ՀՀ Արարատի մարզի Լանջազատի գյուղապետ Հրայր Հակոբջանյանը, ով ապրիլի 2-ին առաջադրվել էր ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով, բավականին ունեցվածքի տեր է: Նշենք, որ ՀՀԿ-ական գյուղապետը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին հավաքելով 3752 ձայն, պատգամավոր չի ընտրվել:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից ArmLur.am-ը տեղեկացավ, որ գյուղապետն ունի 8 մլն դրամ եւ 10 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է գյուղապետի ստացած աշխատավարձը, որը տարեկան կազմում է 3 մլն 120 հազար դրամ`ամսական 260 հազար դրամ եւ գյուղատնտեսությունից ու անասնապահությունից ստացած եկամուտները` ընդհանուր 16 մլն դրամ:
Գյուղապետի հայտարարագրած անշարժ գույքը հետեւյալն է. Լանջազատում մեկ բնակելի տուն, արտադրական նշանակության մեկ շենք, տնամերձ հողամաս, գյուղատնտեսական նշանակության երկու հող, արտադրական նշանակության հող:
Այս թեմայի շուրջ Լանջազատի գյուղապետ Հրայր Հակոբջանյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է կուտակել դրամական միջոցները, գյուղապետը հայտարարեց. «Անասուններ ունենք, անասուն ենք պահում, պտղատու այգի ունենք: Մի քանի հատ ոչխար ունենք, կով: Դրանք գյուղապետ նշանակվելուց առաջ եմ ունեցել: Ավելին, այն ժամանակ ավելի շատ ունեինք, քան հիմա»:
ArmLur.am-ի հարցին` գյուղապետի աշխատանքն է եկամտաբեր, թե անասնապահությունն ու հողագործությունը, Հակոբջանյանը արձագանքեց. «Ինչ եք կարծում գյուղապետի աշխատանքի մեջ եկամուտ կա: Գյուղապետի աշխատանքի մեջ եկամուտ չկա, նրա եկամուտը միայն աշխատավարձն է: Բա որ մենք կողքից դաշտ, հող, անասուն չունենանք, գյուղացի մարդ ենք… այլ կերպ չի էլ կարող լինել: Ապրել է պետք»: