ՆԱԽԿԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԱԾՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին գործերի նախարարությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել եւ կարծես թե թավշյա հեղափոխությունն այնքան էլ չի անդրադարձել նախարարության աշխատակազմի վրա: Հետաքրքիր է, որ դեռեւս ապրիլի 21-ին` Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու օր առաջ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն էին հրավիրվել Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, որոնց ներկայացվել էր, թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում:

Մասնավորապես օտարերկրյա դիվանագետներին այդ օրը հաղորդվել է, որ «ցույցերի ու երթերի կազմակերպիչներն իրականացրել են բազմաթիվ իրավախախտումներ եւ առաջին հերթին խախտել են հենց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, ինչը հանգեցրել է անարխիկ դրսեւորումների՝ վտանգելով հասարակական կարգը, քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները։Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները նաեւ ընդգծել էին, որ խոչընդոտվել է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, փորձեր են կատարվել ներխուժելու կրթօջախներ, պետական հիմնարկներ ու այլ հաստատություններ եւ խաթարելու նրանց բնականոն աշխատանքը, վնասվել է հանրային ու մասնավոր գույքը եւ այլն»:
Ընդ որում, հետաքրքիր է, որ Էդվարդ Նալբանդյանի կողքին էին նստած արտաքին գործերի նախարարի տեղակալներ Կարեն Նազարյանը, Արմեն Պապիկյանը, Ռոբերտ Հարությունյանն ու Աշոտ Հովակիմյանը: Նախարարի կողքը նստելու, Սերժ Սարգսյանի իշխանությունը պաշտպանելու, ընդդիմությանը քննադատելու որոշումը իրենցն է, հայեցողական պաշտոններ կրողներինը, ոչ ոք չէր կարող պարտադրել անել այն, ինչ արվել է. գոնե դե յուրե: Օտարերկրյա դիվանագետների առջեւ ընդդիմության «դիմակը պատռողներից» Էդվարդ Նալբանդյանն իհարկե չընդգրկվեց նոր կառավարության կազմում: Սակայն հունիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վարչապետին էր ներկայացրել արտաքին գործերի նախարարի տեղակալների վերաբերյալ առաջարկություններ: Այդ օրը պաշտոնավարող բոլոր փոխնախարարները վերանշանակվեցին:
Իսկ փոխնախարարներից միայն Ռոբերտ Հարությունյանն էր, որ ցուցաբերեց բարոյական հատկանիշներ եւ հրաժարական տվեց պաշտոնից: Ամենատարօրինակ կերպով մնացած փոխնախարարները համարեցին, որ կարող են մնալ հիմա էլ Փաշինյանի կառավարությունում եւ նույն պաշտոններում: Ընդ որում, ընդգծենք, որ խոսքը ոչ թե դիվանագիտական ծառայության մեջ գտնվող դիվանագետների, այլ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին է:
Եվ հետաքրքիր է, որ թավշյա հեղափոխությունից եւ նոր նախարարների նշանակումներից հետո գրեթե բոլոր փոխնախարարները փոխվեցին, սակայն արտաքին գործերի նախարարության դեպքում ընդամենը մեկ փոփոխություն եղավ: Ինչո՞ւ. այս հարցին ի պատասխան վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշեց. «Դրանք քաղաքական որոշումներ են եւ կայացվել են` հաշվի առնելով աշխատողների մասնագիտական հմտությունը եւ քաղաքական ու աշխատանքային նպատակահարմարությունը: Այսինքն, հնարավոր չի, որ բոլոր փոխնախարարները փոխվեն, որովհետեւ նաեւ կրում են ինստիտուցիոնալ հիշողություն` հատկապես արտաքին գործերի նախարարության դեպքում: Որտեղ նման բան չի եղել եւ եղել է քաղաքական նպատակահարմարություն, փոխնախարարները փոխվել են, իսկ ԱԳՆ-ի դեպքում վարչապետը նման նպատակահարմարություն չի տեսել»:
Բոլորի համար ակնհատ էր, որ դիվանագետները չպետք է կաշկանդված լինեն իրենց նախկին կեցվածքով եւ հայտնած դիրքորոշումներով, որպեսզի ավելի վստահելի խոսեն Հայաստանում ժողովրդի լայն աջակցությունը վայելող իշխանության, սկիզբ առած խորքային բարեփոփոխումների, ժողովրդավարական գործընթացների, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին: Այս ամենի մասին խոսելիս առնվազն պետք է հավատալ սեփական ճշմարտացիությանը եւ որոշակի արժեհամակարգի կրող լինել: Այս իմաստով առաջին պլան են դուրս գալիս հայեցողական պաշտոններ զբաղեցնողները, հատկապես նրանք, ովքեր մինչեւ հեղափոխությունը ընդգծված բացասական վերաբերմունք ունեին նախկին ընդդիմադիրների, նրանց առաջ քաշած պահանջների եւ դավանած արժեքների նկատմամբ:
Փորձագետներիի պնդմամբ, նոր կառավարությունը կարիք ունի բարձրաստիճան այնպիսի պաշտոնյաների, որոնք կաշկանդված չեն իրենց նախկին դիրքորոշմամբ եւ կեցվածքով եւ կարող են հնարավորինս արագ եւ արդյունավետ կերպով նյութականացնել միջազգային այն դրական իմիջը, որը, անկախ արտաքին գործերի նախարարության ջանքերից, ունի այսօր: Ավելին, տեսակետ կա, որ շատ դժվար կլինի (եթե ոչ անհնարին) նշյալ փոխնախարարներին հիմա էլ 180 աստիճան տարբերվող պատկեր ներկայացնել Հայաստանի մասին: Չէ՞ որ հենց արտաքին գործերի նախարարության վրա է դրված նոր Հայաստանի ներկայացումը, այդ փոխնախարարներն ու մնացած դիվանագետները հիմա օրուգիշեր պետք է հանդիպումներ ունենային եւ ներկայացնեին մեզանում տեղի ունեցող դրական գործընթացները, փառաբանեին նոր կառավարության քայլերը, ժողովրդի տված մանդատը, վճռականությունը, աջակցեին նոր նախաձեռնություններին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ
Երեկ ձերբակալվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ: Պարզվել է, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում: Դահլիճում արնանման հետքեր են հայտնաբերվել ու նմուշ վերցվել փորձաքննության համար: Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար, 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու եւս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է: Միջադեպին ներկա են գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տուժողի կինը՝ Լիլիթ Հակոբյանը, հայտնել է, որ իրենք վրդովված են, եւ իր ամուսնուն որեւէ մեկը չի ծեծել, այլ ամուսինը սայթաքել եւ ընկել է: Մեր այն հարցին՝ արդյո՞ք իրենց վախեցրել են, որ նա նման բան է հիմա հայտարարում, Լիլիթ Հակոբյանը հակառակն է պնդել՝ վստահեցնելով, թե որեւէ մեկը իրենց չի կարող վախեցնել, եւ նման բան չկա: Ինչեւէ, միջադեպից հետո մեզ մանրամասներ հայտնի դարձան, որ Էդուարդ Բաբայանը ձերբակալվելուց հետո իրավապահներին դեռեւս ցուցմունք չի տվել, իսկ ահա կոմիտեի շենքում գտնվող վկաները իրավապահներին հայտնել են, որ որեւէ բան ո՛չ լսել են, ո՛չ տեսել: Արդեն այս գործով ոստիկանություն է կանչվել նաեւ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս քրեական գործի նախաքննությունը տեղափոխվել է ՀՔԾ: Սակայն ենթադրվում է, որ նման հունով ընթանալու դեպքում քրեական գործը կարող է եւ կարճվել:

 

 

ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
Ավելի քան մեկ ամիս է անցել, ինչ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ քննարկում է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հնարավորությունը: Սակայն վերջնական որոշում դեռ չկա: Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ կառավարությունում քննարկումներն ընթանում են հենց էլեկտրաէներգիայի եւ գազի սակագնի կառուցվածքի առումով: Իսկ թե ինչ արդյունք կտան այս քննարկումները, նախարարությունից դժվարացան հստակ պատասխանել: Ինչպես հայտնի է, էլեկտրաէներգիայի սակագինը վերանայվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ: Եթե այս դեպքում վերանայվի, ապա դա կլինի օգոստոս ամսից հետո, քանի որ փետրվար ամսին արդեն իսկ մեկ անգամ վերանայվել ու հաստատվել է գործող սակագինը:

 

 

ԴՐԱՄԱՏԻԿ ԵՐԱՆԳՆԵՐՈՎ
Երեկ լուր տարածվեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ ՀՔԾ-ն հրավիրել է հարցաքննության մարտի 1-ի գործով։ Կարծես թե յուրահատուկ սցենարով են զարգանում իրադարձությունները։ «Ժողովուրդ» օրաթերթը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց՝ կգնա՞ Քոչարյանը հարցաքննության։ Ի պատասխան՝ Սողոմոնյանը նշեց. «Ճիշտն ասած` չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ է այդ թեման (հարցաքննության կանչել-չկանչելու) այդպիսի դրամատիկ երանգներ ձեռք բերել: Եվ ինչո՞ւ եք դա ինչ-որ յուրահատուկ սցենար համարում: Ո՞րն է խնդիրը, ես չեմ հասկանում: Ձեր կարծիքով, եթե անցած տարիներին նախաքննական մարմնի մոտ Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցեր ծագեին, ինքը հրաժարվելո՞ւ էր պատասխաններ տալ: Թե՞ ինքնին հարցաքննվելը ինչ-որ աշխարհացունց իրադարձություն է: Բացարձակապես: Հիշեցնեմ, լինելով ՀՀ գործող նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է «Հոկտեմբերի 27-ի» գործով քննիչին եւ պատասխանել է նրա հարցերին, ինչն արձանագրված է, եւ այդ զրույցը կցված է գործին (եթե չեմ սխալվում` նույնիսկ հրապարակված է մամուլում): Հիմա ո՞րն է հարցաքննության փաստի «պատմականացումը»` ես, անկեղծ, չեմ հասկանում»։
Հավելենք, որ Սողոմոնյանն «Ազատության» հետ զրույցում հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը երկրում չէ։

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի որոշումներ է ստորագրել. Անահիտ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ, Նանե Ասատրյանը նշանակվել է ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ, Լարիսա Մադոյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկակ Արշամյանը նշանակվել է վարչապետի խորհրդական, Գարուշ Դավթյանը նշանակվել է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար:

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գիտխորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանը: Հիշեցնենք, որ տնօրենի պաշտոնը թափուր է դեռ 2017թ. փետրվարից, երբ լրացել էր նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի պաշտոնավարման ժամկետը: Ըստ ՀՀ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի, այս նշանակումը 2 ամիս ժամկետով է:




Լրահոս