Լավ օրենք է, եթե ծխողներն առանձին ծխեն, չծխողները չտեսնեն` ովքեր են ծխում. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարարության՝ «Ծխախոտային արտադրանքի օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագիծն արդեն հասցրել է լայն քննարկումների առարկա դառնալ` արժանանալով ծխողների դիմադրությանը: Բանն այն է, որ այս նախագծով առաջարկվում է ծխելու արգելք սահմանել բոլոր փակ տարածքներում անխտիր: Մինչդեռ գործող օրենսդրությամբ` այդ արգելքն ընտրովի է: Միաժամանակ ծխսելու դեպքում օրինագծով առաջարկվում է քաղաքացիների նկատմամբ կիրառել հետեւյալ տուգանքները. մեքենայում` 50.000 դրամ, տրանսպորտում, տաքսու մեջ` 100.000 դրամ, վերելակում, գրասենյակում, սրճարանում` 250.000 դրամ: Այլ տուգանքներ. հատով ծխախոտի վաճառքի համար` 300.000 դրամ, դպրոցին 100 մետրից մոտ վաճառքի համար` 500.000 դրամ, ծխելն արգելող նշան չտեղադրելու համար` 100.000 դրամ, ղեկավարին` տարածքում ծխելը չարգելելու համար` 500.000 դրամ, իսկ ծխախոտի գովազդի համար` 700.000 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ պատգամավորներից փորձեց հետաքրքրվել՝ ինչպե՞ս են վերաբերվում այս նախագծին եւ ինչպե՞ս կքվեարկեն, երբ այն բերվի խորհրդարան:

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը պատմեց, որ վերջին երկու տարին է, ինչ թողել է ծխելը, բայց ասում է՝ նախկինում բավական շատ է ծխել: «Ծխելն ամբողջ աշխարհում դիտարկվում է ոչ լավ արարողություն: Նման օրենքներ, կարծում եմ` արժանավայել մի բան ասելու կամ դրա մեջ ինչ-որ հույսեր տեսնելու մեր այսօրվա ապագայի նկատմամբ, էդպիսի բաներ չեմ զգում, իհարկե»,- ասաց նա: Օրինագծի նկատմամբ պարոն Սահակյանի վերաբերմունքը միանշանակ չէ. «Լավ օրենք է, եթե մարդիկ մեկը մյուսին չխանգարեն, ծխողներն առանձին ծխեն, չծխողները չտեսնեն` ովքեր են ծխում»: Ու քանի որ ե՛ւ պատգամավորները, ե՛ւ խորհրդարան եկած պաշտոնյաները հաճախ ծխում են ԱԺ միջանցքներում, պարոն Սահակյանին հարցրինք՝ ճիշտ կլինի՞, որ նրանց եւս տուգանեն:

«Չեմ կարծում, որ նման խնդիրներում անհրաժեշտ է տուգանել: Հասարակությանը պետք է այնպես դաստիարակել, որպեսզի մարդիկ կարողանան նման խնդիրներից օգտվելու, մեկը մյուսին նեղություն չտալու: Տուգանելով կամ չտուգանելով չեմ կարծում, որ մեծ հաջողություններ կունենան, մանավանդ վերջին 5-6 տարիներին շատ տղամարդիկ սկսեցին չծխել: Տուգանելով կամ ինչ-որ մի բանով, ռեժիմներ կիրառելով` անհնար է որեւէ բանի հասնել,- շտապեց արդարացնել նա` միաժամանակ հավելելով,- գիտեք, դա, իմիջիայլոց, ինձ չվերաբերող բան է: Չեմ ուզում այդ ուղղությամբ երկար մտածել, եթե կտուգանեն, թող տուգանեն, եթե նույնիսկ կասկածում են, որ որեւէ տեղ ծխում է, թող էլի տուգանեն»:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս