«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
-Տիկի՛ն Սարգսյան, այս օրերին երկու ուժեր պայքար են սկսել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին:
-Ես ինքս չեմ տեսնում, որ այդ պայքարն արդյունք է տալու: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ հասարակության ակտիվությունը շատ կարեւոր է, եւ այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք փորձում են ինչ-որ քաղաքական օրակարգ ձեւավորել եւ քաղաքացուն ներգրավել այդ օրակարգ մեջ, ես ողջունում եմ: Ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո մեր հասարակությունը թմբիրի մեջ է: Դրա համար տարբեր պատճառներ կան, այդ թվում` հիասթափություն իշխանությունից եւ անվստահություն սեփական ուժերի նկատմամբ, քանի որ բազմաթիվ անգամներ հասարակությունն ակտիվ մասնակցություն է ունեցել տարբեր քաղաքական պրոցեսների, սակայն վերջնարդյունքում պարտվել է քաղաքացին, քանի որ արդյունք չի գրանցվել: Կա նաեւ անվստահություն քաղաքական ուժերի նկատմամբ, եւ դրա մեղավորը կրկին մենք ենք, քանի որ անկախությունից հետո ընդդիմությունը երեւի թե 2-3 անգամ է կարողացել միավորվել, այն էլ, երբ եղել է շատ խարիզմատիկ առաջնորդ: Տվյալ դեպքում դաշտում չենք տեսնում այդ առաջնորդին, եւ ժողովուրդն էլ սկսել է նրանց չվստահել:
-Այսինքն` Դուք չե՞ք միանա ընթացող պայքարներից որեւէ մեկին:
-Սահմանադրությամբ վարչապետ առաջադրելու իրավունքը պատկանում է մեծամասնությանը` ՀՀԿ-ին, եւ ժողովուրդը տվել է այդ ձայնը, եւ որքան էլ փորձենք խոչընդոտել, նրանք են որոշելու, թե ով է լինելու երկրի վարչապետը: Առայժմ շրջանառվում է Սերժ Սարգսյանի անունը: Ես չեմ բացառում, որ հետագայում միգուցե եւ այլ անուն լսենք: Սակայն դրա դեմ պայքարի գործիքակազմ, բավարար ակտիվություն չեմ տեսնում: Հետեւաբար այն, ինչ անխուսափելի է, դրա դեմ պայքար ես չեմ ցանկանում ծավալել: Ես ինքս այս պայքարի վերջը տեսնում եմ, բայց կրկնեմ` ես շատ կարեւորում են Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որ փորձում է ժողովրդին թմբիրից հանել, փորձում է ցույց տալ, որ ՀՀ-ում կա ընդդիմություն եւ դրանով նպաստել, որ իշխանությունն իրեն ամենազոր չզգա:
-Խոսեցիք Նիկոլ Փաշինյանի մասին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարծես թե պայքարի տարբերվող միջոց է ընտրել: Հետեւո՞ւմ եք իրենց գործունեությանը եւ արդյունքներն ինչպե՞ս եք գնահատում:
-Հետեւում եմ, քանի որ ինձ հետաքրքիր է, թե այդ քայլերթի արդյունքում ինչ արձագանքներ կան հասարակության մոտ: Ես ավելին էի ակնկալում` մտածելով, թե նրանց շարքերն ամեն օր կհամալրվեն մարդկանցով: Ես մտածում էի, որ այդ քայլերթը կտա այդ արդյունքը, առայժմ չեմ տեսնում դա, այլ տեսնում եմ միայն կուսակիցներին: Դա դեռ ոչինչ չի ասում երթի մասին, միգուցե իրենց նշանակած օրը Երեւանում ավելի շատ մարդ լինի, քան ես եմ պատկերացնում: Կանխատեսելն ամենաանշնորհակալ գործն է, բայց անկախ ամեն ինչից` ես ողջունում եմ այդ մեթոդն ու քաղտեխնոլոգիան, որով նրանք փորձում են ակտիվացնել հասարակությանը:
-Դուք խոսեցիք ժողովրդի հուսահատության մասին, այդ պարագայում կարեւո՞ր չէ, արդյոք, ընդդիմության միավորումը: Սյժմ քաղաքական հարթակում միանգամից երկու ուժեր են, ՔՊ-ն էլ առանձնացել է «Ելք»-ից: Միասնական հանդես գալն ավելի տպավորի՞չ չէր լինի:
-Դրա համար էլ այս նախաձեռնությունը շատ հաջողված չի կարող լինել: Մարդիկ շատ զգոն են եւ տեսնում են` երբ են հնարավոր: Նայեք` 2008-ին նրանք ուժ տեսան, առնվազն 22 կուսակցություն միացել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, այժմ այդ ուժը չեն տեսնում: Կա համակրանք կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, դրա համար մոտենում են, աջակցում են, սակայն դա բավարար չէ, որ հաջողություն լինի: Կարծում եմ` եթե միայն «Ելք» դաշինքը միասնական հանդես գար, կրկին որոշակի հաջողություն կլիներ:
-Ձեզ համար սպասելի՞ էին այդ դաշինքում նման տարաձայնությունները:
-Ես չեմ ուզում դա պառակտում համարել, կարծում եմ` Փաշինյանը ջանքեր կգործադրի, որպեսզի միասնականությունը պահեն, դա կարեւոր է: Ինձ համար սպասելի էր, քանի որ անհասկանալի էր այդ դաշինքը: Ես երբեք Նիկոլ Փաշինյանին եւ Էդմոն Մարուքյանին նույն կաթսայի մեջ չէի տեսնում, ինձ համար դա արհեստական միավորում էր: Ինչ վերաբերում է «Հանուն Հայաստան պետության» ճակատին, ապա այնտեղ տարաձայնություններն ակնհայտ են, քանի որ նրանք բոլոր մեթոդներն են ընդունում հաջողության հասնելու համար, նույնիսկ զենքի կիրառում, իսկ Փաշինյանը շատ փորձառու է եւ հասկանում է, որ Հայաստանում այդ մեթոդով չես կարող հաջողության հասնել, քանի որ քո զենքից շատ ունի իշխանությունը: Հայաստանում չի կարելի արյան, զենքի միոջոցով գալ իշխանության, քանի որ այդ մեթոդով կհեռանաս:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆԸ
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը, թեեւ նախատեսված է անցկացնել մարզահամերգային համալիրում, սակայն այնքան էլ ճոխ չի լինելու: Ճիշտ է` հրավիրվել են մեծ թվով հյուրեր նաեւ արտերկրից, բայց ոչ առաջին դեմքի մակարդակով: Անգամ շատերը կհիշեն, թե 2013թ. Սերժ Սարգսյանի երդմնակալությունից առաջ ինչպես էին Երեւանի գլխավոր փողոցները փակել, փորձեր էին անում՝ Մատենադարանից համալիր տանելով Վեհամոր ավետարանը, նաեւ ՀՀ դրոշը: Այս անգամ, սակայն, նման եռուզեռ առանձնապես չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը չեն մասնակցելու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նաեւ Ռոբերտ Քոչարյանը:
Տեր-Պետրոսյանի բացակայությունը միանգամայն սպասելի է. նա չէր մասնակցում նաեւ դեռեւս նախագահի թեկնածու Ա. Սարգսյանի հետ հանդիպմանը, երբ վերջինս հանդիպեց ՀԱԿ անդամների հետ: Ինչ մնում է Քոչարյանին, ապա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ երկրորդ նախագահը ներկա չի լինի Ա. Սարգսյանի երդման արարողությանը, քանի որ «այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը, ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի, գտնվելու է արտերկրում»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ Վ. Սողոմոնյանը նշեց, որ այս առումով ոչինչ չի փոխվել:
Ա. Սարգսյանի գրասենյակի ղեկավարը նշեց նաեւ, որ միջոցառմանը հրավիրված են նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Իսկ խորհրդարանական ուժերից ներկա են լինելու ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն: Իսկ «Ծառուկյան» դաշինքը ներկա՞ է լինելու, թե՞ ոչ. «Այս թեմայով հատուկ քննարկում չենք ունեցել: Օրը կգա, կորոշենք»,-հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Մինչդեռ «Ելք» դաշինքում հստակ որոշել են` չեն մասնակցի արարողությանը: Այս մասին հայտնեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: Կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ` Գեւորգ Գորգիսյանը, մանրամասնեց. «Քանի որ հրավերը «Ելք» խմբակցությանն է, իսկ խմբակցության մի մասը չի կարող ներկա գտնվել, մենք նպատակահարմար չենք համարում խմբակցության մի մասի ներկայությունը»: Հարցին` եթե ՔՊԿ-ն մարզերում քայլերթի չլիներ, գուցե մասնակցեի՞ն արարողությանը. «Կքննարկեինք»,-արձագանքեց Գորգիսյանը: Այլ կերպ ասած` «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչը չի բացառել, որ իրենք միգուցե ընդունեին իշխանությունների հրավերը:
Հիշեցնենք, որ 2013թ. Սերժ Սարգսյանի երդմնակալությանը միայն կոալիցիոն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն էին, այն ժամանակ ընդդիմադիր ՀՅԴ-ն, որ հիմա կոալիցիայի կազմում է, նաեւ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» բոյկոտել էին, իսկ ԲՀԿ-ում պատգամավորներին թողել էին ազատ, եւ միայն իշխանության հետ առնչություն ունեցողներն էին մասնակցում այդ արարողությանը:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԲՐՈՆՅԱ ԵՆ ԱՐԵԼ
Այնպիսի տպավորություն է, թե բոլոր քաղաքական ուժերի սիրտն Ազատության հրապարակ է ուզում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել մի քանի ուժերի կողմից ներկայացված եւ Ազատության հրապարակն ամրագրելուն միտված դիմումները: Մասնավորապես ապրիլի 13-ից 17-ը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ է մտադիր անել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին եւ 21-ին հանրահավաքներ է անելու «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 20-ը Ազատության հրապարակն ամրագրել է «Հանուն Հայաստան պետության» ճակատը։ Ճակատի օրակարգը համապատասխանում է ՔՊ-ի օրակարգին: Հետաքրքիր է, որ քաղաքապետարանը չի մերժել ոչ մի ուժի կողմից ուղարկված դիմումը: Ընդ որում, «Հանուն Հայաստան պետության» ճակատը եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը կազմակերպել են միջոցառում, ըստ որի՝ բոլորին հրավիրում են ապրիլի 9-ին Ազատության հրապարակ՝ տոնելու Սերժ Սարգսյանի հեռացումը։ Հետաքրքիր է՝ այդ օրերին Ազատության հրապարակում միջոցառման հայտ ներկայացրած բոլոր ուժերը կանե՞ն իրենց հավաքները, թե՞, այնուամենայնիվ, նրանք նպատակ են ունեցել «բրոնյա անելով» սեփականաշնորհել:
ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ
Մի շարք նախկին համայնքապետեր այս օրերին իրարանցման մեջ են. պատճառը իրավապահների կողմից նաեւ նախկին տարիներին համայնքապետարանների ֆինանսական ծախսերի հետ կապված ստուգումներն են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ շատերը պատրաստել են իրենց ճամպրուկները եւ ցանկանում են հեռանալ, քանի դեռ իրենց մոտ էլ չարաշահումներ չեն հայտնաբերվել, ու իրենք էլ մեղադրյալի կարգավիճակում չեն հայտնվել: Մինչ այդ, հիշեցնենք, չարաշահումների դեպքեր են բացահայտվել Արմավիրի մարզի համայնքների 8 նախկին ղեկավարների, Լոռու մարզի Միխայլովկա, Ձյունաշող համայնքների, Շիրակի մարզի Մեղրաշատ, Իսահակյան համայնքների նախկին ղեկավարների, Վայոց ձորի մարզի մի քանի համայնքի նախկին ղեկավարների գործողությունների մասով, կան ձերբակալվածներ:
Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ արտագաղթել են պատրաստվում նաեւ այն գյուղապետերը, որոնք անգործ են մնացել համայնքների խոշորացումից հետո: Նրանք էլ մեկնում են դրսում աշխատանք գտնելու հույսով, քանի որ գյուղապետ եղած ժամանակ ստիպված են եղել մնալ տեղում, իսկ հիմա ազատ են: Ի դեպ, այս առումով ամենատխուրը Սյունիքի մարզում է: