Երեւանի պետական համալսարանում բողոքի նոր ալիք է հասունացել: Բանն այն է, որ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է՝ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում արտասահմանյան գրականություն առարկան պիտանի չէ: Այդ հեռանկարին դեմ են ԵՊՀ ուսանողները, որոնք արդեն մի քանի օր է` ՙՄի՛ կրճատեք արտասահմանյան գրականությունը՚ պահանջով թռուցիկներ են բաժանում:
Եթե արտասահմանյան գրականություն առարկան ուսանողներն անցնում էին 6 կիսամյակ, ապա բուհի գիտխորհրդի որոշմամբ` տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում առարկայի ուսուցման մասնաբաժինը կդառնա ընդամենը մոտ 3 կիսամյակ:
Ստացվում է, որ ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ` արտասահմանյան գրականություն առարկան կամաց-կամաց դուրս է մղվում հիմնական ցանկից: ԵՊՀ գիտխորհրդի այս որոշմանը բնականաբար դեմ են արտահայտվում ոչ միայն ամբիոնի վարիչն ու դասախոսները, այլեւ մի շարք ուսանողներ: Նրանց պատմելով` ռոմանագերմանական ֆակուլտետի լեզվական ամբիոններն իրենց վրա են վերցրել ֆակուլտետի քաղաքականությունը ուղղորդելը եւ ռեկտորին ներկայացրել են ֆակուլտետի փոփոխության նոր նախագիծ: Արդյունքում առաջիկայում հնարավոր է` ֆակուլտետը կոչվի օտար լեզուներ եւ հաղորդակցություն: Ի դեպ, տեղեկացնենք, որ ԵՊՀ գիտխորհրդին դեմ ուսանողները մի քանի օր շարունակ ընդվզեցին: Ըստ ուսանողների եւ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոսների` գիտխորհուրդը որոշել է կրթական ռեֆորմներ անելու համար փոխել ֆակուլտետի անունը, բայց արդյունքում ամբողջ ծավալով հարվածի տակ է ընկել միայն մեկ առարկա` արտասահմանյան գրականությունը: Նշենք, որ լեզվական, ռոմանագերմանական ամբիոնների դասախոսների մի ստվար զանգված նախընտրել է պաշտպանել հենց արտասահմանյան գրականության ամբիոնում ե՛ւ դոկտորականները, ե՛ւ թեկնածուականները:
Իսկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, լսելով ուսանողների ընդվզման մասին, զայրացավ. «Դա ընդվզում չէ, այլ ամբիոնի դասախոսների կողմից արհեստականորեն սարքած բան է` ամբիոնի վարիչի գլխավորությամբ… ամբիոնի մի շարք դասախոսների կողմից պետք է դա անել, անում են: Այդ հարցը ընդհանրապես չի քննարկվում, այն լուծվելու է ապրիլի վերջին: Չեմ կարող հիմա ասել, թե ինչպես: Ինչպես գիտխորհուրդը կորոշի, այդպես էլ կլինի: Այդ հարցը չի որոշվել, թե քանի կիսամյակ կլինի, էս պահին չեմ կարող հստակ ասել: Բայց, համենայնդեպս, կարծում եմ, որ 5 կիսամյակից պակաս չի լինի: Այնպես որ, այդ լուրերը ստահոդ են, եւ մարդիկ ինչ-ինչ նպատակներով արծարծում են: Վե՛րջ»:
«Ժողովուրդ» օրաթերթը ԵՊՀ ռեկտորից հետաքրքրվեց, թե ովքեր են այդ մարդիկ, եւ խնդրեց անուններ հնչեցել: Հարցին ի պատասխան` ռեկտորն արձագանքեց. «Ուրիշ էլ բան չունեմ ասելու: Այո՛, ամբիոնի վարիչ Արա Առաքելյանը եւ այն պրոֆեսորը, որոնք այդ ինտերվյուները տվել են` պարոն Էդոյանը (խոսքը պրոֆեսոր, բանաստեղծ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանի մասին է-Ս.Հ.): Մարդ է, տարածել է այդ հայտարարությունը, մենք էլ կտեսնենք, թե ինչի համար է տարածել, ինչ խնդիր է դրանով լուծում: Մենք որոշակի եզրակացություններ ենք քաղում»:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, ճանաչված թարգմանիչ Արա Առաքելյանի հետ: Վերջինս, սակայն, խուսափեց խոսել այս թեմայի շուրջ, միայն նշեց. ՙԵս ոչինչ չեմ կարող ասել, ճիշտ է` խնդիրն անմիջապես ինձ է վերաբերում, բայց ոչինչ ասել չեմ կարող: Ինչ որ կա, այդպես էլ մնում է: Ոչ մի փոփոխություն առայժմ չկա: Ո՛չ մի՚:
Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, ֆակուլտետի փոփոխության նոր նախագծի առաջարկը եւ արտասահմանյան գրականության կիսամյակների կրճատումը հիմնականում ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանի միքտն է: Ըստ ուսանողների եւ դասախոսների` հենց Զավեն Հարությունյանի առաջարկի ընդունվելու արդյունքում արտասահմանյան գրականության ամբիոնը փակման վտանգի առաջ կկանգնի: Բայց Զավեն Հարությունյանն էլ իր բացատրությունը ունի. ՙՄենք երեք մասնագիտությունից բացի` որոշեցինք ավելացնել եւս մեկը` լեզու, գրականությանը զուգահեռ ավելացնել նաեւ եվրոպական լեզուներ եւ հաղորդակցություն: Տրամաբանորեն առարկայացանկի փոփոխություն պետք է տեղի ունենար, չէր կարող 6 կիսամյակ մնար արտասահմանյան գրականություն՚: Նրա խոսքերով` միայն արտասահմանյան գրականություն առարկան չէ, որ 6-ից դարձել է 3, այլ լեզվական ամբիոնների տեսական մասը նույնպես 6-ից 3 է դարձել:
«Ուսանողներին ուղղորդել են` պաշտպանե՛ք արվեստը, գրականությունը, իմ գործընկերները, ցավոք, հիստերիա են առաջացրել: Բայց չնայած սրան` նրանք մասնակցել են քննարկումներին: Նոր մասնագիտության հիմնավորման փաստաթղթի տակ ստորագրել են բոլոր ամբիոնների վարիչները: Այդ թվում եւ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Արա Առաքելյանը: Սա միայն Զավեն Հարությունյանի խնդիրը չէ: Զավեն Հարությունյանը ընդամենը եղել է մեկը, ով ասել է` ժողովո՛ւրդ, ես սա եմ առաջարկում: Իսկ առաջարկությունը ամիսներ շարունակ քննարկվել է, որոնց մասնակցել են ե՛ւ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը, ե՛ւ մյուս դասախոսները»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց Հարությունյանը:
Մյուս կողմից նկատենք, որ արտասահմանյան գրականություն առարկայի կիսամյակների կրճատման հետեւանքով կնվազեն ժամաքանակները, ըստ այդմ՝ աշխատավարձի չափը: Անգամ հնարավոր է, որ դասախոսներ աշխատանքից դուրս մնան: «Մեզ ամբիոնն ասում է, որ մեր ժամերը կրճատում եք, բայց մենք այլ բան չենք կարող անել: Ես չեմ ուզում խոսել, թե ինչպես է դա անդրադառնալու ամբիոնի վրա: Դրույքաչափեր կան… սա ընդհանուր խնդիր է: Բայց Դուք հասկանո՞ւմ եք, որ սա ո՛չ մյուս տարի է իրականություն դառնալու, ո՛չ էլ դրան հաջորդող տարում: Այսինքն` երեք տարի կարող է տեւել, մինչեւ այս ծրագիրը հաստատվի: Մենք դեռ քննարկման փուլում ենք: Այնպիսի հիստերիա են բարձրացնում… որո՞նք են նրանց գործունեության մոտիվները… ներգրավել են, ուղղորդել են ուսանողներին: Չակերտավոր կռիվը գնում է այս ժամերի շուրջ` թե ինչո՞ւ եք կրճատում ժամերը: Մենք էլ բացատրում ենք, թե ինչու են կրճատվում ժամերը»,- վրդովվեց ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչը:
Սյունէ Համբարձումյան