Գերմանիայի մի շարք քաղաքներում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 60 մարդ է ձերբակալվել, տուժել է ոստիկանության 27 աշխատակից։ Այս մասին հայտնել է Բեռլինի ոստիկանությունը X սոցիալական ցանցում։
Բեռլինում Բրանդենբուրգյան դարպասների մոտ ցերեկային ժամերին անցկացված ցույցի ընթացքում ժամանակավորապես ձերբակալվել է հինգ մարդ։ «Gen Z regelt» («Սերունդ Z-ն է որոշում») երիտասարդական շարժման նախաձեռնած ակցիան ընդհանուր առմամբ անցել է խաղաղ։
Սակայն ավելի ուշ՝ ձախ արմատականների երթի ընթացքում, բազմաթիվ իրավախախտումներ են արձանագրվել։ Ոստիկանության տվյալներով՝ թեթև վնասվածքներ է ստացել 27 ծառայող, սակայն նրանք շարունակել են ծառայությունը։
«Այս պահի դրությամբ իրականացվել է շուրջ 60 ձերբակալություն, այդ թվում՝ գույքը վնասելու, մարմնական վնասվածքներ հասցնելու, իրավապահներին դիմադրություն ցույց տալու, զենքի և պայթուցիկ նյութերի մասին օրենքները խախտելու, ինչպես նաև հասարակական կարգը խախտելու դեպքերով»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Գերմանիայի մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանությունն ապահովել է շուրջ 1500 ոստիկան։
Հոկտեմբերի 31-ին զանգվածային ցույցեր են անցկացվել Գերմանիայի ավելի քան 30 քաղաքներում, այդ թվում՝ Համբուրգում, Քյոլնում, Մյունխենում, Ֆրանկֆուրտում և Շտուտգարտում։ «Gen Z regelt» շարժման կազմակերպած երիտասարդական բողոքի ակցիաներն ընդհանուր առմամբ խաղաղ են ընթացել, սակայն երեկոյան որոշ քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում, անկարգություններ են սկսվել։
Մայրաքաղաքում ձախ արմատականների երթի ժամանակ ոստիկանների ուղղությամբ նետել են պիրոտեխնիկական միջոցներ, շշեր և ձվեր, Համբուրգում հրկիզել են բարիկադները, իսկ Քյոլնում իրավապահները ստիպված են եղել ջրցան մեքենաներ կիրառել։
























































































