Երեկ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում էր 2008 թվականի մարտի 1-2-ի վերաբերյալ «Ելք» խմբակցության նախագիծը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 10 տարին, եւ իրենք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարություն ընդունի: Ինչպես եւ սպասելի էր` ընդդիմադիր խմբակցության առաջարկը մերժվեց:
Նշենք, որ «Ելք» խմբակցությունը լսումներին ներկա լինելու համար հրավիրել է տարբեր անձանց, այդ թվում փաստահավաք խմբի անդամներին: Օրեր առաջ էլ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրապարակավ այդ նիստերին մասնակցելու հրավեր էր ուղարկել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն մերժում ստացել: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ներկայացնելով կուսակցության պաշտոնական պատասխանը, նշել է. «Տեր-Պետրոսյանը եւ Կոնգրեսը Մարտի 1-ի ոճրագործության վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցելու կարիքը չեն զգում` համարելով, որ իրենք սպառիչ կերպով բացահայտել են Մարտի 1-ի ոճրագործությունը ողջ ասպեկտներով: Կոնգրեսի բոլոր փաստարկներն ու պահանջները մնում են ուժի մեջ: Մարտի 1-ի դատին մենք մեր բոլոր կարողություններով հետամուտ ենք լինելու մինչեւ վերջ: Այդ դատի շրջանակներում առաջիկա մարտի 1-ին «Հայ ազգային կոնգրեսը» Ազատության հրապարակից կկազմակերպի Մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ բողոքի երթ»:
Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ «Ելք» խմբակցությունը լսումներին մասնակցելու համար չի հրավիրել 2008 թվականին իշխանության գլխին եղած անձանց, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, փոխվարչապետ, Ս. Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին: Թե ինչո՞ւ է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը որոշել չհրավիրել այն ժամանակվա իշխանություններին, փոխարենը հիշել ընդդիմադիր մեկ այլ կուսակցության առաջնորդի` ընդ որում, իմանալով, որ նա չի գա, պարզ չէ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան