ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերն ի սկզբանե չհավատացին Հայաստանում այս տարվա ընթացքում 850 մլն, իսկ ընդհանրապես առաջիկա հինգ տարիներին 3.2 մլրդ դոլարի ներդրումներ ապահովելու մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի խոստմանը: Հիմա պաշտոնական վիճակագրությունն է հիմնավորում, որ Կարեն Կարապետյանի խոստումն այդպես էլ կմնա անկատար, եւ այս տարի 850 մլն դոլարի ներդրումները, գոնե միջազգայնորեն ընդունված չափանիշների համապատասխան, չեն ապահովվի:

ԱՎԾ-ն երեկ հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում «իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների» վիճակագրությունը: Ըստ այդմ, ինը ամիսներին ուղղակի ներդրումները կազմել են 58 մլրդ 507.7 մլն դրամ կամ 120.6 մլն դոլար: Սա 12.1 մլրդ դրամով կամ 25.1 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ-ում իրականացված ներդրումների համեմատ: Բայց, չնայած այդ աճին, ոչ մի կերպ չենք մոտենում կառավարության ղեկավարի խոստացած ցուցանիշներին:
Այս տարի եւս ներդրումները հիմնականում ուղղվել են հանքարդյունաբերության ոլորտ. միայն 58 մլրդ դրամ ուղղակի ներդրում արվել է Ջերսի օֆշորային կղզուց: Խոսքը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի մասին է, որը սկսվել էր դեռ նախկին կառավարության օրոք: «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու թույլտվություն ստանալիս ներկայացրել էր իր ներդումային ծրագիրն ըստ տարիների, եւ հիմա իրագործում է դրանք: 7 մլրդ դրամի ներդրում էլ հանքարդյունաբերության ոլորտում արվել է Գերմանիայից: Իսկ ահա տնտեսության մյուս ոլորտներում օտարերկրյա ուրիշ պետություններից ներդրումները եղել են աներեւակայելի քիչ, եւ չեն գերազանցում 5 մլրդ դրամը:
Դեռ ավելին՝ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ից արտահանել է 17.1 մլրդ դրամի կապիտալ: Հայաստանից իր կապիտալն արտահանել է նաեւ Ֆրանսիան` 1.9 մլրդ դրամի չափով, Լիբանանը` 8.9 մլրդ դրամի չափով, Վրաստանը՝ 10 մլն-ի չափով: Միաժամանակ այս տարի իրենց ներդրումները նվազեցրել են մի շարք երկրներ: Օրինակ՝ Կիպրոսից ուղղակի ներդրումները պակասել են 32.7 մլրդ դրամի, Միացյալ Թագավորություններից` 30.4 մլրդ դրամի, Լյուքսեմբուրգից` 28.4 մլրդ դրամի չափով: ԱՄՆ-ից ուղղակի ներդրումները պակասել են 6.2 մլրդ դրամի, Արգենտինայից` մոտ 1 մլրդ դրամի չափով:
Այս պատկերը տխուր հետեւությունների տեղիք է տալիս. հակառակ իշխանությունների գործադրած ջանքերին, Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, խոշոր ներդրողների համար խոստացած երաշխիքներին՝ Հայաստանը շարունակում է օտարերկրյա բիզնեսի համար անհետաքրքիր, անհեռանկարային երկիր մնալ: Պատճառները ե՛ւ օբյեկտիվ են, ե՛ւ սուբյեկտիվ. ի վերջո, Ղարաբաղյան հակամարտության առկայությունը, ըստ այդմ, տարածաշրջանում պատերազմի վերսկսման վտանգը, հարեւան երկրների հետ փակ սահմանների առկայությունը, արդարադատության համակարգի իսպառ բացակայությունը, օրեցօր նվազող բնակչությունը, տնտեսական մենաշնորհները եւ այսպես շարունակ: Եւ բացի այդ՝ նույն այս իշխանությունները տարիներ շարունակ ապացուցել են իրենց անկարողությունը:
Առաջիկայում իշխանությունները կրկին կփորձեն արդարանալ եւ համոզել, թե ԱՎԾ ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը, որ ներդրումները պետք է հաշվարկել միանգամայն այլ մեթոդաբանությամբ, ու այդ դեպքում «ամեն ինչ կընկնի իր տեղը»: Բայց սրանք ընդամենը արդարացումներ են. ի վերջո, ԱՎԾ-ն ուղղակի օտարերկրյա ներդրումները հաշվարկում է միջազգային ստանդարտներով, իսկ կառավարությունն իր մեթոդաբանությունն է հնարել, որտեղ ներդրման անվան տակ հաշվարկում են ամեն ինչ, այդ թվում` վերցված վարկերն ու փոխառությունները: Եւ այսպես փորձում ցույց տալ, թե իրենց խոստումները կատարել են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

50 ՀԱԶԱՐՈՎ ՆՎԱԶԵԼ Է
Հայաստանում վերջին տարիներին հացի արտադրության ծավալների անկումը դարձել է շարունակական: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ այս տարվա 10 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հացի արտադրության ծավալները նվազել են 2.4 տոկոսով: Այսինքն՝ այս տարվա տասը ամիսներին արտադրվել է 226 հազար 800 տոննա հաց՝ անցած տարվա 232 հազար 400 տոննայի դիմաց: Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Հայտնի փաստ է, որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները: Սա ենթադրում է, որ հաց սպառողների թիվը Հայաստանում շուրջ 50 հազարով նվազել է:

 

 

 

ՈՂՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե ԱԺ-ն ողջամիտ կգտնվի եւ կընդունի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը: Ինչպես հայտնի է՝ այս օրենքի նախագծի վերբերյալ մինչ այս բազմաթիվ հանրային քննարկումներ, խորհրդարանական լսումներ են եղել, իսկ կուլիսային խոսակցությունների համաձայն՝ ՀՀԿ-ականներն ընդհուպ երդվել էին, որ այս օրենքը չպետք է ընդունվի: Այժմ օրենքում փոփոխություններ են կատարվել, փոխվել է նաեւ վերնագրի շեշտադրումը, երեկ օրենքի փոփոխված տարբերակը քննարկվեց պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում եւ կքննարկվի դեկտեմբերի 5-ից մեկնարկող ԱԺ քառօրյայում: Սակայն Դավիթ Հարությունյանը չի վախենում ՀՀԿ-ականների քննադատությունից, այլ ընդգծեց, թե բուռն քննարկումը նույնիսկ օգնել է իրենց օրենքում փոփոխություններ անելու հարցում: «Այն օգնեց մեզ կատարելագործելու օրենքը եւ այս առումով ՀՀԿ-ի բուռն քննարկումը ողջունելի է: Անկեղծորեն վստահ եմ, որ ԱԺ-ն ողջամիտ կգտնվի եւ կընդունի այս օրենքը», – նշեց նա:

 

 

 

ՁԵՌՈՒՈՏ
Չնայած էրեբունի-Երեւանի 2800-ամյակին դեռ մեկ տարի կա, սակայն Երեւանի քաղաքապետարանը ձեռուոտ է ընկել. մտածում է` որտեղ է հյուրընկալելու իր հյուրերին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ այս օրերին քաղաքապետարանը հյուրերի համար մատչելի տներ եւ հյուրանոցներ է փնտրում: Մեր տեղեկություններով, սակայն, եղել են տանտերեր, որոնք մերժել են քաղաքապետարանի առաջարկը` հայտարարելով, որ փող աշխատելու ամենալավ շրջանում չեն կարող քաղաքապետարանին նվեր անել. էժան գներով վարձակալության տալու փոխարեն Երեւանի հյուրերին գոնե իրենց մշտական գներով տուն կհատկացնեն:

 

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների շրջանակում հանդիպում կունենա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին Մամեդյարովը հայտարարել է Բաքվում Թուրքիայի ու Պակիստանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: «Դեկտեմբերի 6-ին կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը, մենք տվել ենք մեր համաձայնությունն այդ հանդիպման համար»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

 

 

 

ԾԱԽՍԵՐՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է
Կառավարությունը 2018թ. պետբյուջեի նախագծում ավելացնում է ծախսային մասը 15 մլրդ դրամով: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ բյուջեի ծախսային մասը մեծացնելու առաջին բաղադրիչը կապված է սեպտեմբերի համեմատ փոխարժեքի 5 դրամով փոփոխությամբ: Նշված 15 մլրդ դրամից 1 մլրդը նախատեսվում է հատկացնել «Հայաստան» զորախմբին, 1 մլրդ 289 մլն դրամ կուղղվի ջրի սակագնի սուբսիդավորմանը, որպեսզի 11 դրամի բարձրացումը գալիք տարվա ընթացքում բնակչությունն իր վրա չկրի: Լրացուցիչ 1,7 մլրդ դրամ կհատկացվի կառավարության աշխատակազմին՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ: 4-ական մլրդ դրամով էլ կավելացվի առողջապահական ոլորտի ֆինանսավորումն ու կառավարության պահուստային ֆոնդը:

 

 

 

ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Հայաստան: Այս մասին նշվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հանդիպման ժամանակ: Ս. Կարայանը նշել է, որ հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական կապերը քաղաքական երկխոսության մակարդակին հասցնելու համար երկուստեք լուրջ աշխատանք է պետք տանել: Դեսպանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ հայ ֆրանսիական հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական համագործակցության խթանման համար էական նշանակություն ունեն նախօրեին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահության ստանձնումը: Դեսպանն այս համատեքստում կարեւորել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սպասվող այցը Հայաստան:

 

 

 

ՑԱՎԱԼԻ Է
Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ Հայաստանում ձեւավորվել է կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրական լավ դաշտ, առկա է քաղաքական կամք, սակայն այս պայքարը անհնար կլինի առանց հասարակական գիտակցության: «Ես ուշադիր ուսումնասիրել եմ նախագահի ելույթը ՀՔԾ-ում եւ հետագա զեկույցում նշված կոռուպցիայի բացահայտումները: Այնտեղ ներկայացված կոռուպցիայի դեպքերի շարքում կային 2 համալսարանների ռեկտորներ, ինչը շատ ցավալի է: Եթե Հայաստանում կան ուսումնական հաստատություններ, որոնցում կոռուպցիա չկա, ապա մեր խնդիրը պետք է լինի հասնել նրան, որ մյուս ուսումնական հաստատությունները եւս կոռուպցիայից զերծ լինեն»,-ասել է դեսպանը:




Լրահոս