Օտարերկրյա ներդրումների քանակը՝ տխուր վիճակում. Հայաստանին «մոռացել են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերն ի սկզբանե չհավատացին Հայաստանում այս տարվա ընթացքում 850 մլն, իսկ ընդհանրապես առաջիկա հինգ տարիներին 3.2 մլրդ դոլարի ներդրումներ ապահովելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի խոստմանը: Հիմա պաշտոնական վիճակագրությունն է հիմնավորում, որ Կարեն Կարապետյանի խոստումն այդպես էլ կմնա անկատար, եւ այս տարի 850 մլն դոլարի ներդրումները, գոնե միջազգայնորեն ընդունված չափանիշների համապատասխան, չեն ապահովվի:

ԱՎԾ-ն երեկ հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում «իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների» վիճակագրությունը: Ըստ այդմ, ինը ամիսներին ուղղակի ներդրումները կազմել են 58 մլրդ 507.7 մլն դրամ կամ 120.6 մլն դոլար: Սա 12.1 մլրդ դրամով կամ 25.1 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ում իրականացված ներդրումների համեմատ: Բայց, չնայած այդ աճին, ոչ մի կերպ չենք մոտենում կառավարության ղեկավարի խոստացած ցուցանիշներին:

Այս տարի եւս ներդրումները հիմնականում ուղղվել են հանքարդյունաբերության ոլորտ. միայն 58 մլրդ դրամ ուղղակի ներդրում արվել է Ջերսի օֆշորային կղզուց: Խոսքը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի մասին է, որը սկսվել էր դեռ նախկին կառավարության օրոք: «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու թույլտվություն ստանալիս ներկայացրել էր իր ներդումային ծրագիրն ըստ տարիների, եւ հիմա իրագործում է դրանք: 7 մլրդ դրամի ներդրում էլ հանքարդյունաբերության ոլորտում արվել է Գերմանիայից: Իսկ ահա տնտեսության մյուս ոլորտներում օտարերկրյա ուրիշ պետություններից ներդրումները եղել են աներեւակայելի քիչ, եւ չեն գերազանցում 5 մլրդ դրամը:

Դեռ ավելին՝ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամսիներին ՀՀ-ից արտահանել է 17.1 մլրդ դրամի կապիտալ: Հայաստանից իր կապիտալն արտահանել է նաեւ Ֆրանսիան` 1.9 մլրդ դրամի չափով, Լիբանանը` 8.9 մլրդ դրամի չափով, Վրաստանը՝ 10 մլն-ի չափով: Միաժամանակ այս տարի իրենց ներդրումները նվազեցրել են մի շարք երկրներ: Օրինակ՝ Կիպրոսից ուղղակի ներդրումները պակասել են 32.7 մլրդ դրամի, Միացյալ Թագավորություններից` 30.4 մլրդ դրամի, Լյուքսեմբուրգից` 28.4 մլրդ դրամի չափով: ԱՄՆ-ից ուղղակի ներդրումները պակասել են 6.2 մլրդ դրամի, Արգենտինայից` մոտ 1 մլրդ դրամի չափով:

Այս պատկերը տխուր հետեւությունների տեղիք է տալիս. հակառակ իշխանությունների գործադրած ջանքերին, Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, խոշոր ներդրողների համար խոստացած երաշխիքներին՝ Հայաստանը շարունակում է օտարերկրյա բիզնեսի համար անհետաքրքիր, անհեռանկարային երկիր մնալ:

Պատճառները ե՛ւ օբյեկտիվ են, ե՛ւ սուբյեկտիվ. ի վերջո, Ղարաբաղյան հակամարտության առկայությունը, ըստ այդմ, տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը, հարեւան երկրների հետ փակ սահմանների առկայությունը, արդարադատության համակարգի իսպառ բացակայությունը, օրեցօր նվազող բնակչությունը, տնտեսական մենաշնորհները եւ այսպես շարունակ: Եւ բացի այդ՝ նույն այս իշխանությունները տարիներ շարունակ ապացուցել են իրենց անկարողությունը:

Առաջիկայում իշխանությունները կրկին կփորձեն արդարանալ եւ համոզել, թե ԱՎԾ ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը, որ ներդրումները պետք է հաշվարկել միանգամայն այլ մեթոդաբանությամբ, ու այդ դեպքում «ամեն ինչ կընկնի իր տեղը»: Բայց սրանք ընդամենը արդարացումներ են. ի վերջո, ԱՎԾ-ն ուղղակի օտարերկրյա ներդրումները հաշվարկում է միջազգային ստանդարտներով, իսկ կառավարությունն իր մեթոդաբանությունն է հնարել, որտեղ ներդրման անվան տակ հաշվարկում են ամեն ինչ, այդ թվում` վերցված վարկերն ու փոխառությունները: Եւ այսպես փորձում ցույց տալ, թե իրենց խոստումները կատարել են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս