ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Ռուսական կողմի հրավերով Մոսկվայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցելու է առաջնության բացման արարողությանը եւ դիտելու առաջին` Ռուսաստան-Սաուդյան Արաբիա ֆուտբոլային հանդիպումը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե հայ քաղաքական գործիչները որքանով են հետաքրքրված այս մարզաձեւով, արդյոք հետեւելու են առաջնության ընթացքին եւ որ թիմերին են երկրպագում:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանով
-Ես կարող է մեկ կամ երկու քաղաքական գործչի հարցազրույց չհասցնեմ կարդալ, բայց աշխարհի, եվրոպայի եւ օլիմպիական խաղերին ուշադրությամբ հետեւում եմ: Կարծում եմ` աշխարհի առաջնությունը լինելու է ամենահետաքրքիր առաջնություններից մեկը: Ֆավորիտներն են Բրազիլիան, Արգենտինան, Գերմանիան, Ֆրանսիան եւ Իսպանիան: Նրանցից մեկը կդառնա հաղթող: Իսկ եթե ուրիշ թիմ հաղթի, դա սենսացիա կլինի: Ես կոնկրետ երկրպագում եմ Արգենտինային, քանի որ Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավարն եմ, այնտեղ հաճախ եմ եղել, ունեմ շատ լավ ընկերներ, նաեւ` 86 թ. եղել եմ այն երեխաներից, ով հիացել է Դիեգո Մարադոնայի խաղով եւ ուրախացել Արգենտինայի չեմպիոնությամբ: Բացի այդ` հիանում եմ աշխարհի թիվ 1 ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի տաղանդով:

Սուրեն Պապիկյան` Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար
-Հետեւելու եմ: Երկրպագում եմ Իսպանիայի եւ Ֆրանսիայի հավաքականներին, ֆավորիտ են նաեւ Բելգիան ու Բրազիլիան:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյան
-Խաղերին կհետեւեմ, որքան որ կհասցնեմ: Իսկ թիմերից երկրպագում եմ Բրազիլիայի եւ Իսպանիայի հավաքականներին:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան
-Անպայման փորձելու եմ հետեւել առաջնության խաղերին: Ես երկրպագում եմ այն թիմերին, որտեղ ինձ համար ֆավորիտ ֆուտբոլիստները կան, օրինակ` Էդեն Ազարը, Ինիեստան, Մեսսին: Կարելի է անդրադառնալ նաեւ Իսպանիային: Իսկ ընդհանուր առմամբ ինձ հոգեհարազատ է Պրեմիեր լիգան:

ԱԺ «Ելք» խմբակցության քարուղար Գեւորգ Գորգիսյան
-Ես ֆուտբոլի նկատմամբ բացարձակ անտարբեր եմ: Ժամանակին աշխարհի առաջնությանը հետեւում էի, բայց վաղուց դրա ժամանակը չունեմ:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԾՆՆԴԱՏԱՆ ԽՆԴԻՐԸ ՀԱՍԱՎ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Գյումրու ծննդատունը հայտնվել է փակման եզրին, հիմա այս հարցով քննարկումներ են սկսվել: Բանն այն է, որ Շիրակի մարզպետարանի կողմից աուդիտ է իրականացվել, հայտանբերվել են մի շարք խախտումներ, որոնք ուղարկվել են դատախազություն: Ծննդատունը տարիներ շարունակ պարտքեր է կուտակել, մանավանդ որ հաճախակի տնօրեններ են փոխվել այնտեղ: Երբ եւ ինչպես ծննդատունը հայտնվեց պարտքերի մեջ, հայտնի չէ: Ով էլ ստանձնեց տնօրենի պաշտոնը, մեղքն, այսպես ասած, նախկին տնօրենի վրա բարդեց: Խնդրի շուրջ Ժողովուրդ օրաթերթը զրուցել է նախկին տնօրեն Վարդան Սարգսյանի հետ, ով 2014 թվականից է ղեկավարել կառույցը. «2014 թվականից ես տնօրեն դարձա, ծննդատան պարտքերը 47 միլիոն դրամ էին, աշխատանքային գործունեության ընթացքում ինձ հաջողվեց մոտ 20 միլիոնով իջեցնել պարտքերը: Ծննդատանը շատ անհաշտ մթնոլորտ էր մշտապես, երբ փակման մասին լուրերն էլ սկսեցին շրջանառվել, իրավիճակն ավելի լարվեց: Հիմա պարտքերի կուտակման պատճառը սխալ տնտեսվարումն է»: Ծննդատան անկման պատճառը ծնունդների թվի խիստ նվազումն էր: Նախկին տնօրենն ասում է` այս պարագայում պետությունն էլ իր մեղքի բաժինն ունի. հենց Գյումրիում երկրորդ ծննդատունը բացվեց Ավստրիական հիվանդանոցում, Գյումրու ծննդնատան վիճակը սկսեց վատանալ, այնուհետ խնդիրները խորացան:
Ծննդատանը աուդիտը սկսվեց իրականացվել ամենեւին վերջրերս, երբ տնօրենի պաշտոնի համար կայացված մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել Արմինե Էլբակյանը: Ըստ շրջանառվող լուրերի` հենց վերջինս էլ հրավիրել էր աուդիտը: Նշանակումից անմիջապես հետո ծննդատան անձնակազմը ոտքի ելավ ու պահանջեց նոր տնօրենի հրաժարականը, վերջիններս մեկնաբանում էին, որ Արմինե Էլբակյանը հեռու է մանակաբարձ-գինեկոլոգիայից եւ չունի իրավունք ղեկավարելու բուժհաստատությունը: Նրանք պահանջում էին, որ հաստատությունը ղեկավարի Լիանա Աբրահամյանը, ով եւս մասնակցել էր մրցույթին եւ հաղթահարել մրցութային փուլը: Միայն թե Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի որոշմամբ` հավանությունը տրվել է Արմինե Էլբակյանին: Պաշտոնավարելուց ընդամենը մեկ շաբաթ անց նորանշանակ տնօրենը հրաժարական տվեց, բայց նրա փոխարեն տնօրենի աթոռին նստեց ոչ թե Լիանա Աբրահամյանը, այլ մեկ այլ աշխատակից՝ մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Ավետիսյանը: Վերջինս աուդիտի արդյունքներից որեւէ տեղեկություն չունի: Նա ընդամենը երկու ամիս է ղեկավարում կառույցը. «Ասում են` ես եմ կանչել աուդիտը, բայց դա այդպես չէ, ես տեղյակ չեմ, ինձանից առաջ է եղել: Ես գործ չունեմ ու տեղյակ էլ չեմ: Գիտեմ, որ տեսախցիկներ են գնել, դրել, փաստաթղթային խնդիրներ են եղել, մանրամասն չեմ կարող ասել»:
Այժմ ծննդատան հարցով իրավապահ մարմիններն են զբաղվում: Բայց դեռ առկախ է տնօրենի խնդիրը: Տնօրենների փոփոխությունները, ոչ անձնակազմի սրտով որոշումների կայացումը ավելի է լարում իրավիճակը: Դրան էլ գումարվում է չվճարված աշխատավարձերն ու կուտակած պարտքերը, եւ իրավիճակն ավելի է սրվում: Այժմ ամբողջ անձնակազմը սպասում է, թե ինչ բացահայտումներ կլինեն:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

 

ԿՓՈԽԱՏՈՒՑԵՆ ՏԱՆ ՎԱՐՁԸ
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կառավարությանը որոշման նախագիծ է ներկայացնելու, որով նախատեսվում է փոխհատուցել կառավարության անդամի բնակարանի վարձը: Ինչպես հայտնի է, այսօր կառավարությունում կան նախարարներ, որոնք Երեւանում վարձու բնակարաններում են ապրում: Իսկ իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափ կսահմանվի ամսական 100 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը մշակելիս ուսումնասիրվել եւ հաշվի է առնվել ԱԺ պատգամավորներին Երեւանում բնակարան չունենալու դեպքում բնակարանի վարձով կամ համարժեք փոխհատուցումով ապահովելը: Նշենք, որ փոխհատուցումը տրամադրվում է այն դեպքերում, երբ կառավարության անդամի նստավայրը իր մշտական բնակության վայրը չէ, եւ նա տվյալ վայրում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի անշարժ գույք: Ի դեպ, ՀՀ ազգային ժողովի կողմից այս տարվա մարտի 23-ին ընդունվել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքը: Իսկ նշված օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տրամադրվում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի տրամադրման կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանում է կառավարությունը:

 

 

ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ՄԵՔԵՆԱՆ ԿՏԱՆ
ՀՀ նախագահի աշխատակազմը առաջիկայում կհամալրվի օգտագործված մեկ ավտոմեքենայով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքը վարչապետի աշխատակազմին ամրացված 12 մլն 745 հազար դրամ սկզբնական եւ ավելի քան 5 մլն դրամ հաշվեկշռային արժեքով «HYUNDAI TUCSON» մակնիշի ավտոմեքենայի մասին է: Նշենք, որ ավտոմեքենան 2012 թվականի արտադրության է, որը վարչապետի աշխատակազմը կտրամադրի նախագահի աշխատակազմին:

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Շամամ Հարությունյանն ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից, Սմբատ Սաիյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, Իրինա Ղափլանյանը նշանակվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, Զարմինե Զեյթունցյանը ազատվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից, փոխարենը նշանակվել է Հռիփսիմե Գրիգորյանը: Ն. Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` Վարազդատ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով, Հայկ Այվազյանը` տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար:

 

 

ՔՐԳՈՐԾ
Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել հունիսի 11-ին մարզի Գոռավան համայնքի ղեկավարի ընտրություններում առերեւույթ ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի կապակցությամբ: ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ` կիրակի օրը Վեդիի մի բնակիչ հաղորդում, այնուհետեւ բացատրություն է տվել, որ մարզի Գոռավան գյուղի բնակիչներից մեկը «շուրջ 20 օր առաջ գյուղապետարանի շենքում, համայնքապետից որպես օգնություն սիրտը վիրահատելու պատճառաբանությամբ ստացել է 100 հազար դրամ կաշառք` խոստանալով գյուղի համայնքապետի ընտրություններում ընտրել նրան»: Չնայած այդ մասին նախապես փաստեր չի ունեցել, սակայն այդ բնակչի հետ զրույցի ընթացքում վերջինս հաստատել է կատարվածը` հայտնելով, որ այդ պատճառով ընտրություններում ընտրել է համայնքապետի տվյալ թեկնածուին: Հարուցվել է քրգործ, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:




Լրահոս