ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հրապարակված հարցազրույցում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ուշագրավ արձանագրում է կատարել: «Ի սկզբանե կողմերը համաձայն են կարգավորման շուրջ համանախագահների ներկայացրած փաստաթղթի նախագծի հետ, մնում է, որ այդ համաձայնությունը նաեւ փաստաթղթում ամրագրվի», – ասել է Լավրովը` հավելելով, որ լավատես է խնդրի կարգավորման հնարավորության հարցում: Նա միաժամանակ ընդգծել է. «Ամենակարեւորն այն է, որ կողմերը հրաժարվեն անվստահությունից, որը դեռ երբեմն դրսեւորվում է բանակցությունների ընթացքում, եւ կենտրոնանան իրատեսական գաղափարների վրա, որոնք առկա են»:
Եթե վերանանք դիվանագիտական ձեւակերպումներից, կստացվի հետեւյալը. ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Իլհամ Ալիեւը փաստացի ընդունում են այսօր բանակցային սեղանին դրված փաստաթուղթը: Նրանք վաղուց համաձայնել են հակամարտությունը կարգավորել հայտնի սկզբունքների հիման վրա, որոնք բազմիցս հրապարակել են ե՛ւ եռանախագահող երկրների նախագահները, ե՛ւ համանախագահները: Պարզապես դեռ փաստաթուղթը չեն ստորագրել, որովհետեւ չեն վստահում միմյանց:
Սա, իհարկե, ակնհայտ էր վաղուց: Բազմիցս նշվել է, որ կողմերը մի քանի անգամ շատ մոտ են եղել փաստաթղթի ստորագրմանը, վերջին անգամ այդպես է եղել 2011թ. Կազանում: Այսինքն՝ կողմերն ընդունել են բանակցային սեղանին դրված փաստաթուղթը: Պատահական չէ, որ մի քանի անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, համանախագահ երկրների ներկայացուցիչները, այդ թվում՝ Լավրովը, պնդել են հետեւյալ միտքը. «Կողմերը, հիմնականում չհերքելով հենքը, տարբեր կերպ են պատկերացնում կարգավորման բաղադրիչները կյանքի կոչելու հերթականությունը…, նրանք համաձայնության չեն եկել մի քանի հարցերի շուրջ»:
Մեկ փաստ էլ. ճիշտ է` Լավրովը հայտարարում է կողմերի միջեւ անվստահության մասին, բայց իրականում այստեղ խնդիրը ավելի խորն է: Կողմերն այս տարիների ընթացքում չեն փորձել իրենց երկրների հասարակություններին պատրաստել խաղաղության, այլ ընդհակառակը՝ սերմանել են թշնամանք ու ատելություն, հետեւաբար նման իրավիճակում ԼՂ խնդրի լուծումը, փոխզիջումների գնալը շատ ավելի դժվար է, չնայած միջազգային հանրության երաշխիքներին եւ ստանձնած պարտավորություններին: Այնպես որ, անվստահությունը ոչ թե Սարգսյանի եւ Ալիեւի մեջ է, այլ երկու երկրների հասարակությունների: Իսկ երկու երկրների հասարակությունները չեն վստահում միմյանց, որովհետեւ նրանց այդպես են սովորեցրել իշխանությունները: