Ես փորձել եմ հանգստացնել կրքերը, որի համար հերթական անգամ դրական խոսքեր չլսեցի, այլ մեղադրանքներ. Մասիսի քաղաքապետը` ձերաբակալության մասին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն անդրադարձել է ի դեմ հարուցված քրեական գործին, որի շրջանակներում նա ձերաբակալվել էր, բայց հետո ազատ արձակվել:

– Պարոն Համբարձումյան, կարծես թե, վերջին ամիսներին դարձել եք Հայաստանի ամենահայտնի քաղաքապետը, ում անունն ամենաշատն է շրջանառվում մամուլում և սոցիալական ցանցերում, իսկ բոլոր այդ պատմությունները սկանդալների հետ են կապված:

– Անկեղծ ասած արդեն հոգնել եմ ամեն անգամ նույն բանը կրկնելուց, միևնույնն է, եթե հիմա հերթով անդրադառնամ իմ անձնի հետ կապվող դեպքերին, կամ ավելի ճիշտ դրանք հիմնավոր կերպով հերքելուն, ապա զանգելու են ձեր մյուս գործընկերենրը և նույն թեման սկսելու են շահարկել: Միգուցե ամբողջ խնդիրն այն է, որ ես բարեխղճորեն կատարել եմ իմ աշխատանքը, իմ քաղաքի հոգսերով եմ ապրել ու քիչ ուշադրություն եմ դարձրել իմ աշխատանքը ներկայացնելն, ինչը ստիպել է Մասիսից և մեր մարզից դուրս բոլորին հիշել միայն իմ բարեկամների ու ազգակցական կապերի մասին, թերևս սկսեմ ավելի ակտիվ շփվել ԶԼՄ ների ներկայացուցիչների հետ:

– Այսինքն պնդում եք, որ, օրինակ, Էրեբունու դեպքերի հետ կապ չունե՞ք:

– Ես ոչ միայն կապ չունեմ, այլև զարմանում եմ, որ մարդիկ այդ դեպքերը կապում են իմ անվան հետ, ի՞նչ եք կարծում առաջնային մանդատով քաղաքապետ դարձած մարդը պետք է դուրս գար և տուրուդմփո՞ց սարքեր ցուցարաների հետ, չե՞ք կարծում, որ այդ մակարդակի իջնելը ոչ միայն հակաիրավական է, այլև հակաբարոյական, քաղաքապետը պետք է մնա իր դիրքում, և ես իմ դիքում եմ:

– Փաստորեն, Ձեզ լավ քաղաքապետ եք համարում:

– Խնդրում եմ, գոնե մեկ–մեկ գալ Մասիս ու տեսնել կատարած աշխատանքը, ծանոթնալ ծրագրերի հետ: Լումա–լումա փող ենք հավքում, որ քաղաքում մի հարց լուծենք, մի քիչ գեղեցկացնենք, մարդիկ չձգտեն ժամանակ անցկացնելու համար գնալ այլ քաղաքներ, կարող եմ ասել կոռուպցիոն երևույթների ռիսկերը գրեթե զրոյական են, իսկ ԶԼՄ ներն ու սոցցանցերի շատ օգտատերեր հերիք չի չեն ասում լավ գոնե աշխատում է, այլ իմ անձը ներքաշում են պատմությունների մեջ, որի հետ ես կապ չունեմ: Օրինակ Դուք քանի անգամ եք եղել Մասիսիում ու քանի անգամ եք շփվել մասիսցիների հետ:

– Առիթ չեմ ունեցել:

– Բա դե տեսնում եք, միայն սոցաննցերից ու անհայտ ծագման լրատվամիջոցներից եք տեղեկություններ ստանում, դրա համար էլ նման սխալ տպավորություն ունեք:

– Պարոն Համբարձումյան, խոսքը միայն Էրեբունիում տեղի ունեցած դեպքերի մասին չէ, տեսագրություն կա, որտեղ երևում եք Արտաշատ-Երևան մայուղու վրա հավաքաված բազմության հետ:

– Այդ օրն իսկապես եղել եմ, այս պահին թույլ տվեք շատ փակագծեր չբացեմ, բայց գնացել էի որպես Մասիսի քաղաքապետ, և այնտեղ մեծ թվով մասիսցիներ ևս կային, գնացել եմ, որպեսզի իրավճակը հանկարծ անվերահսկելի չդառնա, ես փորձել եմ հանգստացնել կրքերը, ու կարծես թե դա ինձ հաջողվել է, որի համար հերթական անգամ ոչ թե դրական խոսքեր լսեցի, այլ մեղադրանքներ:

– Լավ, իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեզ ոստիկանություն հրավիրելը, դատախազության հայտարարությունը և իրավապահների պահվածքը

– Այդ մասով մեկնաբանություններ տվել եմ, ես պնդել ու պնդելու եմ, որ ենթադրյալ քրեորեն պատժելի գործողության կամ արարքի մասնակից չեմ եղել: Իրավապահների աշխատանքը հարգել և հարգում եմ, պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում ամեն կերպ աջակցել նրանց, եթե նորից հարցեր կլինեն, պատրաստ եմ դեպքերի ցանկացած ընթացքին գիտեմ իմ իրավունքներն ու պարտականությոնները:

– Նոր կառավարության հետ աշխատել պատրաստվո՞ւմ եք:

– Ես որևէ խնդիր չեմ տեսնում, ասեմ ավելին, պարտավոր եմ հանուն իմ քաղաքի ակտիվորեն աշխատել կենտրոնական իշխանությունների և մարզպետարանի հետ, ընդհանրապես համայնքների ղեկավարներս առաջնային մանդատ ստացած մարդիկ ենք և ժողովրդի առաջին դարդուցավը տեսնողը մենք ենք, մեզ հետ հույսեր շատ են կապում, և հուսով եմ, նոր կառավարությունը Մասիս քաղաքի խնդիրները լուծելու ավելի շատ հնարավորություն կունենա: Իսկ հանդիպում դեռ չի եղել:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս