«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
Առուշ Գագիկի Առուշանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Հիշեցնենք` Վաչագան Ադունցը օրեր առաջ հրաժարական էր ներկայացրել: Ադունցը համարվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիմակիցը:
Հայտնի է նաև, որ խորհրդարանի ընտրություններից հետո ՀՀԿ-ից ինքնաբացարկ հայտնածների թվում էր Սյունիքից ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, «Առանցք» ընկերության հիմնադիր Գագիկ Առուշանյանի տղան՝ Առուշ Առուշանյանը, ով ստացել էր 6879 ձայն, և սպասելի էր, որ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ինքնաբացարկից հետո հենց նա է գնալու խորհրդարան «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի հետ:
Սակայն ապրիլի 7-ի ուշ երեկոյան երիտասարդ Առուշ Առուշանյանը որոշել էր տոնել սեփական հաղթանակը, ինչն ավարտվել էր Գորիսի բնակիչ Շահում Դավթյանի տանը տեղի ունեցած վեճով, ու ՀՀԿ թեկնածուն հայտնվել էր ոստիկանությունում: Ու թերևս հենց ՀՀԿ ղեկավարության որոշմամբ Առուշանյանը ինքնաբացարկ հայտնեց:
Բնականաբար, Առուշանյանը ջրից չոր դուրս եկավ: