Նոր խորհրդարանը դեռ չի սկսել լիարժեք գործունեությունը, սակայն հասցրել է փայլել իր ողջ հմայքով: Նորընտիր պատգամավորներից մի քանիսն այս կարճ ժամանակահատվածում աչքի են ընկել ամենալուրջ թեմաների մասին իրենց հակաքաղաքագիտական հայտարարություններով՝ հարուցելով մարդկանց քրքիջը: Ընդ որում, նման վիճակ է ոչ միայն իշխանական, այլեւ արդեն ընդդիմադիր խմբակցություններում:
Ինչպես հայտնի է՝ «Ելք» դաշինքը պատրաստվում է խորհրդարանում հանդես գալ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու նախաձեռնությամբ: Եվ ահա երեկ այս թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել խորհրդարանի ամենամեծ ընդդդիմադիր ուժը համարվող «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից ԲՀԿ-ական Լուիզա Սարգսյանը՝ հայտարարելով. «Ես գտնում եմ, որ Հայաստանն առաջինը պետք է լինի պետականամետ, առաջինը մենք պետք է տեսնենք մեր պետության շահերից բխող բոլոր խնդիրները։ Այստեղ ինչ-որ ես չեմ գտնում, որ մի կառույցից դուրս գալը ե՛ւ չունենալ կոնկրետ չափորոշիչներ, ե՛ւ հաստատագրված պայծառ ապագա մյուս կառույցում՝ ամենակարեւոր խնդիրը դա չէ, խնդիրը, որ հասկանանք, թե որ կառույցում ինչ դիրքորոշում ունենք, եւ որ կառույցն է բերում մեզ ավելի դրական կյանքի, մեր շահերի, մեր պետության ու քաղաքացիների համար, որ ապագայում չլսենք արտագաղթի այսպիսի թվեր»։ Իսկ հարցին, թե ԵՏՄ կազմում Հայաստանի մնալը մասնագետներն անօգուտ են համարում, նա նշել է. «Չեմ գտնում, որ այս պահին ԵՏՄ-ից դուրս գալը, կամ միանգամից այդպիսի շրջագույն հայտարարություններ անելը պետք է: Այդ ամենը պետք է դնել կշռաքարի վրա»:
Համաձայնեք, ԲՀԿ-ական պատգամավորի արտահայտություններն արժի ընդգրկել դասագրքերում՝ որպես քաղաքագիտական մտքի յուրօրինակ գլուխգործոց: Օրինակ՝ նրա հայտարարությունը, թե «Հայաստանն առաջինը պետք է լինի պետականամետ»: Մինչեւ հիմա մեզ թվում էր, թե պետականամետ կարող են լինել մարդիկ, քաղաքական ուժերը` իրենց դիրքորոշումներում: Բայց պարզվում է` առաջինը պետականամետ պետք է լինի Հայաստանը:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցմանը, այստեղ էլ տիկին Սարգսյանը շատ օրիգինալ է գտնվել, երբ հայտարարել է, թե ճիշտ չի համարում այս պահին ԵՏՄ-ից միանգամից դուրս գալը՝ չունենալով «հաստատագրված պայծառ ապագա մյուս կառույցում»: Ուշադրություն դարձրեք նրա ձեւակերպումներին. ԲՀԿ-ական պատգամավորը, այնուամենայնիվ, համոզված է, որ պետք է դուրս գալ ԵՏՄ-ից, բայց ոչ թե այս պահին` միանգամից, կտրուկ հայտարարություններով, այլ կամաց-կամաց, աննկատ, ուրիշ կառույցում «հաստատագրված պայծառ ապագա» տեսնելուց հետո:
Սա, ի դեպ, կարող է քաղաքական լուրջ սկանդալի առիթ դառնալ. նման հայտարարություն է անում ԲՀԿ-ական պատգամավորն այն դեպքում, երբ ժամանակին նույն ԲՀԿ-ն միաձայն կողմ քվեարկեց ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրին, դեռ ավելին` կրծքով պաշտպանելով իշխանությունների այդ որոշումը: Իհարկե, չի բացառվում, որ այս ընթացքում ԲՀԿ-ն մտափոխվել է եւ հիմա Հայաստանի համար «պայծառ ապագա» է որոնում այլ կառույցներում, պարզապես, ի տարբերություն «Ելք»-ի, նրանք ցանկանում են այդ գործընթացն ավարտին հասցնել ոչ միանգամից: Ու հիմա Լ. Սարգսյանը կամա, թե ակամա բացահայտել է ներկուսակցական գաղտնիքը:
Ամեն դեպքում, «Ժողովուրդ»-ը փորձեց Լուիզա Սարգսյանից մեկնաբանություններ ստանալ այս ամենի վերաբերյալ, պարզել` Հայաստանն ինչպե՞ս կարող է լինել պետականամետ, ո՞ր կառույցներում են իրենք որոնում «հաստատագրված պայծառ ապագա»: Սակայն պատգամավորուհին ասաց, թե ինքն արդեն 7 րոպեանոց հարցազրույց է տվել, ու չի ցանկանում կրկին խոսել: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել` արդյո՞ք ԵՏՄ-ի մասին ասվածն իրենց պաշտոնական տեսակետն է, սակայն նա չցանկացավ պատասխանել որեւէ հարցի:
Մինչ այդ նկատենք, որ նա առաջին անգամը չէ, երբ ԲՀԿ-ական այս պատգամավորը նման պատմությունների մեջ է հայտնվում. ԱԺ-ում իր առաջին ելույթը Լ. Սարգսյանը սկսել էր՝ Սերժ Սարգսյանին ցիտելով ու գովաբանելով, գերազանցելով ՀՀԿ-ականներին` քծնանքի ասպարեզում եւ մոռանալով, որ իրենք իրենց ընդդիմադիր խմբակցություն են հայտարարել:
Հետո ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նա ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է կալանավայրերի սննդի մասին` շփոթելով վերջինիս արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի հետ եւ այսպես շարունակ:
Այս ամենը ծիծաղելի է, բայց նաեւ ողբերգական: Ի վերջո, նոր Սահմանադրությամբ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը ենթադրում է, որ խորհրդարանում պետք է տեղ զբաղեցնեին բանիմաց մարդիկ, այլ ոչ թե պատահական կերպարներ, որոնք մանդատ են ստացել կուսակցական ղեկավարներին անձնական նվիրվածության շնորհիվ:
Հ.Գ. Հանուն արդարության արձանագրենք մեկ փաստ. այնպես չէ, որ «Ծառուկյան» խմբակցությունում բոլորը մտքի տիտաններ են, եւ նրանց մեջ ամենավատը Լուիզա Սարգսյանն է: Պարզապես մյուսները գիտեն իրենց հնարավորությունների մասին եւ փորձում են ավելորդ անգամ աչքի չընկնել ու գոնե չխոսել այնպիսի թեմաներից, որոնցից տեղյակ չեն:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱԳՐԵՍԻՎ
2016 թվականի վերջին ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքում գաղտագողի փոփոխություն է կատարվել, ըստ որի՝ լրագրողները հանձնաժողովների նիստերին կարող են ներկա գտնվել միայն հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ: Ահա այս օրենքը հղում անելով՝ երեկ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողներին դուրս հանեց դահլիճից՝ հորդորելով հանձնաժողովի աշխատանքներին հետեւել խորհրդարանի միջանցքից ուղիղ հեռարձակմամբ: Հեռարձակումն էլ ընդհատումներով էր ընթանում: «Լրագրողների ներկայությունը խոչընդոտ է պատգամավորի համար, որ իր գլխի վերեւը կանգնած են»,- ասել է նա:
Այն, որ Հրայր Թովմասյանը չի սիրում ԶԼՄ ներկայացուցիչներին եւ չի կարողանում շփվել նրանց հետ, հայտնի փաստ է: Ու լրագրողների աշխատանքը սահմանափակելու` նրա երեկվա փորձերից հետո ակամայից հիշեցինք ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի՝ խորհրդարանում այն ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ բանավեճից հետո արած արտահայտությունը. «Գիտեք, ամենատգեղն ինձ համար միշտ եղել է ղզիկների ագրեսիվությունը»:
ԴՐԱՄԱՇՆՈՐՀ` ԱԻՆ-ԻՆ
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը որպես դրամաշնորհ կհատկացվի 6.7 մլրդ դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջեւ առաջիկայում նախատեսվում է ստորագրել «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» դրամաշնորհի համաձայնագիրը: Իսկ տրամադրվելիք դրամաշնորհը օգտագործվելու է Շիրակ, Լոռի, Սյունիք մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման ֆինանսավորման նպատակով: Այս նախագծի իրականացման նպատակով ՃՄՀԳ-ն ԱԻՆ-ին կտրամադրի 1 մլրդ 540 մլն ճապոնական իենի չափով դրամաշնորհ: Հաշվի առնելով վերջին հրդեհները՝ հուսանք, որ ստացվող դրամաշնորհը կծառայի իր նպատակին, եւ մեր փրկարարները ստիպված չեն լինի հնադարյան մեթոդներով պայքարել հրդեհի դեմ:
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ»-Ը ՎԱԽԵՑԱ՞Վ
«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը պարտվել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը 2016թ. դիմել էր դատարան եւ պահանջել «Քեթրին գրուպից» գանձել 170 հազար դրամ: Սակայն անհասկանալի պատճառներով 5 ամիս անց ապահովագրական ընկերությունը հրաժարվել է հայցից՝ միգուցե վախենալով, որ պատգամավորի ընկերության հետ կռվի մեջ մտնելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ իր համար: Իսկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանն էլ կարճել է գործը հայցվորի ներկայացուցչի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:
ԱՆՏԵՂՅԱԿ ՓՈՂԿԱՊԱՎՈՐԸ
Սպառազինությունների մեծ մասը մենք ներմուծում ենք Ռուսաստանի Դաշնությունից, բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում կլինեն նոր նախաձեռնություններ, որոնք կվերաբերեն այլ երկրներից սպառազինության ներմուծմանը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը՝ խոսելով պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում քննարկվող հարցի մասին, որը վերաբերում էր ՌԴ-ից եւ այլ երկրներից ներմուծվող սպառազինությունը ավելացված արժեքի հարկից ազատելուն: Հարցին, թե ի՞նչ կարող է անել Հայաստանը, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք չվաճառի, պատգամավորն այսպես արձագանքեց. «Էնպիսի հարց եք տալիս, չգիտեմ՝ ինչ պատասխանել… Չեմ կարծում, որ մենք կարող ենք արգելել Ռուսաստանին, որ ինքը զենք վաճառի Ադրբեջանին: Որպես պատգամավոր, որպես ՀՀ քաղաքացի՝ ես դեմ եմ, որ Ռուսաստանը, մեր ռազմավարական դաշնակիցը, զենք վաճառի Ադրբեջանին»: Հիշեցնենք, որ Դավիթ Մանուկյանը Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է, երգչուհի Լուսինայի եղբայրը:
ՏԵՂ ՉՈՒՆԵՆ
Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը մայիսի 25-ին ազատ արձակվեց, այժմ զբաղված է իր ՀԿ-ի հարցերով։ Ինչպես «Հրապարակի» հետ զրույցում Ավետիսյանն ասաց՝ ՀԿ-ի համար Երեւանում տարածք է փնտրում, որոշ անձանց հետ պայմանավորվածություն կա. «Որոշ մարդիկ խոստացել են օգնել, երբ որ ռեալ կլինի, էդ ժամանակ հարցազրույց կտանք, մեր գործունեության մասին կտեղեկացնենք… Գործունեություն ծավալելու տեղը լինի, արդեն կորոշենք՝ ինչ ենք անում։ Նենց որ պայքարելու են Հայաստանի փրկության համար, էս դավաճան իշխանություններից ազատվենք, բոլորը ծախու դավաճաններ են, պետական դավաճաններ են, դրանից վատ բան չկա»։
ԴԱՏԱՎՈՐԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՀԱՄԱՐԵՑ
Երեկ դատական նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընթերցեց Կարո Եղնուկյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի՝ նա ցանկանում է Տիգրան Հայրապետյանից բացի՝ մեկ այլ պաշտպան ունենալ՝ Նինա Կարապետյանցին: Ամենայն հավանականությամբ, պատահաբար դատավորը Կարո Եղնուկյանին քաղբանտարկյալ անվանեց. «Հիմա ընթերցում եմ քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի միջնորդությունը»: Քանի որ Նինա Կարապետյանցը դատարանի դահլիճում չէր, նիստը հետաձգվեց: