուցե նաեւ մե՞նք ենք մեղավոր ընտրակաշառքի 10 հազար դրամների պատճառով:
-Հատուկ ոչ մեկին չեմ քննադատում, ուղղակի ցույց եմ տալիս այն, ինչը իրենք կան իսկապես: Թող էլի ընտրակաշառք տան, էդ Ֆիրդուսի շուկան էլ կքանդեն.. եւ այլն: Դա շատ մարդկային բան է, մարդը փող չունի, փող է վերցրել: Քանի որ մարդիկ համոզված են՝ կտան, թե չեն տա ընտրակաշառք, մեկ է՝ էս մարդն է անցնելու: Մեր այս պետական կառույցը բուրգաձեւ կառույց է: Գլխին նստած է Սերժ Սարգսյանը եւ մնացած բանջարաբոստանային կուլտուրաները: Եթե քիչ լափեն վերեւը, այդ ժամանակ լավ կապրեն ներքեւը:
-Եւ վերջում, ի՞նչ խորհուրդ կտայիք Սերժ Սարգսյանի իշխանությանը եւ շոումենի համբավ ունեցող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
-Ինձ բոլորովին չի հետաքրքրում նրան խորհուրդ տալը, քանի որ նրան խորհուրդ տալը բավականին ուշ է, նրան խորհուրդ պետք է տային 7 տարեկանում: ՀՀ վարչապետից գոհ եմ այնքանով, որ ՀՀ մշակույթի նախարար ընտրեց Արմեն Ամիրյանին, որը ինձ եւ իմ ընկերներից Լեւոն Իսպիրյանին գնահատեց եւ լծեց աշխատանքի: Դա նրանից է գալիս, որ Արմեն Ամիրյանը շատ լավ գիտի՝ ինչ կադրեր ենք մենք, որովհետեւ միասին աշխատել ենք նույն հիմնարկում, նույն կերպ ենք մտածում, նույն քաղաքից ենք, որտեղից գնում է կուլտուրան՝ տարածվելով սահմանամերձ գյուղեր: Մի խոսքով, քաղաքի տղա է:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ




Լրահոս