Երեկ հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը պատգամավորական մանդատը վայր է դնում: Նորությունն իրապես զարմանալի էր: «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարություն տարածեց, թե Վարդան Բոստանջյանը մանդատը վայր է դնում առողջական խնդիրների պատճառով: Սակայն պատճառաբանությունն այս պահին այնքան էլ արժանահավատ չի թվում: Առավել եւս եթե հաշվի առնենք, որ նախօրեին Բոստանջյանը հարցազրույց էր տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առնչությամբ եւ բառացի նշել. «Երեւի քաղաքական հալածանքն ու հետապնդումը հոմանիշ չեն, բայց բոլոր պարագաներում կարելի է որակել որպես այդպիսին` հետապնդում: Եթե կալանավորումը պարտադիր ինստիտուտ է ներկայանում այստեղ, այն էլ` ՀՀ նախագահի մակարդակով, կարող ես մտածել, սա հետապնդում չի: Պարտադիր չի, որ խափանման միջոցն անպայման լինի կալանավորումը»: Ու հիմնավոր կասկածներ կան, որ Բոստանջյանի «պաշտոնանկության» պատճառն այս հարցազրույցն է:
Բանն այն է, որ «Ծառուկյան» խմբակցությունը Քոչարյանի կալանավորման առնչությամբ որեւէ հայտարարություն չէր տարածել: Իսկ ահա պատգամավորը, որն, ի դեպ, քաղաքական դաշտում տարիների փորձառություն ունի, հրապարակավ տեսակետ է հայտնում առանց հաշվի առնելու այդ հանգամանքը: Կարելի է եզրակացնել, որ նա դիրքորոշումը չի ճշտել կուսակցության ղեկավար կազմի հետ: Սակայն Քոչարյանի կալանավորման հարցում քաղաքական հետապնդման տարրեր տեսնող Բոստանջյանը, փաստորեն, այն նույն դիրքորոշման է, ինչ նախկին իշխանություն ՀՀԿ-ն: Պետք է նշել, որ Վարդան Բոստանջյանը մշտապես աչքի է ընկել իր իրարամերժ հայտարարություններով ու գործողություններով:
2015 թ. Սերժ Սարգսյանի կողմից Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչած հայտնի արտահայտություններից հետո նույն թվականի մարտի 11-ին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վարդան Բոստանջյանը նշել էր. «2012 թ. ի վեր, երբ ես ԲՀԿ համամասնական ցուցակում չընդգրկվեցի, հանգամանքների բերումով ստացվեց, որ այս ընթացքում գրեթե առնչություն չեմ ունեցել կուսակցության հետ: Հանդիպումները եղել են վերջին միջոցառումների ժամանակ, այսինքն` մենք այս ընթացքում առանձնապես կապ էլ չենք ունեցել միմյանց հետ»:
Գնանք ավելի հեռուն` հիշեցնելով 2010 թ. սեպտեմբերի 15-ին տեղի ունեցածը: Վարդան Բոստանջյանի եւ Վիկտոր Դալլաքյանի միջեւ սեւ կատու էր անցել: Այն ժամանակ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Բոստանջյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարել էր, թե հրաժարվում է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի որդու քավորությունից (նա Դալլաքյանի որդու հարսանիքի քավորն էր): Իսկ պատճառը հայտարարությունների ժամին Դալլաքյանի արած հայտարարությունն էր, որով նա խիստ քննադատության էր ենթարկել բարեգործներին` նրանց նույն կեղտի միջից դուրս եկած գործիչներ անվանելով: «Միթե կարելի է բարեգործ անվանել այն մարդուն, ով տալիս է ոչ թե օգնելու համար, այլ փոխարենը կրկնակին ստանալու ակնկալիքով»,-ասել էր Դալլաքյանը: Վերջինիս հայտարարությունը ԲՀԿ-ական պատգամավորները վերագրել էին իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Եվ Բոստանջյանը, լինելով Դալլաքյանի որդու` Երվանդ Դալլաքյանի հարսանիքի քավորը, ԱԺ-ում հայտարարել էր. «Ինձ չափազանց վշտացրեց Դալլաքյանի` նույն կեղտի միջից դուրս եկած գործիչներ արտահայտությունը, քանի որ որպես ԲՀԿ խորհրդի անդամ եւ պատգամավոր` ես պաշտպանում եմ կուսակցության մոտեցումներն ու սկզբունքները: Դալլաքյանի կողմից նման պիտակի արժանանալու դեպքում այլեւս անպատվաբեր եմ համարում շարունակել Դալլաքյանների ընտանիքի հետ իմ համոզմամբ եւ Աստծո օրհնությամբ ստանձնած սուրբ գործը»: Ավելի ուշ հարցին, թե ինչպես կարող է հրաժարվել եկեղեցում` Աստծո առջեւ ստանձնած իր առաքելությունից քաղաքական նկատառումներով, Բոստանջյանը նշել էր. «Բոլորը պագալովնի գրեշնիկ են, մի քիչ էլ թող ես գրեշնիկ լինեմ»: Տարիներ անց, իհարկե, Բոստանջյանն ու Դալլաքյանը հաշտվեցին, բայց կատարվածի սպիները դեռ մնում են:
Ի դեպ, եթե հիշում եք, Բոստանջյանն այս տարվա ապրիլի 17-ին ԱԺ-ում կողմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությանը: Իսկ արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարել էր, թե «սխալվել եմ, հանգամանքների բերումով է ստացվել»: ՈՒ նա ավելի ուշ նույն ջանասիրությամբ ողջունել էր վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունը:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀԿ-ԱԿԱՆ ՏՆՕՐԵՆԸ` ՄԵՂԱԴՐՅԱԼ
Գյումրիի թիվ 19 դպրոցում չարաշահումներ են բացահայտվել: Աշակերտների ցուցակներում եւ դասամատյաններում՝ որպես տարբեր դասարանների աշակերտներ գրանցված են թվով 16 անձանց տվյալներ, ովքեր, սակայն, դպրոց չեն հաճախում եւ չեն մասնակցում դասապրոցեսներին:
Բացահայտումները եղել են Շիրակի մարզպետարանի կողմից իրականացված ներքին աուդիտի արդյունքում: Մոտ մեկ ամսվա ընթացքում համապատասխան հանձնաժողովը կատարել է ուսումնասիրություններ ու ձեռք բերել փաստեր, որոնց հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշենք, որ այս դպրոցի տնօրենը Նարինե Մեսրոպյանն է, ՀՀԿ անդամ է: Վերջինս նաեւ Գյումրու ավագանու անդամ է եղել: Տիկին Մեսրոպյանն ընտրությունների ժամանակ ակտիվ մասակցել ու գործել է ՀՀԿ օգտին`իր ղեկավարած դպրոցում լինելով ընտրական հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար: Նարինե Մեսրոպյանը դպրոցը ղեկավարում է մոտ 10 տարի: Տնօրեն է դարձել այն տարիներին, երբ մարզում կրթության վարչությունը ղեկավարում էր ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ Սահակ Մինասյանը, եւ համարվում է նրա հավատարիմ կադրերից մեկը:
Շիրակի մարզպետարանի կրթության վարչություն բողոքներ բազմիցս են եղել: Նախատեսվել է աուդիտը սեպտեմբերին իրականացնել, սակայն որոշ հանգամանքների բերումով գործընթացը արագացվել է. «Հուլիսի 10-ին արդեն աուդիտը եղել է դպրոցում: Կրթության նախարարն է մեզ տեղյակ պահել խնդրի մասին, մենք ինքներս էլ գիտեինք, բայց թե ինչ կոնտեքստում էր, չգիտեինք: Ուզում էինք սեպտեմբերին անել, բայց բողոքներն ու ասեկոսները ստիպեցին արագացնել գործընթացը: Մեկ երեխան պարզվեց՝ ճանաչում էինք ու հստակ գիտեինք, որ երեխան երեք ամիս Հայաստանում չէ: Դրանից հետո հասկացանք, որ օրենք է խախտվել: Այդ երեխան ընդամենը 4 բացակա ուներ: Հստակ էր, որ կար կեղծիք: Գործըմենք արդեն հանձնեցինք դատախազությանը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը:
Վերջին ժամանակահատվածում էլ դպրոցի տնօրեն Մեսրոպյանը առանց զգուշացնելու արձակուրդի մեջ է եղել: Միայն աուդիտի մեկնարկից հետո է վերջինս ներկայացել դպրոց, այդ մասին տեղեկատվությունը հաստատեց նաեւ փոխմարզպետը. «Առանց թույլտվություն վերցնելու, առանց զգուշացնելու բացակայում էր դպրոցից,ըստտնօրենի մեկնաբանության՝ պայմանավորված առողջական խնդիրներով: Դա իհարկե դարձավ երկրորդային: Նա դեռ բացատրություն չի տվել, կարծում եմ` իրավապահները ամեն ինչ կպարզեն»,- ավելացրեց փոխմարզպետը:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի
ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԴԵՊԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՏԱՆՈՂ ՇԼՅՈՒԶՆԵՐԸ ԲԱՑԵԼ
ՀՀ Շիրակի մարզում ջրային բացթողումները շարունակում են մտահոգել: Բանն այն է, որ դեպի Ախուրյան գետ տանող շլյուզները փակված են, որովհետեւ ջուրը բաց է թողնվում դեպի Կառնուտի ջրամբար Ախուրյանի ջրամբարի փոխարեն: Իսկ կատարվածը ծանր հետեւանքներ կարող է ունենալ նաեւ Արարատյան դաշտավայրի գյուղացու համար:
Նկատենք, որ Արփի լիճն ապահովում է Շիրակի մարզի ցանքատարածությունների ոռոգման ջրային ծավալի 90 տոկոսը: Դրանից զատ, Արփի լճից դոտացիոն կարգով ջուր է բաց թողնվում մարզի այլ ջրամբարներ եւս, մասնավորապես` Կառնուտի ջրամբար: Իսկ Կառնուտի ջրամբարում ջուր կուտակելու արդյունքում Ախուրյանի ջրամբարը շարունակում է դատարկ մնալ: Եւ սա այն դեպքում, երբ Արմավիրի, Արարատի մարզերի գյուղերի մի քանի հարյուրավոր բնակիչներ այս տարի եւս ոռոգման ջրի խնդրի առաջ են կանգնած: Բայց պարզվում է, որ Շիրակի մարզում ջրային բացթողումները` «ջրային իշխանությունը», «Շիրակ» ՋՕԸ-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանի ձեռքում է: Խոսքը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր մասին է: Տեսակետ է շրջանառվում, որ Կառնուտի ջրամբար այս ընթացքում նախատեսվածից ավելի քանակությամբ ջուր է բաց թողնվում, որը հետագայում ինչ-ինչ ճանապարհներով «վաճառվում է»: Սա բնականաբար չի վերահսկվում, եւ այդպես էլ անհայտ է մնում, թե որտեղ են կորչում այդ ջրերը: Այն, որ Կառնուտի ջրամբար նախատեսվածից ավելի քանակությամբ ջուր է բաց թողնվում, այդ մասին է վկայում Վահրամաբերդ-Կապսի գյուղերի կամուրջի ծանրացած լինելը: Բաց թողնվող ջրի մեծ ծավալի պատճառով Շիրկանալը հնարավոր է չդիմանա, այն կանգնած է փլուզման վտանգի առաջ:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը արձանագրել է նաեւ, որ Շիրկանալից ներքեւ ընկած հատվածում դիտակետեր տեղադրված չկան: Մինչդեռ դրանց առկայության դեպքում հնարավոր կլիներ վերահսկել ջրի բացթողման չափը դեպի Ախուրյանի ջրամբար: Ավելին` տեսակետ է շրջանառվում նաեւ, որ փաստաթղթերում դեպի Ախուրյանի ջրամբար ջրի բացթողման այլ թվեր է ներկայացված, իսկ իրականում այլ: Ըստ որոշ տեղեկությունների` հենց այս թեմայի շուրջ «Շիրակ» ՋՕԸ տնօրեն Ռուստամ Գրիգորյանը օրեր առաջ հայտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում: Անգամ ջրային տնտեսության պետական կոմիտեում են քաշքշուկներ սկսվել «ջրերը վաճառելու մասով»:
Սակայն ինքը` «Շիրակ» ՋՕԸ տնօրեն Ռուստամ Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ տեղյակ չէ, որ ինքը իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել: «Չկա նման բան, ինձ ջրի կորուստների մասով հարցաքննության չեն հրավիրել: Ավելին` մենք այս պահին Կառնուտի ջրամբարի ջրի կորուստի խնդիր չունենք: Կառնուտի ջրամբարում եղած ջուրը վերահսկվում է, ստուգող համակարգ կա եւ Կառնուտի ջրամբարից ջրի ելքի եւ մուտքի վրա: Իսկ եթե ես Կառնուտի ջրամբարը ջրով չապահովեմ, ապա Շիրակի մարզի Ազատան, Արեւիկ, Այգաբաց, Բայանդուր, Բենիամին գյուղերը կմնան առանց ջրի: Էդ իմ կապրիզը չէ, որ Կառնուտի ջրամբարը պետք է լցվի»,- արդարացավ Ռուստամ Գրիգորյանը: Ապա հայտարարեց, որ այս պահին Կառնուտի ջրամբարը բավարար լցված է: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` եթե Կառնուտի ջրամբարը բավարար լցված է, ապա ինչու շլյուզները չի բացում, որպեսզի ջուրը գնա դեպի Ախուրյանի ջրամբար: «Մենք շլյուզների վրա նստած չենք: Ախուրյան տանող շլյուզները փակված են, բնականաբար, ես պետք է փակեմ, որ իմ ջուրը գա, Շիրկանալի ներքեւի հողերին ես ջուր տամ: Ինչ է, ջուրը վերցնեմ, շլյուզները բացեմ, որ հոսի դեպի Ախուրյան: Ես չեմ կարող բացել այդ շլյուզները, էդ ջուրը ես գնում եմ «Ջրառ»-ից, մենք ջրի համար վճարում ենք: Բոլոր վաճառված ջրերը օրինական կարգով մուտքագրվել են մատյաններում, համակարգչում. գյուղացին վճարել է ջրի դիմաց, եւ բոլոր կտրոնները կան»,- ասաց նա: Ահա թե ով է որոշում շլյուզները բացել կամ փակել: Իսկ նրա այս ինքնուրույն որոշումների հետեւանքով Արմավիրի եւ Արարատի մարզերի հարյուրավոր գյուղացիներ են տուժում: Հուսանք` Ռուստամ Գրիգորյանի նման գործելաոճը նոր կառավարության կողմից չի անտեսվի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ