ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում երեկ հարցաքննվել է Սերժ Սարգսյանի եղբորոդու թինկապահ Արտեմ Պետրոսյանը: Հարցաքննությունը մասնավորապես եղել է Նարեկ Սարգսյանի եւ նրա թիկնապահ Արտեմ Ասատրյանի կողմից 49-ամյա տղամարդուն առեւանգելու եւ խոշտանգելու դեպքի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ Արտեմ Պետրոսյանը 49-մյա Արամի հետ բիզնես է ունեցել, որոշ ժամանակ անց Արամը հրաժարվել է համատեղ գործելուց: Հարցին «խառնվել է» Նարեկը, Արամին առեւանգել են ու խոշտանգել: Նարեկ Սարգսյանի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հաստատեց մեր հրապարակած տեղեկությունը` հավելելով, որ նա այսօր ցուցմունք է տվել .«Իմ պաշտպանյալը զանգահարել է Արամին, ասել է, որ նա չգնա Նարեկի հետ հանդիպման, սակայն Արամը, մտածելով, որ բացօթյա սրճարան է, իրեն վատ բան չեն անի, գնացել է: Իմ պաշտպանյալը այդ անձին չի հարվածել, չի ծեծել, պնդել է, որ ամեն ինչ արել է նրա օգնելու, փրկելու համար: Ավելին` հայտնեմ, որ Արտեմ Պետրոսյանը իրավապահներին խնդրել է, պահանջել, հորդորել է, որ եթե իր ու տուժած անձի ցուցմունքների մեջ հակասություն լինի, իրականացնել առերեսում»: