ՀՅԴ-Ն ԴԵՄ ԸԼԼԱԼՈՎ` ԿՈՂՄ ԿԲՈՌԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվեց ԸՕ փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Նախագիծը հեղինակել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը:

Ինչպես եւ սպասելի էր` իշխանությունների կողմից այս նախագիծը քննադատության արժանացավ: Նախագիծը դրվեց քվեարկության՝ ստանալով 9 դեմ եւ 5 կողմ ձայներ, որի պատճառով էլ այն ստացավ բացասական եզրակացություն: Սակայն ուշագրավն այն էր, որ նախագծին դեմ քվեարկածների թվում է նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը: Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը վերջերս ՀՅԴ Բյուրոյի եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընդլայնված նիստից հետո նրանք հայտարարություն էին տարածել եւ խոսել հենց ռեյտինգային ընտրակարգի վերանայման մասին: Սակայն այսքանից հետո ՀՅԴ-ական պատգամավորը դեմ է քվեարկում:
Նախագծի քննարկումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ, ում համար եւս անսպասելի էր դաշնակցական պատգամավորի այդպիսի քայլը: «Ես հասկանում եմ ՀՀԿ ներկայացուցիչներին, իրենց քաղաքական էլիտան հայտարարել էր, որ դեմ է փոփոխությանը, ուստի ՀՀԿ-ականները չէին կարող այլ դրսեւորում ցուցաբերել: Ինձ համար առնվազն հասկանալի չէր ՀՅԴ ներկայացուցչի քվեարկությունը, երբ որ դեռեւս այս տարվա փետրվարի 2-ին, ՀՅԴ Գերագույն մարմինն ու Բյուրոն ընդունել են հայտարարություն, որտեղ իրենք խոսում են այս ռեյտինգային համակարգի անընդունելության մասին: Արմեն Ռուստամյանը քանիցս ասել է, որ իրենք անպայմանորեն փորձելու են համոզել ՀՀԿ-ին՝ հետ կանգնել այս ընտրակարգից: Մենք չենք կարծում, որ համոզելը ճիշտ ճանապարհ է, որովհետեւ կարող է եւս մի 125 տարի իրենք համոզեն, եւ ՀՀԿ-ն այդպես էլ չհամոզվի», – նկատեց Նաիրա Զոհրաբյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու նա դեմ գնաց ՀՅԴ որոշմանը:
-Պարո՛ն Կարապետյան, ինչո՞ւ դեմ քվեարկեցիք «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած նախագծին: Ի վերջո, ՀՅԴ-ի ներկայացուցիչները եւս հայտարարել էին ռեյտինգային համակարգից հրաժարվելու ցանկության մասին:
-Նախ նշեմ, որ հարակից զեկուցող տիկին Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում շեշտեց, որ տվյալ ձեւաչափով նման օրենքի նախագիծ քննարկելը ճիշտ չէ, եւ նման օրենքի քննարկումը ենթադրում է ավելի լայն հասարակության շերտերի մասնակցություն: Ֆորմատն այս հարցի քննարկման, այս օրենքի նախագծի ավելի մեծ պետք է լինի, որովհետեւ այս նոր ընտրակարգով նոր ընտրությունները, որ մեկ տարի առաջ տեղի ունեցան, ինքն ունի իր ե՛ւ լավ, ե՛ւ վատ կողմերը, եւ նման օրենքի նախագծին միանգամից կողմ քվեարկել եւ ընտրական օրենսգիրքը փոփոխելը, իմ կարծիքով, ճիշտ չէ, եւ նույն` տիկին Հովհաննիսյանը շեշտեց, որ չեն բացառում, որ հնարավորություն ստեղծվի նոր ձեւաչափով այս հարցը քննարկել:
-Իսկ Դուք Ձեր տեսակետը հայտնե՞լ եք խմբակցության ղեկավարին, քանի որ նրանք հստակ նշել են վարկանիշային համակարգից հրաժարվելու ցանկության մասին:
-Նույն Արմեն Ռուստամյանն ինքը տարբեր տարբերակներ է նշում, եւ հստակ այս տարբերակի հետ կապված, չեմ կարծում, որ այդ տարբերակի մեջ մտնում է: Համենայնդեպս, այս պահին այդպես եմ կարծում, ինչքանով որ ես հիշում եմ: Եվ նշեմ նորից, որ այս հարցը լայն քննարկման հարց է: Եվ նման քննարկումով, այսինքն` ոչ բովանդակային քննարկումը սխալ է: Այստեղ պետք է լինեին ե՛ւ ոլորտի փորձագետներ, ե՛ւ փորձը քննարկվեր տարբեր երկրների, ինչպես նաեւ վեր հանվեին այն բացերը, բացթողումները եւ դրական կողմերը, որոնք այս ընտրական օրենսգիրքն ունի: Եվ միանշանակ կողմ լինել կամ դեմ լինել այս ձեւաչափով, ես կարծում եմ, որ ճիշտ չէ:
-Դուք պատգամավոր եք դարձել հենց այս համակարգով: Որքանո՞վ եք այն արդյունավետ համարում:
-Գիտե՛ք, կդժվարանամ այս պահին պատասխանել թերությունների կամ առավելությունների մասին: Յուրաքանչյուր օրենք ունի ե՛ւ իր լավ կողմերը, ե՛ւ վատ կողմերը: Բայց ես ասեմ, որ անցումը լրիվ համամասնական ընտրական համակարգի մեր հասարակությունում, ես, որպես ընտրված պատգամավոր, ճիշտ չեմ համարում: Այսպես կոչված` ռեյտինգային ընտրակարգը հնարավորություն է տալիս պատգամավորին եւ ընտրողին իրար հետ անմիջապես շփում ձեւավորել: Տեսե՛ք, ինչպես նշեց Մարուքյանը, երբ որ ընտրությունը բրենդների, գաղափարների շուրջ է լինում, ընտրողների եւ պատգամավորի կապը մի քիչ ավելի թույլ է լինում, որովհետեւ նույն ես ռեյտինգային ընտրակարգով եմ ընտրվել, բազմաթիվ հանդիպումներ եմ անցկացրել քաղաքացիների հետ, եւ այդ շփման ընթացքում է, որ հնարավորություն է ստեղծվում մարդկանց պրոբլեմները ձեւավորել: Իսկ ամբողջովին համամասնականով, իմ սուբյեկտիվ կարծիքով, մի քիչ թույլ է լինում:
Հ.Գ. Մեկնաբանության համար դիմեցինք նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին՝ հասկանալու համար, թե որքանով է Անդրանիկ Կարապետյանի քվեարկությունը համաձայնեցված եղել խմբակցության հետ: Վարդանյանը նշեց, թե համաձայնեցված է եղել` հավելելով, թե իրենց նախաձեռնած փոփոխությունները պետք է համալիր, ամբողջական լինեն: «Մենք ցանկանում ենք համալիր, ամբողջական նոր օրենսգրքի փոփոխություններ, այլ ոչ թե մեկ կետով, այն էլ այսօր, այս պահին, որը բացարձակապես հեռանկար չունի: Մենք կոալիցիայի շրջանակներում կնախաձեռնենք ընտրական օրենսգրքի համալիր փոփոխություններ, ինչպես եւ պայմանավորվել ենք», – նշեց նա:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

«ՎԵՐԱԾՆՎԱԾ» ՕԵԿ-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ

Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կարճ կյանք ունեցավ. երեք տարին էլ չբոլորեց: «Օրինաց երկրից» 2015-ին «Հայկական վերածնունդ» դարձած այս կուսակցությունը դարձյալ վերածվում է «Օրինաց երկիր»-ի: Հայաստանյան քաղաքական կյանքում դժվար թե հիշենք մի դեպք, երբ կուսակցությունը երկու անգամ անվանափոխված լինի: Բայց, դե, Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կուսակցության դեպքում սա միանգամայն նորմալ երեւույթ է:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե երբ է անցկացվելու արդեն ՕԵԿ-ի համագումարը, եւ արդյո՞ք Արթուր Բաղդասարյանը նորից կընտրվի այս կուսակցության միակ ու անփոխարինելի նախագահ: Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ համագումարը կանցկացվի առաջիկայում, սակայն հստակ օր դեռեւս որոշված չէ: Հարցին` այս անգամ լրատվամիջոցները հրավիրվելո՞ւ են` լուսաբանման համար, նա ասաց. «Կարծում եմ` այո»:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, արդեն ՕԵԿ-ական Լեւոն Դոխոլյանի հետ: Հարցին` տեղյա՞կ է համագումարից, վերջինս ասաց, որ տեղեկություն չունի եւ խնդրեց իրեն այդ հարցով չդիմել: Իսկ ինչու փոխվեց կուսակցության անունը եւ այլ հարցերի Դոխոլյանը հրաժարվեց պատասխանել` վստահեցնելով, թե իր տեղը հարմար չէ:
Հատկանշական է, որ այս տարիների ընթացքում բավական մեծ թվով ՕԵԿ-ականներ լքել են կուսակցության շարքերը: Նրանցից մեկը Խաչիկ Հարությունյանն է, ով ժամանակին զբաղեցնում էր նաեւ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը: 2014 թվականին Հարությունյանը դուրս եկավ քաղաքականությունից, հրաժարվեց նաեւ ռեկտորի պաշտոնից: Հիմա Հարությունյանը չի ուզում լսել ՕԵԿ-ի կամ, ընդհանրապես, քաղաքականություն վերադարձի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ՀՎԿ-ից դարձյալ ՕԵԿ անվանակոչված կուսակցությանը գուցե ցանկություն ունենա դարձյալ անդամագրվել, Հարությունյանը բացասական պատասխան տվեց: Փաստորեն, Արթուր Բաղդասարյանի կուսակցության հետ գործ ունեցած մարդիկ առանձնապես ցանկություն չունեն այսօր միանալու «վերածնված» ՕԵԿ-ին: Ընդհակառակը, նրանց կողքից բոլորը հեռանում են, որքան հեռու՝ այնքան լավ սկզբունքով:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԱՎԵԼԻ ՄԵԾԱՄԻՏ
Դեռեւս պատգամավոր հանդիսացող Հրայր Թովմասյանն իրեն արդեն ՍԴ անդամ է երեւակայում: Չնայած որ նա արդեն չի հանդիսանում ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, սակայն երեկ հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցում էր նիստին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը փաստեց, որ Թովմասյանը ներկա գտնվեց միայն նիստի առաջին հատվածին, ապա արագ հեռացավ՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը՝ ուղղակի փախչելով նրանցից: Այնպես չէ, որ նախկինում Թովմասյանը սիրում էր շփվել լրագրողների հետ, սակայն այժմ, երբ հայտնի է՝ նա դառնալու է ՍԴ անդամ, իրեն ավելի մեծամիտ է պահում:

 

 

ԳՈՒՄԱՐ «ԾԽԱՄՈԼՆԵՐԻՆ»
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացնելու առաջին եռամսյակում 45 մլն դրամ գումար հատկացնել Հայաստանի զարգացման հիմնադրամին: Հիշեցնենք, որ սա վարչապետ Կարեն Կարապետյանի ստեղծած հիմնադրամն է, որը ղեկավարում է Արմեն Ավակ Ավակյանը: Ի դեպ, սա այն հիմնադրամն է, որը ընթացիկ տարվա գնումների պլանով նախատեսել է պետական բյուջեի միջոցներով նույնիսկ ծխախոտ գնել: Բացի այս, հաշվի առնելով, որ Հայաստանի եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումները նախատեսվում են իրականացնել Երեւանում եւ ՀՀ մարզերում, ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է նաեւ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված գումարը վերաբաշխել եւ կառավարության աշխատակազմին հատկացնել 421 մլն դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարից պաշտպանության, մշակույթի, կրթության եւ գիտության եւ սփյուռքի նախարարություններին, մարզպետարաններին եւ Հայաստանի զարգացման հիմնադրամին կհատկացվի շուրջ 197.5 մլն դրամ:

 

 

ԵԿԵՂԵՑԻՆ ԴԵՄ Է
Երեւանի ավագանու նիստում վերջերս «Երկիր Ծիրանի» եւ ՀՀԿ խմբակցությունների միջեւ տեղի ունեցած միջադեպը շարունակում է բուռն քննարկման առարկա հանդիսանալ: Ընդ որում, այս օրերին բռնությունը կամ նման միջադեպերը դատապարտող հայտարարություններ են հնչել տարատեսակ կառույցների կողմից: Սակայն ահա Հայ Առաքելական եկեղեցին լռում է: «Ժողովուրդ» օրաթերթը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանից հետաքրքրվեց՝ ինչպես է վերաբերում հայ առաքելական եկեղեցին ավագանու նիստում կանանց հանդեպ տեղի ունեցած բռնությանը: «Իսկ դուք ինչպե՞ս եք կարծում: Եկեղեցին դեմ է ցանկացած տեսակի բռնության: Ցանկացած բռնություն դատապարտելի է: Կապ չունի` ում նկատմամբ»: Դիտարկմանը` այդ դեպքում հնարավո՞ր է` դատապարտող որեւէ հայտարարությամբ հանդես գաք, նա նշեց. «Այդպիսի հարց չի քննարկվել Մայր Աթոռում»:




Լրահոս