Ի՞ՆՉ ՊԱՏԻԺ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13: Առավոտ էր, Երեւանյան լուսապայծառ առավոտներից մեկը: Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստ էր, որը ավելի ուշ վերածվեց մարտեր` առանց կանոնների, մարզաձեւի:

Ամեն ինչ սկսվեց փետրվարի 12-ի բողոքի ակցիայով, երբ բնակիչները փակել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը: Նրանք բողոքում էին տարիներ շարունակ լուծում չտրվող կոյուղաջրերի գարշահոտությունից: Հաջորդ օրը Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները` ղեկավար Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, գարշահոտ կոյուղաջրով լի տարաները տարել էին քաղաքապետարան, եւ նիստի ժամանակ ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը փորձեց կոյուղաջրով լցված տարան մոտեցնել Տարոն Մարգարյանին:
Տարոն Մարգարյանը, տեսնելով իրեն մոտեցող ավագանու անդամին, շփոթվեց, վախեցավ ու հրահանգեց ենթականերին. «Դեմն առե՛ք, դեմն առե՛ք, շուտ, շուտ»: Ասել է, թե քաղաքապետն իր վախկոտությամբ սադրեց միջադեպը. իրավիճակին օպերատիվ կերպով արձագանքեցին քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը եւ ավագանու ՀՀԿ-ական ներկայացուցիչ, ընտրական գործընթացների ժամանակ ընտրողներին ուղղորդող, ՀՀԿ օգտին աշխատող Կենտրոն 1 համատիրության նախագահ Սուրեն Ներսիսյանը: Իսկ թե ինչու էին քաշքշում Մարինա Խաչատրյանին, թերեւս իրենք էլ չէին գիտակցում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով իրավիճակին, հայտնեց, որ տարայով քաղաքապետին մոտենալն «իր մեջ կրիմինալ չի պարունակում»:
Իսկ, օրինակ, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանի արդարացումները, թե նրանք պատրաստվում էին կոյուղաջուրը լցնել ավագանիների եւ քաղաքապետի վրա, փաստաբանի խոսքերով` անհիմն են: Ալումյանը նշեց. «Ամեն ինչ էլ սկզբունքորեն հնարավոր է նետել, ի՞նչն է հիմք տալիս ենթադրելու, որ այդ մարդը իրոք ցանկանում է նետել, հիմա ի՞նչ, պետք է ելնել այն կանխավարկածից, որ քաղաքապետին մոտեցող յուրաքանչյուր անձ ուրեմն պոտենցիալ ինչ-որ բան նետո՞ղ է, իհարկե ո՛չ: Այդ կինը, երբ բանկայով մոտենում էր քաղաքապետին, ակնհայտորեն ոչ մի ակնառու փաստ չկա, որ ինքը փորձում է քաղաքապետի դեմ անթույլատրելի ոտնձգություն անել: Ընդամենը բերելու էր, բանկան դներ սեղանին եւ ասեր` խնդրեմ, տեսեք կոյուղաջրերը, որոնք ամեն օր Նուբարաշենի բնակիչները շնչում են, մի քիչ էլ դուք շնչեք, տեսեք` ինչքանով է հաճելի: Հավանաբար դա էր նպատակը: Իհարկե, կարելի է կարծիքը ուղղակի հայտնել, ասել, թե չեք ամաչում` Նուբարաշենում մարդիկ այս վիճակի մեջ են, իսկ դուք այստեղ ձեզ շքեղություններ եք թույլ տալիս, բայց կարծիքը կարելի է հայտնել այս եղանակով, ու դա թույլատրելի եղանակ է, կարծիք հայտնելու միջոցները կարող են լինեն նաեւ այս կերպ: Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե մի քանի հոգի անհասկանալի պատճառով չսկսեին ֆիզիկապես կասեցնել կնոջ գործողությունները»:
Ով ինչպես գործեց
Ինչեւէ, գործողությունները կասեցնելու գործընթացը սկսվել էր: Այս քաշքշուկի ընթացքում տարայի մեջ կիսով չափ լցված կոյուղաջրերը թափվեցին հատակին: Այստեղ տարօրինակ ագրեսիվությամբ առաջ եկան Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ավագանու ՀՀԿ-ական անդամներ Հովհաննես Ավանեսյանը եւ Սերգեյ Մկրտչյանը: Նրանք բռնությամբ հեռացրին Մարինա Խաչատրյանին: Օհանյանը բղավելով հրեց տիկնոջը, իսկ Ավանեսյանը հետեւից օգնեց փոխքաղաքապետին այդ դժվարին գործում: Իր ագրեսիան դրսեւորեց նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` հրելով ավագանու ընդդիմադիր ներկայացուցչին: Հիշեցնենք, որ Դավիթ Օհանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավարն է, Հովհաննես Ավանեսյանը «Ըմբշամարտի եւ կոխ ազգային մարզաձեւի զարգացման բարեգործական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենն է: Նա ավագանու նիստերի ժամանակ հաստիքով «շմայս» է աշխատում: Ասել է, թե ով Տարոն Մարգարյանի հասցեին իրեն հաճելի ձեւակերպումներով չի արտահայտվում, նա անմիջապես փողոցային բառապաշարով հակադարձում է: Երբ քաշքշոցը հասավ դահլիճի մեջտեղ, արդեն բռնությունը կանխատեսելի էր: Մարինա Խաչատրյանը ապտակեց ավագանու ՀՀԿ անդամ Էդմոնդ Կիրակոսյանին, բայց չհասցրեց: Տիկնոջ հետեւից մազերից սկսեց քաշել մեկ այլ ՀՀԿ-ական Վասպուրական Մարտիրոսյանը:
Թե ինչու էր Մ. Խաչատրյանը փորձում ապտակել Էդմոնդ Կիրակոսյանին, պարզ դարձավ ավելի ուշ: Ինչպես հայտնի է` Մարինա Խաչատրյանը դեպքից հետո հայտարարել էր ՀՀԿ խմբակցության անդամ Էդմոնդ Կիրակոսյանի կողմից սեռական ոտնձգության ենթարկվելու մասին: Ըստ նրա` Էդմոնդ Կիրակոսյանը բացել է կոստյումը, ձեռք տվել կրծքերին ու մարմնի այլ մասերին: Նշենք, որ Էդմոնդ Կիրակոսյանը «ԻնտերԼոտո ՍՊԸ» բուքմեյքերական կետերի տնօրենն է: Նրան օգնության հասած Վասպուրական Մարտիրոսյանն էլ Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկայի տնօրենն է:
Էլ ինչ կռիվ կինո առանց կինոյի տղու. գործին խառնվեց Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, իսկ ահա արդեն միջանցքում, երբ կոյուղաջուրը տեղ չհասցրած տիկինը վնասազերծվեց, Տարոն Մարգարյանի մյուս խորհրդականը` Արայիկ Քոթանջյանը, վրա տվեց: Նա, հիշեցնենք, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին ղեկավարն է:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը, անդրադառնալով կատարվածին, ասաց. «Այն մարդիկ, ովքեր կասեցրեցին կնոջ գործողությունները, նրանք պարզապես նախ իրենք դա իրավասու չէին անել, դրա համար կան մարդիկ, ովքեր կարգը պահպանում են` ոստիկան է այնտեղ, կամ անվտանգության աշխատակիցներ են: Բայց այստեղ, իմ տպավորությունը կադրերից, որոշ մարդիկ ուզեցին Տարոն Մարգարյանի աչքին լավը երեւալ, Տարոն Մարգարյանին հաճոյանալու համար այդպիսի քայլեր անել, ֆիզիկական ուժ գործադրել: «Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց գործողություններում որեւէ անթույլատրելի բան չեմ տեսնում ոչ միայն քրեաիրավական, այլ նաեւ քաղաքացիաիրավական առունով: Ամեն ինչ եղել է կարծիք արտահայտելու թույլատրելի սահմանների մեջ: Իրենց գործողությունները քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում է, մի քիչ ծայրահեղ դրսեւորում է, բայց թույլատրելի սահմաններից դուրս եկող չէր»:
Դեպքից ժամեր անց կողմերը գնահատական տվեցին կատարվածին: Իրավաբան Զարուհի Փոստանջյանը հիմնավորել է, որ ՀՀԿ-ական ավագանիների պահվածքում կա պաշտոնեական դիրքի չարաշահում, բռնության գործադրում, եւ վերջինս իրավապահներին ուղղված իր դիմումում գրել է, որ հարձակվողների թվում են եղել Տարոն Մարգարյանը, Սուրեն Ներսիսյանը, Գոռ Վարդանյանը եւ մի քանի այլ անձինք:
Իր հերթին ՀՀ ոստիկանություն է դիմել Երեւանի քաղաքապետարանը` հայտարարելով. ««Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երեւանցուն եւ, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք` ստեղծելով հակասանիտարական վիճակ եւ ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը»:
Ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը հայտնել է, որ վնասվածք ունի. «Որպես վիրաբույժ իմ ձեռքերն ինձ համար ամենակարեւորն են, մատներիս շրջանում վնասվածք ունեմ, նրանք, իհարկե, մահացու չեն: Քանի որ հարված եմ ստացել գլխիս, սկզբնական շրջանում չէի զգում, սակայն ավելի ուշ աստիճանաբար գլխացավ է ուժեղանում, եւ աստիճանաբար ականջիս շրջանում` ցավեր, անպայման դիմելու եմ բժշկի, քանի որ առոջությունս շատ կարեւոր է»:
Ի՞նչ է սպասվում
Ոստիկանությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դատելով իրավիճակից` նշանակվել են փորձաքննություններ, որպեսզի հասկանան, թե քաշքշուկի հարվածների արդյունքում ով ինչ վնասվածք է ստացել, եւ հուսանք` փորձագետները իրավիճակին օբյեկտիվ գնահատական կտան: Նշենք որ կատարվածից անցել է երկու օր, սակայն ոստիկանությունը դեռեւս հետաքննում է միջադեպը եւ կատարվածին դեռեւս արձագանք չի տալիս: Արդյո՞ք ոստիկանության կողմից իրավիճակին ոչ օպերատիվ արձագանքելը այս պարագայում օբյեկտիվ է: Միգուցե իրավապահները սպասում են ինչ-որ մարդկանց փրկել: Չի բացառվում, որ հետագայում պարզվի, որ, օրինակ, ավագանու անդամ Մարինա Խաչատրյանին ապտակած Էդմոնդ Կիրակոսյանը երկրից դուրս կգա, եւ նրա այդ քայլը կբացատրեն աշխատանքային գործուղման մեկնելով, մինչեւ անցնի վտանգը:
Իրավիճակին ի՞նչ քրեաիրավագիտական գնահատական կտրվի: Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց. «Հիմա մարդիկ, ովքեր ուժ գործադրեցին, եթե կինը մարմնական վնասվածք է ստացել, ուրեմն համապատասխան մարմնական վնասվածք պատճառելու համար պետք է պատասխանատվություն կրեն: ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածը սահմանում է.«Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար, պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:
Ըստ նրա` եթե մարմնական վնասվածք չի ստացել, ապա կա՛մ ծեծ, կա՛մ ինքնիրավչության հատկանիշներով. «Բոլոր դեպքերում ինքնիրավչության հատկանիշներով պետք է հարուցվի: ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածը սահմանում է. «Ինքնիրավչությունը օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ, ինքնագլուխ իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս` պետական կամ հասարակական շահերին, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով: Նույն արարքը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Հետաձգվել է եզդիաբնակ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում 4 հոգու սպանության գործով դատական առաջին նիստը: Պաշտպանական կողմը միջնորդել է նիստը հետաձգել, քանի որ չեն հասցրել գործի նյութերին ծանոթանալ: Դատավոր Սուրեն Մնոյանը բավարարել է միջնորդությունը: Պաշտպանական կողմը միջնորդել է նաեւ արգելել տեսա եւ լուսանկարահանումը, սակայն դատարանն այն բավարարել է մասնակի: Լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն լուսանկարի եւ տեսանկարահանի միայն ամբաստանյալներին: Նշենք, որ դահլիճում ներկա գտնվողները բավականին վրդովված են եղել եւ անընդհատ «տեռորիստ» են գոչել ամբաստանյալների հասցեին: Դատարանի դիմաց հավաքվել են սպանվածների հարազատները, որոնց մեծ մասը չի կարողացել մտնել ներս` տեղ չլինելու պատճառով: Նշենք, որ հաջորդ նիստը կկայանա մարտի 16-ին: Ըստ մեղադրական եզրակացության` Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն:




Լրահոս