ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՆՊԱՏՐԱՍՏԻՑ ԽՈՍՔՆ ԷԼ ՉԵ՞ՆՔ ԼՍԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական, քաղաքական շրջանակների, ինչպես նաեւ լրագրողական հանրության մոտ լուրջ դժգոհություն է հարուցել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրինագծի դրույթը, ըստ որի` կառավարության նիստերն անցկացվելու են դռնփակ: Իհարկե, նիստերը կարող են նաեւ դռնբաց անցկացվել, բայց միայն վարչապետի որոշմամբ: Ու քանի որ Սերժ Սարգսյանն է համարվում ապագա վարչապետի (որ նույնն է՝ նոր Սահմանադրության պարագայում պետության իրական ղեկավարի) միակ հավակնորդը, դժվար չէ կռահել օրինագծում այս դրույթի առկայությունը: Ս. Սարգսյանը խուսափում է հրապարակային գործունեությունից: Սա, իհարկե, պատահական չէ. իր նախագահության գրեթե 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամ է հասցրել աչքի ընկնել մտքի յուրօրինակ թռիչքներով, երբ ստիպված է եղել խոսել առանց գրավոր տեքստի: Սարգսյանի հանպատրաստից խոսքերն այնքան տպավորիչ են, որ տարիներով մտապահվում է մարդկանց շրջանում:

Շատերը կհիշեն` 2013թ. հունվարին` նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Սերժ Սարգսյանը Տավուշի մարզի Մովսես գյուղում նախընտրական այցի ժամանակ գյուղացիներից մեկի հետ զրույցում, երբ վերջինս դժգոհում էր դատարկվող գյուղից, ասաց. «Ե՞ս եմ մեղավոր, որ քո էրեխեքը Ռուսաստանում են: Դրա համար է՞լ եմ ես մեղավոր, չթողնեիր՝ գնային»: Նույն գյուղում Սարգսյանը եւս մեկ «ուշագրավ» միտք արտահայտեց, երբ գյուղացին ասաց, որ տեղում գործարան լիներ, կաշխատեին: «Այ տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում»,- ասաց նա։
Կրկին նախընտրական քարոզչության շրջանակում Շիրակի մարզի Գյումրի քաղաքում Սարգսյանը բարձր տրամադրությամբ որոշեց բացառություն անել եւ պատասխանել լրագրողի հարցին` խոսելով նախագահի ընտրություններին իր շանսերից. «Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա։ Ինչքան ուզես՝ էնքան խփենք»։
2013-ի հունվարի 28-ին` Եռաբլուրում բանակի օրվա առթիվ զոհված հերոսների շիրիմներին պաշտոնյաների ավանդական այցելության ժամանակ, օգնության խնդրանքով Սերժ Սարգսյանին դիմած քաղաքացուն նա այսպես պատասխանեց. «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»։
2013-ի փետրվարին` Երեւանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ, Սարգսյանը նշեց. «Ազգի կեսը կա՛մ երգում է, կա՛մ սերիալում է նկարահանվում»։
Նույն տարվա փետրվարին Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի դահլիճում հերթական հետաքրքրաշարժ միտքը հնչեց. «Ասում են` կմկմալով են հարցերը տալիս: Որքանո՞վ է տրամաբանական: Եթե մենք այդպիսի գործունեությամբ ենք զբաղվում, մի ամբողջ շրջանում մի՞թե չենք կարողանում մի մարդ գտնել, որը կարող է առանց կմկմալու հարցեր տալ»։
Նույն տեղում եւս մեկ հիշարժան միտք հնչեց, երբ Սարգսյանը պատասխանում էր ոչ իր կողմից գրված տեքստերը հնչեցնելու մասին մեղադրանքներին. «Ենթադրենք` ես այսօր հինգ ելույթ ունեմ, եթե ես ինքս իմ ելույթները սկսեմ գրել, էդ ե՞րբ կհասցնեմ այդ ելույթները գրել, հետո այդ ելույթներով հանդես գալ»։
2012 թվականի սեպտեմբերին կառավարությունում, խիստ հայացքով նայելով այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Սերժ Սարգսյանն ասաց. «Խոշորներին պետք է գլխից բռնել»: Ս. Սարգսյանը կառավարությունում անցկացված նույն այդ խորհրդակցության ժամանակ նախկին վարչապետին ասել էր. «Տիգրա՛ն, մենք քեզ հետ չորս տարի ա` խոսում ենք այս թեմաներով, բայց պրոցեսները շարունակվում, գնում են: Վեց ամիս հետո լավ կլինի, մի տարի հետո լավ կլինի…»: Նա նաեւ շարունակել էր. «Մեկը այս ամենի համար պիտի պատասխան տա՞, թե՞ չէ, թե՞ անպայման մարդ պիտի ձերբակալենք, անպայման Խաչիկյանի պատմությունը մեջտեղ պիտի բերենք…»: Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանին էլ դիմելով` ասել էր. «Դերո՛»:
2013թ. ասուլիսի ժամանակ էլ նա հայտարարել էր. «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չի, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմները հանցագործները չեն, մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչո՞ւ, որովհետեւ երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երեւույթների մասին, միայն սեւացնում են»: Նույն այդ ասուլիսում նա նաեւ ասել էր. «Բայց մենք, ինչպես տատս էր ասում, այդ հարցո՞վ ենք հավաքվել»:
2015 թվականի հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների այն դիտարկմանը, թե ինքը գերագույն գլխավոր հրամանատարն է, Սարգսյանը հեգնանքով պատասխանել էր. «Իյա, իրո՞ք» եւ շտապ նստել մեքենան ու հեռացել:
Լրագրողների հանդեպ ոչ բարեհաճ վերաբերմունքի եւս մեկ ակնառու օրինակի էլ 2017 թվականի հունիսին ականատես եղանք: Օտարված թաղամասերի մի խումբ բնակիչներ ցույցի էին հավաքվել Սարգսյանի` Պռոշյան փողոցում գտնվող բնակավայրի մոտ: Վերջինս մի քանի բառ խոսելով խաբված բնակիչների հետ` հարցրեց. «Էս լրագրողներին դո՞ւք եք ձեր հետ բերել»:
Սերժ Սարգսյանից նման մեջբերումները կարելի է շարունակել: Բայց այսքանն էլ բավարար է՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է նա խուսափում կառավարության նիստերը բաց անցկացնելուց. ի վերջո, քննարկումների ժամանակ բանավոր խոսքում սպասվում են մտքի նման գոհարներ: Ու որպեսզի դրանք չդառնան հանրության սեփականությունը, չդառնան քննարկումների առարկա, որոշվել է հարցն այսկերպ լուծել: Իսկ Դավիթ Հարությունյանի պատճառաբանությունները, թե լրագրողների ներկայությունը հաճախ խանգարում է քննարկումներին, ընդամենը իրականությունը թաքցնելու շարունակական փորձեր էին: Իսկ մինչ այդ նկատենք՝ այս օրինագիծն ընդունվելուց հետո, փաստորեն, մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանի հանպատրաստի խոսքերը չենք լսելու:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԵՌՅԱԿԸ ՏԱՊԱԼՎԵՑ
Հինգերորդ գումարման խորհրդարանում կին-պատգամավորների եռյակ էր ձեւավորվել: Խոսքն այն ժամանակվա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի եւ ՀՀԿ-ական պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանի ու Կարինե Պողոսյանի մասին է: Նրանք խորհրդարանում գրեթե միշտ միասին էին, ավելին՝ ընդմիջումներին Մուրադյանն ու Պողոսյանն անմիջապես գնում էին Նաղդալյանի աշխատասենյակ եւ վերադառնում դահլիճ այնտեղից: Սակայն վեցերորդ գումարման խորհրդարանում «եռյակ միությունը» փլուզվել է, թեեւ երեքն էլ պատգամավոր են: Նախ` Հերմինե Նաղդալյանն արդեն նախկին դիրքը չունի, նա շարքային պատգամավոր է, հավանաբար այդ պատճառով էլ ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանը այնքան էլ չի շփվում երբեմնի ընկերուհու հետ: Ինչ վերաբերում է Կարիեն Պողոսյանին, նա հիմա ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է. հիշում եք՝ ԱԺ ընտրություններից առաջ իր զարմիկի՝ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Պողոսյանն էլ դուրս եկավ ՀՀԿ-ից: Եւ հիմա դա կարծես խանգարում է շփվել նախկին ընկերուհիների հետ: Վերջինս նախընտրում է իր ժամանակն անցկացնել «Ծառուկյան» խմբակցության կանանց հետ:

 

 

ՀԻՎԱՆԴ Է ՁԵՎԱՆՈՒՄ
2017թ. ԱԺ ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած անձանցից մեկի նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Խոսքը ՀՀԿ օգտին աշխատող Ջուլիետա Կոկոլյանի մասին է, որը այս գործով մյուս մեղադրյալի՝ Լեւոն Գասպարյանի հետ ապրիլի 2-ին խոչընդոտել էր Araratnews.am կայքի, հիմա՝ Factor TV-ի լրագրող Շողիկ Գալստյանի եւ «Ազատություն» ռ/կ-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Երեկ Ջ. Կոկոլյանը հերթական անգամ դատարան չէր ներկայացել: Արդեն մի քանի նիստ է՝ նա որպես պատճառ դատարանի աշխատակիցներին ասում է, թե գտնվում է հոգեկան ծանր վիճակում, «հոգեմետ դեղեր է ընդունում»: Եւ դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց Ջ. Կոկոլյանի նկատմամբ հետախուզում հայտարարել ու բերման ենթարկել: Մինչ այդ, նկատենք, սա առաջին դեպքը չէ, որ ընտրակեղծարարները, հայտնվելով իրավապահների ուշադրության ներքո, փորձում են հիվանդ ձեւանալ՝ խուսափելու համար պատասխանատվությունից. 2015 թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ էլ Կենտրոնի թաղապետարանի աշխատակից, 09/02 տեղամասային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Զավեն Միրիջանյանն էր ՀԱԿ անդամին կաշառք առաջարկելու համար քրեական գործով կալանավորվել: Ու Միրիջանյանը իր եւ ընտանիքի անդամների հիվանդության մասին տարատեսակ փաստաթղթեր էր ներկայացրել, միայն թե չհայտնվի բանտում: Մինչդեռ ընտրությունների ժամանակ նույն այդ ՀՀԿ-ական ընտրակեղծարարներն իրենց «առյուծ են զգում» եւ փորձում ընտրողներին ու իրենց ապօրինությունների դեմ ընդվզողներին ճնշել: Փաստորեն, մկան վազքը մինչեւ կատվի մարագն է, այն էլ «գժի թղթով»:

 

 

ԿՏՐՎԵԼ ԵՆ ԱՏԵՍՏԱՑԻԱՅԻՑ
ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր ատեստացիա է անցկացվել ԱԺ տեղեկատվության եւ վերլուծության վարչությունում: Վարչության կազմից ատեստացիան չեն անցել վարչության պետ Մարուսյա Ասատրյանը եւ պետի տեղակալ Արուսյակ Քանանյանը: Մեր տեղեկություններով` մնացած աշխատակիցներն ատեստացիան անցել են: Մեզ հայտնի դարձավ, որ ատեստացիայից կտրված աշխատակիցները հնարավոր է` բողոքարկեն արդյունքները: Սակայն ընդգծենք, որ ատեստացիայի ողջ ընթացքը տեսաձայնագրվել է: Հավելենք, որ ատեստացիոն հանձնաժողովի նախագահն էր ԱԺ Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ հանձնաժողովի անդամ էր:

 

 

ԱԼԻԵՎԸ ՇՏԱՊՈՒՄ Է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անսպասելի որոշում է կայացրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել ապրիլի 11-ին: Ադրբեջանի փոփոխված Սահմանադրությամբ նախագահն իրավունք ունի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին միանձնյա որոշումներ կայացնել: Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները նախագահական ընտրությունների անցկացման օր են հայտարարել 2018 թվականի հոկտեմբերի 17-ը: Թե ո՞րն է Ադրբեջանի նախագահական ընտրությունները վեց ամիս առաջ անցկացնելու նախագահ Ալիեւի որոշումը, առայժմ հայտնի չէ:

 

 

ԲԱՔՎԻՑ ՀԵՏՈ` ԵՐԵՎԱՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը նախօրեին ժամանել է Բաքու: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները Ադրբեջանի իշխանությունների հետ կարգավորման հարցով քննարկումներ են ունենալու: Բաքվից հետո` փետրվարի 8-ից 9-ը, համանախագահները Կլինեն Երեւանում, ապա կուղեւորվեն Ստեփանակերտ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս այցը տարածաշրջան հաջորդում է հունվարի 18-ին Կրակովում նրանց միջնորդությամբ կազմակերպված Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Ըստ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի` Նալբանդյանն ու Մամեդյարովը սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստած փաստաթղթին, որով կարգավորվելու է լրացուցիչ 7 դիտորդի գործունեությունը:

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ
Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան, ՀՀԿ-ի կողմից որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն Արմեն Սարգսյանն ասել է, որ իրեն վստահված բարձր պատասխանատվությունը ստանձնելուց առաջ անհրաժեշտ էր խորհրդակցել այս մեծ հայկական ընտանիքի հետ, ինչպիսին է բրիտանահայ համայնքը: Իր խոսքի ավարտից հետո Արմեն Սարգսյանը լսել է նաեւ ներկաների կարծիքները, մտահոգություններն ու հուզող հարցերը:




Լրահոս