ՆԱԽԱԳԾԵՐ` ՀԱՏՈՒԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հստակ ուրվագծվում է Հայաստանի ապագա կառավարության եւ, ընդհանրապես, պետական կառավարման համակարգի կառուցվածքը: Միայն թե, նկատենք, որ Հայաստանում նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց եւ խորհրդարանական կառվարման անցնելուց հետո առանձնապես չի փոխվելու իշխանավարման փիլիսոփայությունը. եթե հիմա իշխանությունը կենտրոնացած է նախագահի ձեռքում, ապա նոր Սահմանադրության պարագայում ամեն ինչ որոշելու է վարչապետը, տվյալ դեպքում` կրկին Սերժ Սարգսյանը:

Իմիջիայլոց, կարծես հասարակական-քաղաքական քննարկումների օրակարգից դուրս է եկել հարցը, թե ապրիլից ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը: Չնայած իշխող ՀՀԿ-ն դեռ չի հայտարարել վարչապետի իր թեկնածուի անունը, սակայն պարզ է, որ խորհրդարանական կառավարման համակարգի պարագայում եւս պետության ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը, եւ որ նրան այլեւս չկա այլընտրանք: Ու ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքների նախագծերը գրված են հենց այդ տրամաբանության մեջ` Սերժ Սարգսյանի «հագով»:
Եւ այսպես` «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծով բավական մեծ լիազորություններ են տրված վարչապետին: Փոխարենը սիմվոլիկ է լինելու փոխվարչապետների դերը. նրանք լինելու են վարչապետի հանձնարարականը կատարողը եւ համակարգելու են կառավարության գործունեության՝ իրենց վերապահված առանձին ոլորտները, համաձայնեցնելու եւ ներդաշնակեցնելու են այդ ոլորտներում գործող նախարարությունների գործունեությունը:
Ըստ նախագծի 7-րդ հոդվածի` «Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք պարտադիր են Կառավարության անդամների համար»: Այնտեղ նաեւ նշված է, որ վարչապետը ղեկավարում է կառավարության գործունեությունը եւ համակարգում է կառավարության անդամների աշխատանքը: Բացի այդ` նա հետեւում է կառավարության ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացմանը, ապահովում կառավարության գործունեության միասնականությունը: Վարչապետը նաեւ իրավասու է ընդլայնել նախարարության գործունեության ոլորտը, նաեւ ընդունել որոշումներ ու տալ հանձնարարականներ:
Հատկանշական է նաեւ փաստը, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով վարչապետի ենթակայության տակ են գործելու ուժային կառույցները` ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊՊԾ-ն ու պետական վերահսկողական ծառայությունը: Իսկ պետության մեջ, ինչպես հայտնի է, իշխանությունը պատկանում է նրան, ում ձեռքում կենտրոնացված են լինելու ուժային կառույցները:
Ինչ վերաբերում է պետական կառավարման համակարգի մյուս կառույցներին, ապա դրանք լինելու են կամ կառավարության, կամ առանձին նախարարությունների ենթակայության տակ: Օրինակ` կառավարությանն են ենթարկվելու ՊԵԿ-ը, միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, նաեւ տեսչական մարմինները` առողջապահական, կրթության, շուկայի վերահսկողության, տրանսպորտի տեսչությունները եւ այլն: Իսկ կառավարման մյուս մարմինները` պետական գույքի կառավարման կոմիտեն, անշարժ գույքի կադաստրի կոմիտեն, քաղավիացիայի կոմիտեն, փրկարար, միգրացիոն ծառայությունները եւ այլն, ենթարկվելու են նախարարություններին: Թե կոմիտեներից որը որ նախարարությանն է ենթարկվելու, դեռեւս հստակեցված չէ. դա պետք է սահմանի կառավարությունը:
Հետաքրքիր մեկ փաստ եւս. օրենսդրությամբ շատ քիչ են վարչապետի պաշտոնանկության հիմքերը: Նախագծում նշված է, որ վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել, եթե կորցրել է ՀՀ քաղաքացիությունը կամ ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն, կամ եթե խախտել է պաշտոնավարման անհամատեղելիության պահանջները, այսինքն` զբաղեցրել է այլ պաշտոն: Միաժամանակ վարչապետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ վերջինս մահացել է, կամ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ էլ օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը: Ի դեպ, վարչապետին անվստահություն կարող է հայտնել նաեւ ԱԺ-ն` Սահմանադրության 115 հոդվածի համաձայն, եւ խորհրդարանում այդ որոշումն ընդունվելու դեպքում համարվում է, որ կառավարության ղեկավարն ինքն է հրաժարական ներկայացրել: Բայց նման գործընթաց ԱԺ-ն կարող է սկսել միայն վարչապետի նշանակումից մեկ տարի անց նոր միայն:
Ինչեւէ, թե որքանո՞վ արդյունավետ կլինի կառավարման նոր համակարգը, ցույց կտա ժամանակը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ՝ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրաժարականի դիմումը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նշեց Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Իսկ ի՞նչ հիմնավորմամբ է նախարարը հրաժարականի դիմում գրել, հետաքրքրվեցինք Հակոբյանից: «Նախարարի դիմումի մեջ հրաժարականի պատճառները նշված չեն»,- տեղեկացրեց նա: Նշենք, որ Մանուկյանի հրաժարականի փաստը պաշտոնապես հաստատվեց հունվարի 18-ին, սակայն մինչեւ հիմա Սերժ Սարգսյանը չի ստորագրել նրան աշխատանքից ազատելու հրամանագիրը: Մինչ այդ, նախարարը, որ ստիպված է պաշտոնավարել, մասնակցում էր նաեւ կառավարության նիստին: Ի դեպ, Վ. Հակոբյանը չպատասխանեց մեր այն հարցին, թե ե՞րբ է Ս. Սարգսյանը պատրաստվում ընդունել նախարարի հրաժարականը: Հավելենք, որ այս պաշտոնում որպես հավանական թեկնածու շրջանառվում է վարչապետի հասարակական հիմունքներով գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանի անունը:

 

 

ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ոչ մեկ անգամ բարձրաձայնվել է կառավարության անդամների՝ լրագրողների հետ բաց եւ թափանցիկ աշխատելու մասին: Սակայն այդ հորդորը միշտ մնացել է որպես հորդոր եւ գործնականում չի կիրառվել, քանի որ շատ նախարարներ մինչ այժմ էլ գերադասում են կառավարության նիստերից հեռանալ ետնամուտքով՝ այդկերպ խուսափելով լրագրողներից: Հիմա էլ կառավարության լրատվական ծառայությունն է որոշել «օգնել» լրագրողներին եւ միջանցքում ամբիոն է տեղադրել, որպեսզի նախարարները գան եւ զրուցեն լրագրողների հետ: Իրականում այս շատ բարի արարքը լուրջ խոչընդոտներ է պարունակում լրագրողների համար: Նախ` լրագրողների հարցերին պատասխանում են միայն այն նախարարները, ում կառավարությունն է «գործուղում»: Եւ հիմնականում նրանք են, ում նախկինում հաճախ հարցեր ուղղելու հնարավորություն կար: Բացի այդ` լրագրողը որեւէ նախարարի առանձին որեւէ հարց ուղղելու հնարավորությունից զրկված է, քանի որ պետք է գտնվի միայն հատուկ տարածքում, որպեսզի կառավարության թիկնազորը «անզգույշ չքաշքշի»: Այսպիսով` մյուս արտոնյալ նախարարներին հարցեր տալու իրավունքից լրագրողները պրակտիկորեն զրկված են: Շատ թափանցիկ ու ժողովրդավարական իրավիճակ է:
 

ՍՈՑԱՊԻ ՀԱՐՈՒՍՏԸ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը, ով երկար տարիներ զբաղեցնում է այս պաշտոնը, հասցրել է մեծ ունեցվածք կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, երկու հողամաս: Նրա փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են 32 մլն 844 հազար դրամ: Դրամական միջոցները կազմում են 18.5 մլն դրամ, 32 հզ. դոլար, 7800 եվրո, 142 հզ. ռուսական ռուբլի եւ 1500 վրացական լարի: Սակայն նրա միակ եկամուտը երկու վայրից ստացած աշխատավարձն է, որը ընդհանուր կազմել է 3 մլն 253 հզ. դրամ: Ու հետաքրքիր է՝ ինչպե՞ս է այսպես հարստացել:

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռուբեն Վարդազարյանը: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանը սույն որոշումը կայացրել է` հիմք ընդունելով ՀՀ ԱԺ-ի կողմից 2017թ.-ի 21 դեկտեմբերի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-34-Ն ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը եւ ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018թ. հունվարի 26-ից: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 24-ի իր համարում գրել էր, որ հունվարի 25-ից նոր դատական համակարգ է լինելու եւ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ամեն ինչ անում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

 

 

ԴԺԳՈՀ Է ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ
Ներկայիս ԱՎԾ-ն առաջիկայում դառնալու է կառավարության ենթակա «Վիճակագրական կոմիտե». այդպես է նախատեսված արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագծում: Մինչ այդ, սակայն, կառավարության երեկվա նիստում քննարկվում էր «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը, եւ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանն անդրադարձավ օրենսդրությամբ իր ղեկավարած կառույցի ապագա կարգավիճակին` դժգոհելով. «Բոլոր միջազգային բառարաններում նշված է, որ կոմիտեն մարդկանց փոքր խումբ է, կառավարման մարմին չէ։ Միջազգային փորձագետների ու կառույցների հետ քննարկումների ժամանակ քննադատության են արժանանում հետխորհրդային երկրների վիճակագրական ծառայությունները, որոնց անվանումն ու կարգավիճակը կոմիտե է։ Կոմիտե եւ հանձնաժողով անվանումները նույնական են, ուստի խնդրում եմ վերադառնալ եւ կոչել ոչ թե կոմիտե այլ ազգային վիճակագրական ծառայություն»: Սակայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հակադարձեց. «Մենք այսօր ունենք բազում կոմիտեներ, որոնք եթե Օքսվորդի բառարանով առաջնորդվեինք, չպետք է կոչեինք կոմիտե»։ Հարությունյանն օրինակ բերեց գիտության պետական կոմիտեն, ջրային կոմիտեն եւ այլն:




Լրահոս