Շատերը կհիշեն նախորդ տարվա մայիսին նոր ձեւավորված ԱԺ առաջին նիստում Սերժ Սարգսյանի հայտարարությունը 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը 4 մլն-ի հասցնելու մասին: «Նախորդ 25 տարիների ժողովրդագրական իրավիճակի ընթացքը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով, իսկ արդյունքները խիստ մտահոգիչ եւ անընդունելի են: Առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը»,-ասել էր նա: Սերժ Սարգսյանի այս ելույթում հնչեցված ուղերձների հիման վրա էլ Կարեն Կարապետյանի կառավարությունն իր` 2017-2022 թթ. ծրագրում էր կարեւորել ժողովրդագրական վիճակի բարելավման խնդիրը` խոստանալով. «Անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված արտագաղթի դադարեցմանը, ծնելիության բարձրացմանը, կյանքի տեւողության երկարացմանը, մահացությունների մակարդակի կրճատմանը, ամուսնությունների թվի ավելացմանը, ինչպես նաեւ` հայրենադարձության նախապայմանների ստեղծմանը, արտաքին միգրացիայի բացասական մնացորդի կրճատմանը»:
Միայն թե այսօր կարելի է վստահաբար պնդել, որ իշխանությունների մյուս խոստումների նման օդում կախված մնաց նաեւ ժողովրդագրական վիճակը բարելավելու նախաձեռնությունը: Համենայն դեպս, ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները, եւ ժողովրդագրական առումով պետք է խոստովանենք` պատկերը, մեղմ ասած, աղետալի է:
Սերժ Սարգսյանի ելույթի հիման վրա կառավարությունն իր ծրագրում խոստացել էր բարձրացնել ծնելիությունը, մինչդեռ 2017թ. ընթացքում Հայաստանում գրանցվել է ծնելիության՝ վերջին հինգ տարիների ամենացածր ցուցանիշը: Պատկերն առավել պարզ է դառնում երկարաժամկետ կտրվածքով դիտարկելիս: Եւ այսպես` 2017թ. ընթացքում Հայաստանում ծնվել է 37 հազար 699 երեխա, մինչդեռ 2016թ. ծնունդների թիվը 40 հազար 592 էր, իսկ 2013-ին ծնվել է 41.906 երեխա:
Կառավարությունը խոստացել էր մահացությունների մակարդակի կրճատում. համենայն դեպս, այդպես էր նշված ծրագրում: 2016 թվականին մահացածների թիվը կազմել է 28 հազար 226, 2017-ին` 27 հազար 367: Մեկ տարվա կտրվածքով այս դեպքում դրական միտում կա` մահերը նվազել են 859-ով: Բայց անգամ այդ դեպքում բնական հավելաճը /ծնվածների եւ մահացածների թվի տարբերությունը/ սարսափելի ցածր է, վերջին հինգ տարվա ընթացքում ամենացածրը: Եթե 2013թ. բնական հավելաճը 14 հազար 594 էր, ապա 2017թ.այդ ցուցանիշը կազմել է 10 հազար 332: Կառավարության ծրագրում նշված էր նաեւ ամուսնությունների թվի ավելացման մասին: Բայց այս ոլորտում եւս հնարավոր չի եղել ապահովել դրական միտում. 2016-ին ՀՀ-ում գրանցվել է 16 հազար 294 ամուսնություն, 2017-ին` 15 հազար 214:
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մշտական բնակչության թվաքանակը: Այսպիսով` 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ մեր երկրի մշտական բնակչության թիվը կազմում է 2 մլն 972 հազար 900: Իսկ 2017 թվականի հունվարի 1-ի տվյալով` 2 մլն 986 հազար 100: Ստացվում է` մեկ տարվա ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է 13 հազար 200-ով: Իսկ եթե դիտարկենք 5 տարվա կտրվածքով, պետք է նշել, որ 2013 թվականին մեր երկրում մշտական բնակվել է 3 մլն 26 հազար 900 հոգի, ասել է, թե 5 տարվա կտրվածքով երկրի բնակչությունը նվազել է 54 հազարով:
Եւ վերջապես, մեկ փաստ էլ. 2017թ. ընթացքում Հայաստանից հեռացած ու վերադարձած ՀՀ քաղաքացիների թվի տարբերությունը կազմել է 36 հազար 191 հոգի: Զգալի մեծամասնությունը հեռացել է Բավրայի, Բագրատաշենի եւ Գոգավանի անցակետերով. սրանք, ի դեպ, այն հիմնական ցամաքային ուղիներն են, որոնցով արտագաղթում են մարդիկ, ընդ որում՝ արտագաղթում ընտանիքներով: Բավական է միայն նշել, որ Լոռու մարզի Գոգավանի անցակետով արտագաղթել է 27 հազար 192 հոգի, Բավրայի անցակետով՝ 11 հազար 258 հոգի եւ Բագրատաշենի անցակետով՝ 9 հազար 464 հոգի:
Այսքանից հետո, թերեւս, նկատենք՝ ժողովրդագրական առումով Հայաստանում աղետալի վիճակ է: Ընդ որում, որքան էլ իշխանությունները հայտարարում են իրավիճակը բարելավելուն ուղղված քայլերի մասին, մշակում եւ փորձում են ծրագրեր իրականացնել, միեւնույն է` բացասական միտումները շարունակում են խորանալ: Բնակչությունը գնալով նվազում է, եւ նույն տեմպերով շարունակվելու դեպքում 2040 թվականին ոչ թե 4 մլն, այլ շատ ավելի պակաս բնակիչ կունենանք: Սա է փաստում նաեւ ՄԱԿ-ի` 2017 թվականի հունիսին հրապարակված զեկույցը: Ըստ այդմ, 2050 թվականին մեր երկրի բնակչությունը կկազմի մոտ 2 մլն 700 հազար մարդ:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Երեկվանից, ըստ էության, դադարել են ՍԴ անդամ Կիմ Բալայանի լիազորությունները: Այս պաշտոնի համար որպես հավանական թեկնածու մշտապես քննարկվել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր, պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի անունը: Ընդ որում, ըստ շրջանառվող լուրերի` Թովմասյանը չի բավարարվում միայն ՍԴ անդամությամբ. նա ցանկանում է դառնալ ՍԴ նախագահ. այս տարվա մարտին կլրանա ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, որից հետո նա վայր կդնի լիազորությունները: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Թովմասյանին, որը, սակայն, ասաց. «Ես արդեն հոգնել եմ այդ մեկնաբանությունները տալուց: Եթե երկրում նման ցանկացած պաշտոնի ազատ լինելու դեպքում պետք է նման ձեւ քննարկվի… ես պարզապես ասում եմ՝ ես չեմ մեկնաբանում այդ հարցերը, չեմ պատասխանի այդ հարցին: Ես ընդամենն ասում եմ՝ ինձ հետ ոչ ոք իմ աշխատանքի փոփոխման հարց չի քննարկել: Ես սիրում եմ իմ աշխատանքը, իմ աշխատանքը կատարում եմ»,- նշեց նա:
Ի դեպ, ՍԴ նոր անդամը նշանակվելու է 2005թ. ընդունված Սահմանադրության շրջանակներում: Սա նշանակում է, որ ՍԴ նոր անդամը պաշտոնավարելու է մինչեւ 65 տարին լրանալը, մինչդեռ նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ անդամները նշանակվելու են 12 տարի պաշտոնավարման ժամկետով:
ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
«Հասունացել է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու ժամանակը»,- նախօրեին ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ այս մասին նշել է Սերժ Սարգսյանը: Հատկանշական է փաստը, որ այս ռազմավարությունն ընդունվել էր դեռ 2007թ.՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջում, երբ Սերժ Սարգսյանին էլ պատրաստում էր դեպի նախագահության: Հիմա Ս. Սարգսյանը մտադիր է շարունակել իշխանավարումը վարչապետի պաշտոնում եւ զարմանալի զուգադիպությամբ` ռազմավարությունը փոխում է այդ իրադարձությունների նախաշեմին:
ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Վանաձորի ՔԿՀ պետի եւ աշխատակիցների կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին ԱԱԾ-ն կաշառքի գործով կալանավորել էր «Վանաձոր» ՔԿՀ պետ Գեւորգ Մկրտչյանին, օպերատիվ բաժնի պետին եւ այլ ծառայողների: Ըստ նախաքննություն իրականացնող մարմնի` նրանք «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Մինչ այդ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ անձամբ ՔԿՀ պետն այս ողջ ընթացքում ցուցմունք չի տվել եւ իրեն այդպես էլ մեղավոր չի ճանաչել:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Շահումով խաղերի, համացանցում եւ խաղատանը շահումով խաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանի առաջարկի` նախատեսվում էր 200 հազարից մինչեւ 500 հազար դրամ մեծացնել խաղատուն այցելելու համար տուգանքների չափը այն անձանց համար, որոնց դատարանի որոշմամբ արգելված է դա անել: Սակայն այս հարցով քվեարկությունը 2 ամսով հետաձգվել է օրինագիծը կազմելիս տեխնիկական սխալների պատճառով:
ԱՆՁՆԱԿԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ է ներկայացրել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողով: Առաջարկում է թույլ տալ, որ օտարերկրյա պետությունում սովորող դպրոցականներին, որոնց 18 տարին լրացել է, ավարտել ուսումը, նոր զորակոչվել բանակ: Այստեղ կա որոշակի բացթողում, օրենքում վկայակոչված չէ այն հանգամանքը, թե ինչպես վարվել արտերկրում սովորող երեխաների հետ: Պետք է նրանց եւս թույլ տալ ավարտել ուսումը: Խոսքը վերաբերում է այն երեխաներին, որոնք չընդհատված ուսում են ստացել»,-ասել է Մ. Պողոսյանը: Պատգամավորը չի հերքել, որ անձնական շահագրգռվածություն ունի. «Անձնական շահագրգռվածություն կա, որովհետեւ 57 դիմում եմ ստացել միայն Մասիվից: Ես ամեն ինչ անում եմ անձնական շահագրգռվածությամբ, եւ այդ շահագրգռվածությունը մեր քաղաքացիների շահագրգռվածությունն է»:
ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ՀՀ զինված ուժերի 2018-2024թթ. արդիականացման ծրագրի նախագիծը եւ սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացը: Առաջին հարցի մասին խորհրդի անդամներին զեկուցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Օրակարգի երկրորդ հարցի` սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի մասին զեկուցել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա ներկայացրել է մշակված, սահմանադրական մարմինների, ներառյալ ԱԺ-ի, դատական իշխանության, կառավարության ձեւավորման եւ օրենսդրական կարգավորման գործընթացները: