«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանում թավշյա հեղափոխության հիմնը դարձած երգի` «Իմ քայլ»-ի երաժշտության հեղինակ եւ երգի կատարող Հայկ Ստվերի հետ: Քանի որ Հայկը բնակվում էր Ուկրաինայում, երաժշտությունը ստեղծվել է այնտեղ: Բայց հիմա արդեն երգիչը մտադիր է մնալ եւ ստեղծագործել Հայաստանում, Ուկրաինա վերադառնալու ծրագրեր դեռեւս չի կազմում: Մենք Հայկի հետ խոսել ենք իր հետագա անելիքների, շոու-բիզնես մուտք գործելու, իր եղբոր` սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի, իրենց մանկության, տարբեր բնավորություններ ունենալու եւ այլ թեմաների շուրջ: Հայկը խոստովանել է` մինչեւ այժմ էլ չի պատկերացնում եւ հավատում, որ իր եղբայրը նախարար է:
-Հայկ, հիմա ստեղծագործական պրոցեսի մե՞ջ եք, ինչո՞վ եք զբաղված, կպատմե՞ք: Նոր երգեր ծնվո՞ւմ են:
-Համագործակցում եմ Կարեն Ծատուրյանի հետ, նոր երգ ենք ձայնագրում: Տեսահոլովակ դեռ չենք պլանավորում, տեսնենք` ինչպես կստացվի:
-Հայկական շոու-բիզնես մուտք գործելու ցանկություն, նպատակ ունե՞ք: Ըստ Ձեզ` Ձեր ներկայացրած ժանրը (հիմնականում` ռոք) կարո՞ղ է եկամտաբեր լինել:
-Այո՛, շոու-բիզնես մուտք գործելու ցանկություն կա, հիմա աշխատում եմ այդ ուղղությամբ: Կարծում եմ` ինչ-որ կերպ պետք է վաստակել օրվա հացը, իսկ ուրիշ աշխատանք անելիս ինձ չեմ պատկերացնում: Ամենալավը ինձ մոտ երգ գրելն ու կատարելն է ստացվում, ուստի ձգտում եմ այդ ուղղությամբ շարժվել: Ինչ վերաբերում է իմ ներկայացրած ժանրին, ապա, իհարկե, դրա պահանջարկը կա: Մինչեւ հիմա Հայաստանում ակտիվ կերպով հանդիսատեսին հրամցվել է ռաբիսը, փոփը, իսկ մյուս ժանրերում հատուկենտ կատարողներ են երեւացել, որոնք հնարավորություն էլ չեն ունեցել իրենց աշխատանքի շնորհիվ գումար վաստակել: Հիմա եթե ամեն բան նորմալ դասավորվի, գուցե իրավիճակ փոխվի:
-Դուք արդեն վերջնականապես վճռե՞լ եք, որ Հայաստանում եք մնալու:
-Այս պահին այդպես եմ որոշել: Եթե կանչեն համերգով հանդես գալու Ուկրաինայում, կգնամ, կան նաեւ ծանոթներ, որոնց կցանկանամ տեսնել ու վերադառնալ: Նպատակահարմար եմ համարում թեկուզ մեկ շաբաթով այցելել այդ երկիր ու կրկին վերադառնալ:
-Հայկ, Դուք կպատկերացնեի՞ք, որ ժողովրդական շարժման ակտիվիստ Ձեր եղբայրը, որը հենց միջնորդ է հանդիսացել Ձեր ու Նիկոլ Փաշինյանի միջեւ, եւ ստեղծվել է «Իմ քայլը» երգը, մի օր կդառնար սփյուռքի նախարար, այն էլ` այդքան երիտասարդ տարիքում:
-Մենք ընտանիքի անդամներով միշտ էլ կատակել ենք նրա հետ` ասելով, որ մի օր նախագահ է դառնալու: Ճիշտն ասած` հիմա էլ չենք պատկերացնում եւ չենք հավատում, որ նա նախարար է:
-Թերեւս, նրա զբաղվածությունը բավական մեծ է: Հասցնո՞ւմ եք միմյանց հանդիպել, զրուցել, իրար հետ ժամանակ անցկացնել:
-Ո՛չ, համարյա չենք տեսնվում: Նա վաղ առավոտյան դուրս է գալիս տնից, կեսգիշերին վերադառնում է: Շատ խիստ գրաֆիկով է աշխատում: Հիմա էլ նախարարությունը ծրագիր է կազմում, որպեսզի ներկայացնի կառավարությանը, Մխիթարն էլ օրվա ընթացքում մի քանի հանդիպում է ունենում, այնպես որ ազատ ժամանակ չի մնում:
-Դուք շա՞տ տարբեր եք իրարից: Հետաքրքիր է` ինչպե՞ս է անցել Ձեր մանկությունը: Ամեն մեկդ ի՞նչ հատկություններով եք աչքի ընկել:
-Քանի որ ես ավագ եղբայրն եմ, միշտ ցանկացել եմ լինել Մխիթարի հերոսը, ուզեցել եմ ուժեղ լինել, սպորտով եմ զբաղվել, այդքան էլ լավ չեմ սովորել, բայց դա ցույց չեմ տվել եղբորս: Միշտ ձգտել եմ այնպես անել, որ ուսումն իր համար գայթակղիչ լինի: Մխիթարն, ի տարբերություն ինձ, միշտ մեծ սեր է ունեցել ուսման նկատմամբ եւ շատ լավ է սովորել:
-Իսկ Ձեզնից ո՞վ է չարաճճի եղել: Կռվարար եղե՞լ եք:
-Երեւի թե ես (ծիծաղում է): Իսկ կռիվներ, ո՛չ, մեր միջեւ չեն եղել: Հազվադեպ լեզվակռիվներ են եղել:
-Եվ վերջում` Ձեր երկրպագուներին հետաքրքիր է՝ ընտանիք ունե՞ք, որքանով տեղյակ եմ` ոչ, ուստի ուզում եմ հարցնել` գուցե սիրահարվա՞ծ եք:
-Ո՛չ, ընտանիք չունեմ, սիրտս էլ զբաղված չէ:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԽԱՂԱԼԻՔԸ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր անվանական խաղալիքը: Այն կոչվելու է MickyToy (Միկի խաղալիք): Նա լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում ու գրել, որ աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս օրերին Մխիթարյանը Հայաստանում է: Նա հավաքականի կազմում պատրաստվում է ընկերական 2 խաղերին: Մայիսի 29-ին կայանալու է Մալթայի, իսկ հունիսի 4-ին` Մոլդովայի դեմ հանդիպումը: Խաղերը տեղի են ունենալու Ավստրիայում: Ուսումնամարզական հավաքը նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ արդեն սկսվել է:
ՍԱՏԱՐՈՒՄ Է
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան ստացել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության` ՈւԵՖԱ-ի աջակցությունը «Շիրակի» գործով: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հրապարակել է ՈւԵՖԱ-ի արդար խաղի պաշտոնյա Նիկոլաս Ռաուդենսկու նամակը` ուղղված ՀՖՖ Գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին: «Հարգարժա՛ն պարոն Մինասյան, հայկական «Շիրակ ՖԱ»-ի նկատմամբ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) վերջերս ձեռնարկած միջոցների վերաբերյալ հայտնում ենք, որ ՈՒԵՖԱ-ն պատշաճ տեղեկացվել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշման մասին: Մասնավորապես հարկ է նշել, որ այս իրավական որոշումները լիարժեք համահունչ են 2014թ մարտի 27-ին Աստանա քաղաքում ՈՒԵՖԱ-ի XXXVIII հերթական համաժողովում ընդունված «Եվրոպական ֆուտբոլը միասնական է արդար խաղի համար» վերնագրված բանաձեւին, համաձայն որի` ՈՒԵՖԱ անդամ ասոցիացիաները միասնական են պայմանավորված խաղերի դեմ պայքարում եւ ձեռնարկում են կոնկրետ գործողություններ եւ կիրառում արդյունավետ քաղաքականություն դրանք արմատախիլ անելու նպատակով»:
ՉԷՐ ՀԱՎԱՏՈՒՄ
Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն անդրադարձել է Արքայական ակումբը գլխավորող Զինեդին Զիդանին: «Այն ժամանակ չէի հավատում, որ Զիդանը կարող է մարզիչ դառնալ կարիերան ավարտելուց հետո: Իհարկե, նա անսահման տաղանդ ունեցող ֆուտբոլիստ էր, եւ իսպանական ֆուտբոլիստ համարվելու համար ժամանակ էր հարկավոր, սակայն նա ցուցադրեց իր լավագույն որակները: Մենք օգտագործեցինք Զիդանի լավագույն կողմերը: Նա վայելում էր «Ռեալ»-ի խաղը»,-ասել է նա:
Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՆԱՐԻՆԵ ԴՈՎԼԱԹՅԱՆԸ
Երգչուհի Նարինե Դովլաթյանը, ով նկարահանվում էր նաեւ սերիալներում եւ ֆիլմերում, տեւական ժամանակ է՝ էկրաններին չի երեւում: Նրա երկրպագուներն անհանգստացած են եւ հարցնում են՝ որտե՞ղ է Նարինեն եւ ինչո՞վ է այժմ զբաղված: «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է այս հարցերի պատասխանը: Նարինեն մեզ հետ զրույցում խոստովանեց, որ, այո՛, իսկապես դադարի շրջան է, բայց ոչ թե իր, այլ հեռուստադիտողների եւ հանդիսատեսի համար:
«Երկար ժամանակ չեմ երեւացել, բայց շատ երգեր եմ ձայնագրել, դրանցից մեկի հիման վրա էլ հավանաբար հունիսին կնկարահանեմ տեսահոլովակ: Հիմա տարվում են նախապատրաստական աշխատանքներ: Երգի երաժշտության համահեղինակներից մեկը ես եմ: Այնպես որ, ամռանը արդեն տեսանելի նորություն կունենամ»,-ասաց Նարինեն:
Նա նշեց, որ այս ընթացքում երկրպագուներից հասցրել է ստանալ մի շարք նամակներ եւ ափսոսում է, որ նորություն ներկայացնելու պահն ուշացրել է:
«Իրականում անընդհատ եմ երգեր գրում, բայց շատերի ձայնագրությունը կիսատ է մնում, պրոցեսը ձգձգվում է, եւ ես հոգնում եմ այդ երգից, անցնում եմ մեկ ուրիշին: Այդպիսով, չեմ կարողանում որեւէ աշխատանք իր ավարտին հասցնել: Հիմա արդեն կենտրոնացել եմ մեկ երգի վրա»,-բացատրեց երգչուհին:
Հարցին, թե արդյոք զուգերգով ներկայանալու ցանկություն ունի, Նարինեն պատասխանեց, որ երազում է դուետով հանդես գալ արտասահմանյան արտիստներից որեւէ մեկի, ցանկալի է Ջասթին Թիմբերլեյքի հետ: Նա հույս ունի, որ իր երազանքը երբեւէ կկատարվի:
Հետաքրքրվեցինք՝ Նարինեն մտածո՞ւմ է արդյոք միջազգային երաժշտական որեւէ մրցույթի մասնակցելու մասին. «Տարիներ առաջ ցանկանում էի «Ամերիկայի ձայն»-ին մասնակցել: Չի բացառվում, որ հետագայում իրականացնեմ դա»,-պատասխանեց մեր զրուցակիցը:
Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում ունեցել է նաեւ սերիալներում նկարահանվելու հրավերներ. «Հատկապես «Աբելի քույրը» սերիալում հանդես գալուց հետո առաջարկներն ավելի շատացան, բայց, ճիշտն ասած, սերիալում չեմ ուզում նկարահանվել, քանի որ այն ինձնից չափից դուրս շատ ժամանակ է խլում, եւ ես չեմ հասցնում զբաղվել երաժշտությամբ, ինչն ինձ համար առաջնային է: Փոխարենը մտածում եմ գեղարվեստական ֆիլմում հանդես գալու առաջարկի մասին: Փակագծեր դեռ չեմ բացի»,-եզրափակեց Նարինեն:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ