Դավոսյան տնտեսական համաժողովին մասնակցելու համար հատուկ չարտերային չվերթով վարչապետ Կարեն Կարապետյանի` Շվեյցարիա այցի շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Հիշո՞ւմ եք, երբ Կարեն Կարապետյանը սոցիալական ցանցերում հրապարակեց լուսանկարներ ինքնաթիռից, կառավարությունից շտապեցին պարզաբանել, թե նա մեկնել է մասնավոր օդանավով, որի համար պետական բյուջեից որեւէ գումար չի տրամադրվել:
Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ այցից առաջ` հունվարի 11-ին, վարչապետը պաշտոնական պատվիրակություն գործուղելու մասին որոշում է կայացրել, որտեղ եւ հանձնարարված է բյուջեից գումարներ տրամադրել այդ նպատակով: «Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»,- նշված է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2018թ. հունվարի 11-ի 4-Ա որոշման մեջ:
Վարչապետի խոսնակը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում էր՝ չվերթը բյուջեի վրա նստել է զրո դրամ: Բայց փաստն այն է, որ իր որոշման մեջ վարչապետը հանձնարարել է բյուջեից գումար տրամադրել, ու նշված չէ, թե ինչքան: Ի դեպ, վարչապետը չարտերային չվերթով մեկնել էր նաեւ Ղազախստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. վերջին ուղեւորության մանրամասները եւս կառավարությունը գաղտնի է պահում, թեեւ այս դեպքում եւս հանձնարարական կա ինքնաթիռի չվերթի կազմակեպման հետ կապված ծախսերը բյուջեի միջոցներից կատարելու մասին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Մերի Մարտիրոսյան, Էդգար Բաղդասարյան