Հայաստանի առաջին Հանրապետության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում կենտրոնականը Սարդարապատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն էր։ Զգացմունքայնությամբ հանդերձ ելույթը «հայաստանակենտրոնության» գաղափարը դարձրեց Հայաստանի առաջիկա տարիների իշխանության քաղաքական օրակարգ։ Դրա նշանային ու խորհրդանշական իմաստաբանությամբ այսօր կարելի է փակված համարել վերջին 20 տարվա կեղծ-պահանջատիրության շրջափուլը։
1988-91թթ. Համաժողովրդական շարժման հիմնական հավատամքը հայաստանակենտրոնությունն էր, որը մերժում էր կողմնորոշումային ընտրությունը արեւմուտքի ու արեւելքի (հյուսիսի) միջեւ։ Անգամ Հայաստանի հարեւանների հետ հարաբերություններում, որոնք ոչ միայն բարդ էին, այլեւ նույնիսկ թշնամական, Շարժումն ընտրել էր այնպիսի քաղաքականություն, որը պիտի բավարարեր բացառապես Հայաստանի շահերը։ Չտարվելով համաշխարհային ճգնաժամում առաջամարտիկ լինելու գայթակղությամբ, որը միջազգային հարաբերություններում փոքր պետությունների համար ի վերջո սպառնում է մանրադրամի վերածվելու, եւ հույս չդնելով պատահականությունների վրա` անկախության Շարժումը նախաձեռնողական էր ու պատասխանատու Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության առաջնահերթությունների մշակման ու իրագործման հարցում, այն է՝ ցանկացած քայլ անելիս պետք է ելակետ ունենալ ՀՀ ազգային-պետական շահերը։
Եվ այդ հավասարակշռության ու ազգային պետականության կայացման ընկալումով հնարավոր դարձան 1990-ական թթ. սկզբին անիրական թվացող ձեռքբերումները՝ ՀՀ անկախության հռչակումը, պետական ինստիտուտների ձեւավորումն ու հաղթանակն Արցախյան ճակատում։ Շարժումը ժամանակին խոհեմաբար հրաժարվեց անհարկի ու արկածախնդիր ընտրանքներից, իսկ հայաստանակենտրոնությունը` որպես պետական քաղաքականության գերագույն սկզբունք, տվեց իր լրջագույն արդյունքները: Այս քաղաքականությունը տարվեց 1991-1998թթ: Հայաստանակենտրոնության սկզբունքային շարունակականությունը կարող էր լինել Վագգեն Սարգսյանի ազգային-հեղափոխականությունը, որը, սակայն, խաթարվեց 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ։ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության հիմքում ընկած Հայաստանի պետական քաղաքականության սկզբունքը հայաստանակենտրոնությունը անխուսափելիորեն պիտի փոխարիներ ինքնանպատակ կեղծ-պահանջատիրությամբ։ Արտաքնապես լինելով հայաստանակենտրոնության ու ազգային-հեղափոխականության տրամաբանական շարունակությունը՝ այն ոչ միայն չլուծեց իր առջեւ դրված խնդիրները, այլեւ պարզապես աղճատեց պետական ինստիտուտն ու քաղաքականությունը Հայաստանում։
Քոչարյանի թեթեւ ձեռամբ Հայաստանը պետական ինստիտուտների ամրապնդման փոխարեն լծվեց փուչ հայրենասիրությամբ ու ցեղասպանության ճանաչման մասին աղաղակներով սփյուռքից ֆինանսական հոսքեր ներգրավելու գործին։ Նախ այդ գումարները չծախսվեցին ըստ իրենց նշանակության, ինչպիսին կարող էր լինել դրանք բացառապես պետական ինստիտուտների կայացման, ժողովրդավարության ամրապնդման ու քաղաքացու` որպես պետության համար գերակա արժեքի ձեւակերպման վրա ծառայեցնելը: Մինչդեռ ավելի դյուրին էր օրնիբուն թուրքերին հայհոյելը, Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին բղավելը, սեփական հաճույքների համար փող կուտակելն ու Հայաստանի խնդիրների համար ադրբեջանաթուրքական շրջանակների մեղադրելը:
Այդ տրամաբանության մեջ էր նաեւ ցանկացած ընդվզում Ղարաբաղյան պատերազմի սպառնալիքով խեղդելը, իսկ ճշմարտության բարձրաձայնումը «թշնամու ջրաղացին ջուր լցնելու» չարագուշակ զգուշացմամբ սաստելը։ Այսպիսով, 20 տարի պետական քաղաքականության հիմքում չարչրկվեց կեղծ պահանջատիրության գաղափարը՝ ծառայեցվելով բացառապես մի նեղ շրջանակի անձնական բարօրությանը։ Դրանով թե՛ արժեզրկվեց պահանջատիրությունն ինքնին, թե՛ ապաֆունկցիոնալիզացվեց պետական համակարգը։ Այսօր ներկայիս իշխանության խնդիրն առաջին հերթին պետական համակարգի բնականոն գործառնության վերականգնումը պիտի լինի։
Հատկանշական է, որ Սարդարապատում 100-ամյակի միջոցառումները ինքնաբերաբար երեւան հանեցին այս խնդիրը։ Այն դրսեւորվեց վարչապետի ելույթի ու տոնական միջոցառումների միջեւ առկա անհամարժեքությամբ։ Նիկոլ Փաշինյանի ելույթը գրվել էր եւ արտասանվում էր այլ Հայաստանում, մինչդեռ տոնական միջոցառումները կազմակերպվել էին լիովին հակառակ արժեհամակարգով: Փաշինյանի ելույթում կարմիր գծով անցնում էր Հայաստանի ինքնիշխանության սկզբունքը, որտեղ Հայաստանի արտաքին ու ներքին առաջնահերթությունները սահմանվելու էին պետության շահերին համապատասխան։ Արտաշես Առաջինի ու Մեսրոպ Մաշտոցի անունների հիշատակումը նույնպես խորհրդանշական իմաստով ուշագրավ էր։ Եթե Արտաշեսը Հայաստանի ինքնիշխան ու անկախ պետականության հիմնադիրն է, ապա երկրորդը` մշակութային հեղափոխության ռահվիրան։
Եթե առաջինին պարտական ենք` իբրեւ քաղաքական միասնական հանրույթի, ապա երկրորդին` ուրույն քաղաքակրթական ինքնության ձեւակերպման համար։ Հարկ է հատուկ շեշտել նաեւ ելույթի հեղափոխական բնույթը, որը հստակ ցուցիչ էր նախկիններին, որ հեղափոխությունը չի ավարտվելու, քանի դեռ չի հասել իր տրամաբանական հանգրվանին։ Դա չափազանց կարեւոր մեսիջ էր, որ հատուկ ընդգծվեց Պետականության տոնի պաշտոնական արարողակարգում։ Իսկ ընդհանրապես, սրանք բանալիներ են, որ փոխանցում են նոր իշխանության ընկալումը ազգային-պետական կյանքի կազմակերպման հարցում։ Փաշինյանը, այսպիսով, մեկնարկում է այն կետից, որտեղ դոփում է Հայաստանը 1999թ. ի վեր։ Այսպիսով, հայաստանակենտրոնությունը կրկին դառնում է պետական քաղաքականության անկյունաքարը։ Եթե 1990-ական թթ. այդ նույն սկզբունքը ապահովեց անկախ պետականության հաստատում ու փաստացի հաղթանակ Արցախյան պատերազմում, ապա ներկայումս այն խնդիր ունի կայացանելու այդ պետականությունն ու դե յուրե ամրագրելու Արցախյան հաղթանակը։
Ն. Հովսեփյան