Խանդը կեղտոտ և կործանարար զգացմունք է. ես և ամուսինս կարողացել ենք հաղթահարել այն. Լիդիա Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է շոու-բիզնեսում հայտնի կանանց հետ զրուցել կանացի գաղտնիքների շուրջ։ Նրանք անդրադառնում են կին-տղամարդ հարաբերություններին, կիսվում են իրենց կյանքի փորձով։ Այս անգամ մեր զրուցակիցը Երեւանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիդիա Գրիգորյանն է։ Հանդիսատեսը նրան տեսել է Վիոլայի («Տասներկուերրորդ գիշեր կամ… սիրուց են մեռնում»), Դոննա Աննայի (Դոն Ժուան»), Հասմիկի («Փարիզյան դատավճիռ»), Սոֆիի («Չաո») եւ այլոց դերերում։

-Լիդիա՛, նախ՝ մեր ավանդական հարցը՝ կին դառնո՞ւմ են, թե՞ ծնվում։

-Բնությունն ի ծնե կնոջն օժտում է որոշակի հատկություններով, սակայն նրա հոգեկերտվածքի ձեւավորմանը նպաստում են նաեւ կյանքի փորձը, ստացած գիտելիքները, նրա զարգացվածության աստիճանը, եւ որ շատ կարեւոր է՝ իր կողքին համապատասխան տղամարդ ունենալը։

-Տղամարդու մեջ ի՞նչը կարող է հիասթափեցնել կնոջը։

-Ես նման փորձ իմ կյանքում չեմ ունեցել, դժվարանում եմ պատասխանել։ Փորձեմ հարցին այլ կողմից մոտենալ։ Ինձ չեն հետաքրքրում տղամարդիկ, որոնք ինտելեկտուալ չեն, փոխարենը հետաքրքրում են տղամարդիկ, որոնցից կարելի է սովորել։

-Բացի սիրելը, կարեւորո՞ւմ եք միշտ սիրահարված լինելու գործոնը։

-Կարծում եմ՝ մեկը մյուսից է բխում։ Ամեն դեպքում, սիրահարվածությունը ոչ կայուն զգացմունք է, կարող ես սիրահարվել, բայց հետո դա անցնի, իսկ սերը մնում է հավերժ։

-Շարունակեք միտքը՝ կինը սեքսուալ է, եթե…

-Ոչ միայն կնոջ, այլեւ տղամարդու մեջ ինձ միշտ գրավել է խելքը։ Ինտելեկտուալ, ինչու ոչ նաեւ խորամանկ կինը հաճախ նաեւ ցանկալի է։ Իսկ եթե կինը պարզապես փորձում է իր արտաքինով ինչ-որ միջավայր ստեղծել շուրջը, կողքինները հասկանում են, որ դա փուչիկ է, որը հիմք եւ արմատ չունի։ Թե՛ կնոջ, թե՛ տղամարդու դեպքում կարեւորում եմ նաեւ հոգին։ Հոգուց բխած ցանկացած բան չի կարող կեղծ լինել։ Իսկ անկեղծությունը հաճախ ապահովում է նաեւ ցանկալիություն։

-Խանդը ո՞ր դեպքում կարող է արդարացված լինել, իսկ ո՞ր դեպքում՝ կործանարար։

-Կարեւոր է, որ մարդ՝ անկախ սեռից, կարողանա հաղթահարել դա։ Այդ դեպքում զույգերի մոտ կարող է իդեալականին մոտ հարաբերություններ ստեղծվել։ Իրականում խանդը կեղտոտ, վատ եւ կործանարար զգացմունք է, որը խանգարում է զույգերին։ Եթե որոշ հարցերի այլ կերպ նայես, կկարողանաս ամուր կապ ստեղծել։

-Ձեզ եւ Ձեր ամուսնուն՝ դերասան Գագիկ Մկրտչյանին, հաջողվե՞լ է հաղթահարել խանդը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ երկուսդ էլ բեմի մարդիկ եք։

-Կարծում եմ՝ այո։ Մենք վաղ տարիքից՝ 18 տարեկանից ենք ճանաչում իրար։ Բնականաբար, խանդի զգացում ապրել ենք, էմոցիոնալ պոռթկումներ եղել են, բայց հետագայում, երբ թելադրող է դառնում բանականությունը, հասկանում ես, որ դա խանգարում է ձեզ, որ դա անիմաստ կռիվների տեղիք է տալիս, իսկ կռիվները հեռացնում են մարդկանց իրարից։ Չէ՞ որ անիմաստ, մանր կռվից կարող է ծնվել մի մեծ վիճաբանություն, որի հետեւանքները կարող են անդառնալի լինել։ Հիմնականում այդպես էլ լինում է։ Իսկ երբ դու վախենում ես սիրելիիդ կորցնել եւ չես էլ մտածում նրան փոխարինելու մասին, փորձում ես խուսափել այդ ամենից։

-Լիդիա՛, ի՞նչը կարող է հետաքրքրություն մտցնել հարաբերություններում, որոնք տեւական բնույթ են կրում։

-Կինն իր բնույթով փոփոխական է, եւ դա կարող է հետաքրքիր լինել։ Տղամարդկանց գրավում է նաեւ կնոջ ինքնավստահությունը, թեեւ կինը պետք է իրեն թույլ տա նաեւ թուլանալ, եթե, իհարկե, կողքին ունի ուժեղ տղամարդ։ Սակայն այս ամենից զատ՝ հարաբերություններում շատ կարեւոր է պահպանել կայունությունը եւ փոխադարձ վստահությունը։

Անի Անտոնյան




Լրահոս