ՀՀ ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին գրուպ» ընկերությունը կտրուկ ավելացրել է հարկային վճարումները: Պատճառը ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակն է, երբ նոր կառավարությունը ստվերի կրճատման ուղղությամբ լուրջ քայլեր է սկսել անել:
«Ժողովուրդ» օրաթերթը պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե վճարել է 830 մլն 104 հազար 800 դրամ հարկ ու տուրք: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության պետական բյուջե կատարած հարկային վճարումները կազմել են 664 մլն 58 հազար 200 դրամ: Ստացվում է, որ 166 մլն 46 հազար դրամով նվազեցրել է հարկային վճարումները: Իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունը պետական բյուջե վճարել է 253 մլն 720 հազար 500 դրամ հարկ ու տուրք:
Ինչպես հայտնի է, Միհրան Պողոսյանի հետ է առնչվում «Քեթրին» հասարակական կազմակերպությունը: Իսկ Պողոսյանը պատգամավոր դառնալուց մոտ մեկ տարի առաջ հեռացել էր ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնից «Պանամական փաստաթղթերի» հետ կապված օֆշորային հայտնի սկանդալից հետո. ԴԱՀԿ նախկին պետը, օգտագործելով իր պաշտոնը, օֆշորային գոտիներում գրանցած ընկերությունների միջոցով բիզնես է արել ու թաքցրել եկամուտները, չնայած Պողոսյանն ինքը հերքել է այս լուրերը: Նախկին իշխանությունների օրոք այս կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել, որը հետագայում կարճվեց: Սակայն նոր իշխանությունները հայտարարեցին այդ գործը վերաբացելու մտադրությունների մասին:
Մինչ այդ, նկատենք նաեւ՝ Հայաստանում բանանի ներկրման մենաշնորհը պատկանում է հենց «Քեթրին գրուպ» ընկերությանը: Ըստ որոշ տեղեկությունների` բանանի ներկրմամբ սկսել է զբաղվել նաեւ «Մելատրոպիկ» ընկերությունը, որը փոխկապակցված է «Քեթրին գրուպ»-ի հետ: Սակայն «Մելատրոպիկ»-ը հազար խոշոր հարկատուների ցանկում ընդհանրապես տեղ չի զբաղեցրել: Ի դեպ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում վերսկսվել է «Քեթրին Գրուպ»-ի ու փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններին առնչվող քրեական գործի վարույթը: Նշենք, որ այդ ընկերությունները, որոնց հիմնադիրը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է, կասկածվում են հարկերը թաքցնելու մեջ:
Ըստ ՊԵԿ-ի` դեռեւս 2018 թվականի մայիս ամսին արեւադարձային մրգերի ներկրմամբ եւ մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաեւ «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ: Արդյունքում ՊԵԿ-ը նշված ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ է սկսելու: Հավանաբար հենց ստուգումներ իրականացնելու վերաբերյալ տեղեկություններն են ստիպել ընկերությանը, որպեսզի հարկերը ավելացնի:
Սյունէ Համբարձումյան