Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի Պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը հացադուլ է հայտարարել:
«Ի պատասխան Սահակ Մինասյանի կամայականությունների՝ հայտարարում եմ անժամկետ հացադուլ:
ՀՀ նախագահին եւ վարչապետին ուղղված 2017 թվականի սեպտեմբերի 25-ի մեր բաց նամակից հետո ռեկտոր Սահակ Մինասյանը շարունակում է իր ինքնագործունեությունը` բուհը հասցնելով կատարյալ աղետի: Որոշ չինովնիկների եւ օրենսդիրների մինասյանապաշտպան գործունեությունը ցույց տվեց, որ Հանրապետության նախագահին հասցվող տեղեկատվությունը մեզ թվում է` միակողմանիորեն ուղղված է Մինասյանի շահերի պաշտպանությանը, այսինքն` նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվում է, մեղմ ասած, ոչ լիարժեք տեղեկատվություն, ինչը նախագահին թույլ չի տալիս ըստ էության ամբողջական գնահատել այն արհավիրքները, որոնք կատարեց Մինասյանը համալսարանում:
Փետրվարի 5-ին «Սոցիալական գիտությունների եւ իրավունքի ֆակուլտետ»-ի խորհրդում ես եւ Գագիկ Համբարյանը, ՇՊՀ կանոնադրությունը ձեռքերիս, ցույց տվեցինք, որ դեկանների եւ վարիչների ընտրությունները պետք է կատարվեն ֆակուլտետների խորհուրդներում, սակայն իրեն օրենքից վեր համարող ռեկտորն առաջնորդվում է սեփական կապրիզներով եւ անձնական մղումներով` նշված ընտրությունները կամայականորեն տեղափոխելով գիտական խորհուրդ:
Ի պատասխան ռեկտոր Մինասյանի` համալսարանի կանոնադրությունն արհամարհելու ակնհայտ որոշման` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի` հայտարարում եմ անժամկետ հացադուլ: Հարկավ, ինձ քիչ թե շատ ճանաչողները շատ լավ հասկանում են, որ նման քայլը ոչ թե հուսահատության հետեւանք է, այլ բողոք, ինչի նպատակը հասարակության եւ պատկան մարմիների արձագանքն է Շիրակի պետական համալսարանում հերթական անգամ կատարվող անօրինականությանը:
Կոչ-պահանջս ուղղում եմ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին: Պարոն նախարար, կասեցրե´ք փետրվարի 12-ին համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետների դեկանների եւ ամբիոնների վարիչների ընտրությունը, ինչը հակասում է համալսարանի կանոնադրության պահանջներին, այդ ընտրությունները պետք է իրականացնեն ֆակուլտետների խորհուրդները: Ռեկտորին շահավետ, ցանկալի տարբերակով ընտրություններ իրականացնելը միանշանակ անօրինական է»: