Բյուջեից 7 միլիոն դրամ հափշտակած գյուղապետը ջրից չոր դուրս եկավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Շահումյան Թ/Ֆ-ի համայնքի ղեկավար Արթուր Յայլոյանը ջրից չոր դուս եկավ: Ինչպես հայտնի էր` համայնքի ղեկավարին մեղադրանք էր առաջադրվել յուրացման եւ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու համար:

Իրավապահները պարզել էին, որ նա 2000թ-ից զբաղեցնելով Արմավիրի մարզի Շահումյան Թ/Ֆ-ի համայնքի ղեկավարի պաշտոնը պաշտոնական դիրքն օգտագործելով, իր ցանկալի մարդկանց աշխատանքի էր տեղավորել, սակայն վերջիններս անգամ աշխատանքի չէին ներկայացել եւ դրա դիմաց գյուղապետարանի բյուջեից աշխատավարձ էին ստացել:

Մասնավորապես, իր կնոջը` Մարիամ Յայլոյանին ձեւակերպել էր որպես համայնքի գրադարանավարուհի, եւ կինը 2008 թվականից մինչեւ 2016 թվականը առանց աշատանքի ներկայանալու ստացել էր 5 միլիոն դրամ աշխատավարձ:

Մեկ այլ դրվագով սոցիալապես վատ պայմաններում բնակվող համայնքի բնակիչներ Էդգար Պետրոսյանին, Կիմա և Կարինե Խաչատրյաններին, Սուսաննա Հարությունյանին և Նվարդ Մկրտչյանին այգեպանի և գործավարի հաստիքների վրա` նրանց անվամբ գյուղապետարանի բյուջեից դուրս էր գրել զգալի չափերով գումար:

Ավելին, իրավապահները պարզել էին, որ համայնքի ավագանու անդամ Հակոբ Դանիելյանը բացակայել է երկրից, սակայն Արմավիրի մարզի Շահումյան Թ/Ֆ-ի համայնքի ղեկավարը իր պաշտոնական դիրքն օգտագործելով` նրա փոխարեն ստորագրել, կեղծել և շրջանառության մեջ է դրել իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր` ավագանու որոշումներ, կատարողական ակտեր:
Իսկ ինչ է ասել համայնքի ղեկավարը իրավապահներին:

Առաջադրված մեղադրանքում Արթուր Յայլոյանն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և պատրաստակամաություն հայտնել վերականգնել իր կողմից պատճառված վնասը:

Արդյունքում սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան կայացրել է վճիռ եւ համայնքի ղեկավարին կատարած արարքների համար ազատազրկել 5 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով։

Համայնքի ղեկավարը պարտավորվել է պետական բյուջե փախանցել 5 միլիոն 336 հազար 630 դրամ։ Թե որքանով այս ամենը դաս կլինի համայնքի ղեկավարի համար, ցույց կտա ժամանակը:

Քնար Մանուկյան




Լրահոս