ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել էր դատական համակարգում առկա խնդիրներին: Մասնավորապես վարչապետը արդարադատության նախարարին հանձնարարել էր երկամսյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել դատական նիստերի հետաձգումների պատճառաբանման ապահովման, դատավորների միջեւ դատական գործերի բաշխման ընթացակարգերի հայեցողության սահմանափակման եւ արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ որոշակի գումարային շեմը գերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովող գործիքակազմի ներդրմանն ուղղված առաջարկություններ:

Ավելին՝ դեռեւս սույն թվականի հունիսի 29-ին վարչապետի կողմից հանձնարարական էր տրվել դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումներ ներկայացնելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում վաչապետի հանձնարարականի շուրջ կատարված աշխատանքը:
-Պարո՛ն Հովհաննիսյան, ինչ օրենսդրական փոփոխություններ եւ առաջարկություններ եք պատրաստվում ներկայացնել:
-Դա մեր, այսպես ասած, աքիլլեսյան գարշապարն է: Այդ պրոբլեմին բախված է ոչ միայն մեր երկիրը, այլ նաեւ բազմաթիվ այլ երկրներ: Բայց մեզ մոտ 100 հազար բնակչին հասանելիք դատավորի թիվը ամենացածրն է տարածաշրջանում` 5 ու քանիս:
-Այսինքն՝ դատավորների պակասի արդյու՞նքն է, որ գործերը «դոփում են» տեղում եւ ամիսներով չեն քննվում:
-Մենք ունենք դատավորների պակաս, բնականաբար սա գալիս է մեր տնտեսական իրավիճակից, որ չենք կարող մեզ թույլ տալ դատավորների թվի ավելացում, չնայած որոշակի թվի ավելացումը տեղի է ունենալու, քանի որ առանց դրա հնարավոր չէ: Մենք պետք է հասկանանք, որ դատավորի թվի ավելացման հետ մեկտեղ ավելանալու է ծառայողների թիվը նաեւ շենքերի մեծացում, որը եւս փող է: Այդուհանդերձ, բացի նրանից, որ մենք հաշվարկում ենք, թե մոտավորապես ինչքան դատավոր է պետք ավելացնել, եւ դրանից ինչքանը մենք հնարավարություն ունենք ավելացնելու, որպեսզի գոնե ինչ-որ ձեւով շտկենք այս իրավիճակը: Զուգահեռաբար աշխատում ենք հասկանալ, թե վեճերի լուծման այլընտրանքային ինչ մեխանիզմներ կան, որ ավելի արդյունավետ իրագործվեն, եւ ավելի քիչ գործեր մտնեն դատարաններ:
-Կոնկրետ դատավորներ բարձրաձայնել են, որ դարձել են բանկերի անձնական օգտագործման դատավորները: Այս ուղղությամբ ի՞նչ եք անում, որ բանկերի վեճերը ավելի քիչ մտնեն դատարաններ: Ի վերջո, վարչապետը հանձնարարել էր, որ առաջարկություններ ներկայացնեք՝ գումարային շեմը գերազանցող քաղաքացիական գործերի լուծումը սեղմ ժամկետում ապահովելու համար:
-Ճիշտ եք ասում, եթե նայում ենք վիճակագրությունը, 85 տոկոսը փոքր գումարներ են, եւ դրանց 70 տոկոսը բանկային հարցերին են վերաբերում: Ինչ է անում նախարարությունը: Այսօր կա նոտարիատի մասին օրենք, երբ նոտարիատը կարող է նույն կատարողական մակագրություն տալ, որը միանգամից գնում է ԴԱՀԿ: Մենք ասում ենք՝ բանկ-քաղաքացի, երբ դուք պայմանավորվում եք ապառիկի վաճառքի շուրջ եւ այլն, եկեք՝ այս պայմանագրերը կազմակերպենք, էլեկտրոնային եղանակով կնքվեն, զուգահեռաբար թույլ տանք, որ այս պայմանագրերը մինիմալ գներով վավերացվեն նոտարի կողմից: Հետագայում, եթե քաղաքացին իր պարտավորությունը չկատարի, արդեն բանկը միանգամից նոտարի կատարողական մակագրություն վերցնի եւ գնա ԴԱՀԿ: Այսինքն՝ էլ գործը չգնա դատարան, դատարանն էլ չծանրաբեռնվի եւ, իրոք, չդառնա բանկի գումար հավաքող մի լրացուցիչ պաշտոն: Սա կարծում ենք, որ բավականին կբեռնաթափի:
-Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրիք «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, սակայն ԴԱՀԿ ծառայությունում լուրջ դեպքեր են արձանագրվում, մասնավորապես ԴԱՀԿ համապատասխան ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների մասին գրեթե ամեն օր ՀՔԾ-ն հայտարարում է: Ինչի՞ հետեւանք է այս ամենը:
-Այստեղ ինչ-որ հետեւանք փնտրել չի կարելի: Դա ոչ միայն պետական համակարգում, այլ նաեւ մասնավոր համակարգում անձանց կողմից չարաշահումներ կատարվում են: Այսինքն՝ այստեղ մտնել կրիմինոլոգիայի դաշտ եւ տեսնել պատճառը, թե անձը ինչու է քրեորեն պատժելի արարք արել, տեղին չէ, պատճառները տարաբնույթ են: Բայց մյուս կողմից հստակ է. պետությունը ակտիվորեն պայքարում է կոռուպցիայի դեմ:
-Կոնկրետ ի՞նչ է անում արդարադատության նախարարությունը՝ ԴԱՀԿ պաշտոնատար անձանց զսպելու համար:
-Արդարադատության նախարարությունը եւս ունի իր վերահսկողական ծառայությունները, որոնք պարբերաբար իրենց լծակները օգտագործելով՝ վերահսկողություն է իրականացնում ոչ միայն ԴԱՀԿ ծառայությունում, այլ նաեւ արդարադատության նախարարության մյուս ծառայություններում՝ քրեակատարողական ծառայություն, պրոբացիայի ծառայություն եւ այլն:
-Բոլոր գերատեսչություններն ասում են, որ վերահսկում են, սակայն ՀՔԾ-ում ԴԱՀԿ պետերի կողմից պաշտոնական լիազորություններ անցնելու մասով հարուցված քրեական գործերով գրեթե ամեն օր հաղորդագրություն է տարածվում: Բա ինչպե՞ս եք վերահսկում:
-Տեսե՛ք, պարոն Մարուքյանը հնչեցրեց մեկ խնդիր: Ասեց, որ ինքը ծանուցված չի եղել ԴԱՀԿ-ն արգելանք է դրել: Այսինքն՝ ի՞նչ է դա նշանակում, որ ԴԱՀԿ որոշում է ընդունել օրենքի խախտմամբ: Օրենքը ասում է՝ դու կատարողական վարույթը կարող ես հարուցել բացառապես այն դեպքերում, երբ հստակ ապացույցներ կան, որ անձը ծանուցվել է այդ ակտի վերաբերյալ եւ չի վճարել: Հիմա դուրս է գալիս, որ անձը ծանուցված չի եղել, վարչական մարմինը, ուղարկելով թղթերը ԴԱՀԿ, չի կցել այն պատշաճ ապացույցները, որ անձը ծանուցված է եղել, իսկ ԴԱՀԿ-ն կատարողական վարույթ հարուցել: Օրինակ՝ հիմա մեր վերահսկողական ծառայությունը հետեւում է, թե քանի դեպք եւ ինչով է պայմանավորված, կա արդյո՞ք այդտեղ սուբյեկտիվ հարց, որ ԴԱՀԿ-ն օրենքի խախտմամբ վարույթներ է հարուցում:
-Եվ ի՞նչ պատկեր ունեք, վիճակագրություն կա՞:
-Վիճակագրություն հստակ չունենք, բայց հանձնարարել ենք ԴԱՀԿ ծառայությանը մեզ պարբերաբար տեղեկացնել, թե վարչական մարմիններից քանի անգամ են դեպքեր եղել, որ վարչական մարմինների կողմից անբողոքարկելի վարչական ակտերով ուղարկելու հետ մեկտեղ չեն ուղարկվել պատշաճ ապացույցներ, որ անձը ծանուցված է եղել:
-Ի՞նչ է Ձեզ պատասխանել ԴԱՀԿ պետը:
-Հավաքագրում ենք դա, մենք կիմանանք, խոսքը հազարավոր անբողոքարկելի վարչական ակտերի մասին է: Եւ հնարավոր է, որ այստեղ լինեն թերություններ, ուղղակի պետք է հասկանանք, որ մինիմալի հասցնենք այդ դեպքերը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ» ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ՈՒ ԹԱԼԱՆԸ
«Հայբիզնեսբանկի» աղմկալի չարաշահումների գործը մոտեցավ իր հանգուցալուծմանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բանկի նախկին կառավարիչ Արա Կիրակոսյանը այդպես էլ չընդունեց, որ բանկից հափշտակություն է կատարել, սակայն դատարանը նրան 13 տարվա ազատազրկման դատապարտեց:
Ինչպես հիշում եք՝ 2014թ. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արա Կիրակոսյանին եւ բանկի վարչության նախագահի տեղակալ, տարածքային զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանին մեղադրանք էր առաջադրվել՝ բանկից զգալի չափով հափշտակություն իրականացնելու համար: Շուրջ 3 տարի է, ինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատավարությունը շարունակվում է, եւ ահա հուլիսի 25-ին գործը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց այս գործով վճիռը եւ բանկի կառավարիչ Արա Կիրակոսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 13 տարի ժամկետով` ամբողջ գույքի բռնագրավմամբ, որը չպետք է գերազանցի 1 միլիոն եվրոն:
Նկատենք, որ այս երեք տարիների ընթացքում բանկի կառավարիչը ներկայացրեց մի շարք հիմնավորումներ, որ բանկից հափշտակություն չի իրականացրել եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն բարձրաձայնումները մնացին օդում:
Ինչպես ցույց են տալիս զարգացումները՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն չի բավարարվել, որ Արա Կիրակոսյանն ազատազրկման դատապարտվեց, եւ քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան, որպեսզի Կիրակոսյանից հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բռնագանձվի 8 միլիոն 279 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ որպես հանցագործության հետեւանքով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին պատճառված վնասի հատուցում, ինչը դատարանը բավարարել է:
Ասել է, թե բանկը մինչեւ վերջ գնաց՝ իր նախկին կառավարչին դատարկաձեռն թողնելու համար:
Իսկ ինչ ճակատագիր է սպասվում բանկի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրեն Մելիք Եսայանին: Վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունի, եւ նրա մասով դատական նիստերը չեն կայանում: Նրա պաշտպանը սպառել է հայաստանյան բոլոր դատական ատյանները, որ նրան գրավի դիմաց ազատ արձակեն, սակայն ապարդյուն: Միգուցե բանկը դատարանների առաջ խիստ պայման է դրել, որ որեւէ մեկի նկատմամբ բարի կամքի դրսեւորում չլինի:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԱՐՏՈՒՇ ՇՈՈՒ
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով արտագնա դատական նիստը: Մինչ դրա սկիզբը, կարգադրիչները արգելեցին պաշտպաններ Լուսինե Սահակյանին, Մուշեղ Շուշանյանին եւ Արա Զաքարյանին մուտք գործել նիստերի դահլիճ: Պատճառն այն է, որ նրանք չէին բացում իրենց պայուսակը: Ըստ կարգադրիչների՝ պայուսակը զննելիս մետաղորսիչը ազդանշան է տվել: Լուսինե Սահակյանը բացատրեց, որ իր պայուսակը երկաթներով է, գուցե դրա համար էլ ձայն է գալիս: Ի դեպ, ասաց, որ այն դատարկ է: Նույն պատճառով նիստերի դահլիճ չկարողացավ մտնել նաեւ Մուշեղ Շուշանյանը: Իսկ Արա Զաքարյանն իր պայուսակի փոխարեն տոպրակ վերցրեց, որից հետո կարողացավ մտնել նիստերի դահլիճ: Նիստը սկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը ընթերցեց Լուսինե Սահակյանի եւ Մուշեղ Շուշանյանի վերաբերյալ կազմած կարգադրիչների արձանագրությունը, ինչի ընթացքում Արայիկ Խանդոյանը փորձում էր հայտարարություն անել, սակայն դատավորը նրան նախազգուշացրեց, որ նիստը խանգարելու դեպքում իր նկատմամբ սանկցիա կկիրառի: Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանն էլ պարզաբանեց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի եւ ջուր է խնդրում: Այս ընթացքում, սակայն, դատավորը որոշում կայացրեց Արայիկ Խանդոյանին դահլիճից հեռացնելու վերաբերյալ: Արայիկ Խանդոյանին նիստերի դահլիճից հեռացրին ոստիկանները: Արա Ղարագյոզյանը նշեց, որ ամբաստանյալին կարող են հեռացնել միայն դատական կարգադրիչները, ինչը դատավորն անարձագանք թողեց: Ապա մեկ ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի եւ Լուսինե Սահակյանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու:




Լրահոս