Armenian text to speach

Վարչապետի նոր խորհրդականը՝ իշխանական «կուլիսների» պաշտոնյան. ո՞վ է Անժելա Կժդրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Անժելա Կժդրյանը այդ պաշտոնում նշանակվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին։ Սակայն նրա անունը պետական համակարգում նոր չէ․ վերջին տարիներին նա հետևողականորեն հայտնվել է իշխանական հաղորդակցության, հանրային օրակարգի և խոշոր միջոցառումների կազմակերպման առանցքային դիրքերում։

1993 թվականի հունիսի 21-ին ծնված Կժդրյանը բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում՝ ավարտելով արևելագիտության բակալավրիատը, ապա միջազգային հարաբերությունների մագիստրատուրան։ Հետագայում ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայի Շեֆիլդի համալսարանում՝ ստանալով Executive MBA՝ մարքեթինգի ոլորտում։

Աշխատանքային ուղին սկսել է որպես Mediamax լրատվական գործակալության թղթակից։ Այնուհետև տեղափոխվել է հանրային կապերի ոլորտ՝ աշխատելով IDeA հիմնադրամում որպես հասարակայնության հետ կապերի համակարգող։ 2019-2020 թվականներին արդեն զբաղեցրել է պետական պաշտոն՝ լինելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի քարտուղար, ինչպես նաև տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ։

Կժդրյանի կենսագրությունը ցույց է տալիս հստակ մի գիծ՝ մեդիայից դեպի իշխանական հաղորդակցություն։ Տարբեր տարիներին նա ներգրավված է եղել միջազգային կառույցներում՝ աշխատելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրերում, ինչպես նաև եղել է Տեղեկատվության ազատության կենտրոնի փորձագետ։

Սակայն առավել ուշագրավ է նրա գործունեությունը 2023-2025 թվականներին, երբ նա արդեն աշխատում էր վարչապետի աշխատակազմում՝ զբաղվելով ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման բարեփոխումների ուղղությամբ։ Այսինքն՝ մինչ խորհրդականի կարգավիճակ ստանալը, նա արդեն իսկ ներգրավված էր իշխանության հաղորդակցական առանցքային գործընթացներում։ Միաժամանակ դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

Անժելա Կժդրյանի ընտանեկան կապերն էլ աննկատ չեն մնում։ Նա Հայկուհի Գյոքչյանի դուստրն է։ Վերջինս «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանության գծով փոխտնօրենն է, բժշկական գիտությունների թեկնածու։

Վերջին օրերին Կժդրյանը նաև ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր EPC 2026-ի բացման համերգից՝ նշելով, որ ամիսներ շարունակ աշխատել են, որպեսզի յուրաքանչյուր դետալ փոխանցի ճիշտ ուղերձ և ունենա հետաքրքիր գեղարվեստական լուծումներ։ Այդ գրառումը փաստացի բացահայտեց ևս մեկ հանգամանք՝ վարչապետի նոր խորհրդականը եղել է նաև այդ միջոցառման կազմակերպիչներից մեկը։

Նանիկ Աղասյան




Լրահոս