Իսկ ի՞նչ են ուզում պարզել ՀՔԾ քննիչները. 40 դատավոր փրկվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս այս տարվա հունիսի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել դատավորների դեմ կայացրած վճիռների կատարման վերաբերյալ, եւ շուրջ 40 դատավորների քննիչները կանչում են հարցաքննության: Մասնավորապես քննիչները հատուկ հարցաքննության էին հրավիրում քրեական գործերը քննող դատավորներին: Իսկ ինչ էին պարզել իրավապահները:

Բանն այն է, որ մի շարք դատավորներ վճիռ են կայացրել, օրինակ, մեղադրյալին ազատազրկման դատապարտել 3 տարի ժամկետով: Կայացրած վճիռից հետո դատավորը կամ նրա օգնականը պետք է համապատասխան մարմիններին ուղարկեին գրություն, որ այս կամ այն գործով մեղադրյալը, որը գտնվում է ազատության մեջ, դատարանի որոշմամբ ազատազրկման է դատապարտվել, ուստի անհրաժեշտ է տվյալ անձին կալանավորել եւ տեղափոխել քրեակատարողական հիմնարկ:

Սակայն դատավորները վճիռը կայացրել են, բայց կայացրած վճիռի հետագա կատարման հարցը թողել են օդից կախված: Ահա նմանօրինակ քրեական գործեր ձեռքի տակ ունենալով` ՀՔԾ-ում հարուցել են քրեական գործ, ու դատական համակարգում քրեական գործեր քննող շուրջ 40 դատավորների կանչել են հարցաքննության:

Իսկ ի՞նչ են ուզում պարզել ՀՔԾ քննիչները: Մեզ հայտնի դարձավ, որ վերջիններս փորձում են պարզել, թե դատավորները անփութությո՞ւն են ցուցաբերել` իրենց կայացրած վճիռների կատարումները չիրականացնելով, թե՞ այլ շահագրգռվածություն են ունեցել, որ չեն իրականացրել վճռի կատարումը մինչեւ վերջ:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ մեզ հասած տեղեկություններով` հարցաքննված դատավորներից են եղել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը եւ շատ այլ դատավորներ:

Նշենք, որ այս գործով ՀՔԾ-ն շուրջ 40 դատավորի հարցաքննել է եւ ըստ էության հասկացել, որ արձանագրված դեպքերը տեխնիկական խնդիրների պատճառով են առաջացել, ու դատավորները շահագրգռվածություն չեն ունեցել: Արդյունքում, հարուցված քրեական գործը կարճվել է:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՔԾ-ից պարզել, թե ինչ հիմնավորմամբ են քրեական գործի հարուցումը կարճել, ինչպե՞ս են համոզվել, որ դատավորները միտում չեն ունեցել: Ի պատասխան` ՀՔԾ-ից միայն հաստատեցին, որ հարուցված քրեական գործը կարճվել է՝ այլ մեկնաբանություն չտալով:

Քնար Մանուկյան




Լրահոս