Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը չի կիսում ՀՀ արդարադատության խորհուրդի որոշումը:
Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Կենտրոնի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ նկատողություն էր հայտարարվել, բացի այդ՝ նա 6 ամիս կզրկվի աշխատավարձի 25 տոկոսից: Այս ամենի պատճառն այն է, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն էր ներկայացրել արդարադատության խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, ինչ էլ, ըստ էության, բավարարվեց:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ Երեւան Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի հետ:
-Պարո՛ն Մելքումյան, Ձեզ նկատողություն են հայտարարել եւ զրկել են 6 ամիս աշխատավարձի 25 տոկոսից, կիսո՞ւմ եք արդարադատության խորհրդի որոշումը:
-Չէ՛, չեմ կիսում, բայց ամեն դեպքում, եթե խորհուրդը այդպես է որոշել, բան չունեմ ասելու, իհարկե, չեմ կիսում:
-Ի՞նչ որոշում էիք կայացրել, որ արդարադատության խորհուրդը որոշեց պատժել Ձեզ:
Ճիշտն ասած՝ չեմ ցանկանա մեկնաբանել:
-Ձեր դեմ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի բողոք ներկայացնողը քաղաքացի՞ է եղել, թե՞ այլ անձ, քանի որ եղել են դեպքեր, որ անգամ դատավորներն են իրենց կոլեգաներին պատժելու համար դիմել հանձնաժողով:
-Քաղաքացու բողոքն է եղել:
-Արդարադատության խորհրդի որոշումները դատավորին դաս տալի՞ս են, հետեւություն անո՞ւմ եք, որ էլ նման բան չկրկնվի:
-Բնականաբար այո, բայց չեմ ցանկանա մեկնաբանել, եթե խորհուրդը նման բան է որոշել ավելացնելու բան չունեմ, եթե ճիշտը դա է, ուրեմն դա է:
-Դուք չեք կիսում որոշումը, եւ չե՞ք փորձել ապացուցել Ձեր ճշմատացիությունը, թե՞ վախենում եք:
-Չէ՛, ոչ մի վախ չկա, ուղղակի, եթե խորհուրդը գտել է, որ ճիշտը նման բան կիրառելն է, ես չեմ կարող վիճարկել կամ համաձայն չլինել, բայց ներքուստ չեմ կիսում, քանի որ կարծում եմ՝ պատիժը ավելի մեղմ պետք է լիներ: էլի եմ կրկնում, խորհուրդը որոշել է, ուրեմն դա է ճիշտը:
-Դուք նիստին մասնակցե՞լ եք, գոնե այնտեղ կարծիք հայտնե՞լ եք, որ չեք կիսում իրենց տեսակետը:
-Այո՛, եղել եմ, իմ դիրքորոշումն էլ եմ ասել, բացատրել եմ, ամեն դեպքում որոշողը խորհուրդն է եղել եւ կայացրել է որոշում, ուղղակի չեմ ցանկանա մեկնաբանել:
Քնար Մանուկյան