Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն այս օրերին Ստրասբուրգում մասնակցում է ԵԽԽՎ բյուրոյի քաղաքական հանձնաժողովի նիստին:
Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ իրավական հանձնաժողովի նիստում նախօրեին քննարկվել է զեկույց Ադրբեջանի նախագահության մասով, իսկ երեկ մոնիթորինգի հանձնաժողովում քննարկվել է զեկույց
Ադրբեջանի մոնիթորինգային պարտավորությունների մասով: Նրա խոսքով՝ զեկույցի հետ կապված շատ մանրամասներ կհրապարակվեն հոկտեմբերին՝ ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ, եւ որպես այդպիսին խստացումներ են ամրագրվել:
Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձավ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի մասին սկանդալային հրապարակումներին՝ չբացառելով, որ այդ հրապարակումներից հետո ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարց բարձրացվի: «Նման հնարավորություն կարող ենք դիտարկել, սակայն դա կախված չէ բացառապես հայկական պատվիրակությունից կամ դիրքորոշումից: Իհարկե, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի եւ ԵԽԽՎ-ի շատ պատվիրակներ այս օրերի ընթացքում արդեն ծանոթացել են այդ հրապարակումներին: Կանոնակարգի համաձայն՝ պատվիրակությունը կքննարկի այդ հարցը», – նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը:
Հիշեցնենք, որ բրիտանական The Guardian պարբերականը բացահայտումներ է արել եւ հաշվետվություններով պարզել Ադրբեջանի կողմից կոռուպցիոն սկանդալների մասին: Ըստ մամուլի հրապարակումների՝ ադրբեջանցի օլիգարխները Մեծ Բրիտանիայում հիմնված 4 ստվերային ընկերությունների միջոցով ստեղծել են գաղտնի հիմնադրամ՝ եվրոպացի քաղաքական գործիչներին, լրագրողներին կաշառելու, փող լվանալու եւ թանկարժեք գնումներ կատարելու համար: Գաղտնի սխեմայի հետաքննությունը կոչվել է «Ադրբեջանի լվացքատուն»: Այդ հետաքննությամբ բացահայտվել է, որ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները 2012-2014 թթ. երկրից դուրս են բերել 2.9 մլրդ դոլար, որի մի մասը ծախսվել է տարբեր մարդկանց կաշառելու նպատակով: