ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը նամակով դիմել է Սյունիքի մարզպետին՝ Մեղրու խոշորացված համայնքի թիվ 2 դպրոցում տեղի ունեցածի շուրջ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, թե դպրոցներում առհասարակ նման միջոցառումներն անցկացվելն արգելված է, որ ժամին էլ դա լինի:
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 26-ին թիվ 2 դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական Մերի Հակոբյանը հենց դպրոցում ՀՀԿ-ի Մեղրիի շրջանային կազմակերպության անդրանիկ նիստն է անցկացրել, որին էլ մասնակցել է ուսուցչական անձնակազմը: Դպրոցի տնօրենի կողմից վարվող նիստի ժամանակ ուսուցիչներին նույնիսկ Հանրապետական կուսակցության անդամատոմսեր էին բաժանվել:
Եվ չնայած նախարարը նշում է, թե նման միջոցառումն արգելված է դպրոցում, եւ այստեղ ժամը որեւէ նշանակություն չունի, սակայն Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը ArmLur.am-ի հետ զրույցում արդարացել էր, թե տեղի ունեցածի մեջ օրենսդրական որեւէ խախտում չի եղել: «Ժողովը տեղի է ունեցել ժամը երեքն անց կես՝ դասերից հետո: Մենք գտնում ենք, որ օրենքին հակասող ոչ մի բան տեղի չի ունեցել», – նշել էր նա:
Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ կետում հստակ ասվում է. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Իսկ ինչպես է տեղի ունեցածին արձագանքում եւ ինչ քայլեր կձեռնարկի Լեւոն Մկրտչյանը, ով ժամանակին ուսումնական հաստատություններն ապաքաղաքականացնելու շուրջ բազմաթիվ շրջաբերականներ էր ուղարկել:
-Պարո՛ն Մկրտչյան, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում Մեղրիի դպրոցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ:
-Մենք խնդրին տեղեկացել ենք եւ համապատասխան նամակով կդիմենք մարզպետին՝ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար: Տեղի ունեցածն անթույլատրելի է, կդիմենք մարզպետին, որպեսզի քննեն, քանի որ դա զուտ կրթական եւ գիտական տարածք է:
-Ո՞վ է մեղավոր տեղի ունեցածում:
-Իհարկե, տնօրենը, նա է իր սեփական նախաձեռնությամբ արել դա: Վստահ եղե՛ք, որ որեւէ այլ խնդիր այդտեղ չկա:
-Մեղրու քաղաքապետը մեզ հետ զրույցում ասել է, թե այդ միջոցառումը եղել է երեքն անց կես եւ հետեւաբար օրենքին չի հակասում:
-Ես կարծում եմ, որ ընդհանրապես դպրոցի տարածքը չպետք է օգտագործվի նման նպատակներով: Իմ կարծիքով՝ այստեղ ժամը նշանակություն չունի: Կարող էին մեկ այլ տարածքում անել իրենց միջոցառումը:
-Իսկ ի՞նչ հետեւանքներ կունենա տեղի ունեցածը: Դպրոցի տնօրենը կզգուշացվի՞:
-Դպրոցի տնօրենին պետք է դիտողություն արվի, որպեսզի այսուհետ նման գործողություններ չլինեն: Ինքը ժողով է հրավիրել, սակայն ոչ նախընտրական շրջան է: Պարզապես պետք է զգուշացնել, կարող է եւ չիմացության արդյունք է: Պետք է հասկանալ՝ ինչ է եղել: Մենք դիմել ենք, որ քննեն, ուսումնասիրեն, հասկանան՝ ինչ է եղել: Եթե այդ պահին այդտեղ ընտրություն լիներ, դա ուրիշ խնդիր է, բայց նման իրավիճակ չէ:
-Դուք մշտապես բարձրաձայնել եք կրթական հաստատություններն ապաքաղաքականացնելու անհրաժեշտության մասին: Փաստորեն Ձեր շրջաբերականները շրջանցվում են: Ի՞նչ է պետք անել:
-Պետք է լուրջ ուշադրություն դարձնել նաեւ դպրոցական խորհուրդների ձեւավորման սկզբունքներին: Պետք է նաեւ հասարակության համարժեք արձագանքը, ինչը եւ լինում է նման դեպքերում: Օրենսդրական կարգավորումներ եւս անհրաժեշտ է: Ընդհանրապես պետք է արմատապես վերանայել դպրոցների կառավարման համակարգը, որպեսզի դպրոցի տնօրենն այլեւս կենտրոնանա բովանդակային խնդիրների վրա. կրթական որակի, բովանդակային խնդիրների եւ խորհուրդների դերակատարությունը պետք է կտրուկ մեծանա, եւ պետք է հստակեցնենք այդ խորհուրդների կազմի ընտրության ձեւաչափը եւ այդ ուղղությամբ էլ մշակում ենք ծրագիրը:
Հ.Գ. Պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սյունիքի մարզպետարան, որտեղից նշեցին, թե այդ պահի դրությամբ կրթության եւ գիտության նախարարությունից գրություն չեն ստացել: Սյունիքի մարզպետարանից հայտնեցին, թե մարզպետ Վահե Հակոբյանի հանձնարարությամբ մարզպետարանի կրթության վարչությունն իրականացնում է ստուգումներ՝ կատարվածի փաստական հանգամանքները պարզելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, թե մարզպետարանի կրթության վարչությունը կատարվածի փաստական հանգամանքների լիարժեք եւ համակողմանի ուսումնասիրությունից հետո կներկայացնի համապատասխան եզրակացություններ, եւ եթե դպրոցի տնօրենի արարքում օրենքին հակասող հանգամանքներ ի հայտ գան, կձեռնարկվեն օրենքով սահմանված միջոցներ:
Հավելենք, որ դպրոցի տնօրեն Մերի Հակոբյանը արդարացել է, թե իր կողմից կուսակցական տոմսերը տրամադրվել են դպրոցում դասապրոցեսի ավարտից հետո եւ որեւէ կերպ չի խոչընդոտել կրթական գործընթացը: Նա իր գործողություններում հակաօրինական տարրեր չի տեսնում: Թե, ի վերջո, ինչպես կզարգանան իրադարձությունները, եւ ինչ արդյունք կտան ուսումնասիրությունները, ցույց կտա ժամանակը, սակայն հաշվի առնելով խորհրդարանական ընտրություններից առաջ ի հայտ եկած դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների պատմությունը՝ արդեն կարող ենք եզրակացնել, որ Մեղրիի թիվ 2 դպրոցի տնօրենն այդպես էլ անպատիժ կմնա: Թերեւս ոչ ոք չի զարմանա, եթե որոշ ժամանակ անց նա նույնիսկ արժանանա որեւէ խրախուսման ՝ «արժանի» ՀՀԿ-ական լինելու համար:
զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը